Արցախցի գործիչ Արթուր Օսպիյանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հետո կալանավորվել է, կալանավայրում շարունակում է հացադուլը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Անազատության մեջ գտնվելով՝ Արթուր Օսիպյանը շարունակում է իր պայքարը եւ հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանն իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։ Արթուր Օսիպյանը պահվում է խոնավ պայմաններում, զրկված է արեւի լույս տեսնելու հնարավորություններից։ Մնացած բանտախցերի պայմանները զգալիորեն լավ են, քան այն բանտախցի պայմանները, որտեղ պահվում է Արթուր Օսիպյանը»,- ֆեյսբուքի եթերում ասել է փաստաբանը։

Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել մայիսի 21-ին։

Հիշեցնենք, Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև թեժ բանավեճ էր սկսվել, Օսիպյանը հարց էր տվել Ղարաբաղի թեմայով, վարչապետն արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով: Ժամեր անց ոստիկանությունը Օսիպյանին ձերբակալել էր:

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ՝ խստորեն դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը:

Pin It on Pinterest