Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում 2026թ. հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը: Նման բառապաշարի օգտագործումը չի նպաստում հանրության համար էական հարցերի շուրջ բովանդակային քննարկման և առողջ բանավեճի կայացմանը: Ավելին, պետական կառավարման բարձրագույն պաշտոնների հավակնող անձանց կողմից օգտագործվող խոսույթը ընդօրինակվում է հասարակության անդամների կողմից, ինչը վտանգում է հասարակական այլ հարաբերություններում խոսքի սրման և նպաստում է հասարակության էլ ավելի բևեռացման:
Հատկապես անընդունելի և խնդրահարույց է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հրապարակային վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, հայհոյախոսություններ և բռնության սպառնալիք հանդիսացող խոսույթի օգտագործումը, քրեական արդարադատության գործիքակազմի կիրառման ակնարկներն ու սպառնալիքը, ինչը հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը և ընկալվում է որպես իշխանական դիրքի չարաշահում:
Միաժամանակ, հանրային և քաղաքական երկխոսության նման պայմաններում շարունակում է մտահոգիչ լինել քաղաքական նպատակահարմարությամբ և ընտրովիորեն՝ գործող իշխանության ներկայացուցիչներին ուղղված լինելու դեպքում, առանձին անձանց խոսքի ազատության իրավունքի սահմանափակման և պատժման նպատակով քրեաիրավական գործիքակազմի կիրառման պրակտիկան, այդ թվում՝ ոչ համարժեք քրեական հանցակազմերով խոսքի որակմամբ և մեղադրյալների նկատմամբ կալանավորման կիրառմամբ: Միևնույն ժամանակ այլ թիրախ խմբերին ուղղված ատելության խոսքի և խտրականության արձագանքը իրավասու մարմինների կողմից հապաղում է։
Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, իսկ քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց, հակառակ դեպքում այն կրում է պատժիչ բնույթ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
- Քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,
- Հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից և պահպանել վարքագծի և բարեվարքության կանոնները՝ ձեռնպահ մնալով հասարակության շրջանում հանրային իշխանության հեղինակազրկումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,
- Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն բոլոր դրվագներով, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչների խոսքի առնչությամբ՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ հանրային խոսքի քրեաիրավական որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,
- Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, պատշաճ ջանասիրություն ցուցաբերել մեղադրյալին վերագրվող հանցանքի ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում, ինչպես նաև խոսքի ազատության միջազգային չափանիշների հիման վրա
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: