Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Բժշկական հետազոտություններից հետո այսօր այս տեղեկությունը հրապարակեց փաստաբանը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ պնդել էր, թե տղան այդ հարվածից անգամ վնասվածք չի ստացել: Իրավապահները չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը: Քննությունն ընթանում է միայն երկվորյակ եղբայրների և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի մասով:

Գլխավոր դատախազն այսօր հրաժարվեց ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիներին։ Աննա Վարդապետյանը ո՛չ ներքև իջավ, ո՛չ էլ որևէ մեկին ուղարկեց՝ լսելու 150 քաղաքացիների ստորագրությամբ նամակի հեղինակներին:

«Ոչ, չընդունեց, մեզ հասարակ մահկանացուներիս չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար չընդունեց»,- ասում է Աննա Հովհաննիսյանը, ով Դավիթի ազատության համար այսօրվա հավաքն էր կազմակերպել:

Հովհաննիսյանը նշում է. «Եթե ինչ-որ բան պատահի Դավիթի հետ, էս ամեն ինչը թե՛ ի պաշտոնե, թե՛ մարդկային, իրենց խղճի վրա է»:

Հավաքի մասնակիցները հենց գլխավոր դատախազության շենքի մոտ էլ միացան ստորագրահավաքին: Սրանից առաջ էլ օնլայն ստորագրահավաք էր եղել հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Արթուր Ծուլիկյանը երկվորյակ եղբայրներին վաղուց է ճանաչում:

«Տղաներից մեկը մարկետինգով էր հետաքրքրված, մյուսը՝ ինտերնետային տեխնոլոգիաներով, տարբեր նորարարական տեխնոլոգիաներով և այլն: Շատ լավ տղաներ են, շատ կիրթ: Այդքան դաժան վերաբերմունք չարժի, էդքան դաժան պատիժ չարժի իրենց»,- ասում է Արթուր Ծուլիկյանը:

Գլխավոր դատախազին ուղղված նամակում ներկայացվում էր ավագ դպրոցի աշակերտի առողջական վիճակը, կալանավորվելուց հետո ուսումն ընդհատելու խնդիրը: Ստորագրահավաքին միացած «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը կարծում է՝ ազատության մեջ պատանին իրենից վտանգ չի ներկայացնում: Ալավերդյանի խոսքով.- «Իմ համոզմունքն է, որ կալանքը պետք է կիրառվի որպես խափանման միջոց շատ ծայրահեղ դեպքերում, այն դեպքերում, եթե ուղղակի անհնար է ուրիշ ձևով կասեցնել մարդու վտանգավոր գործունեությունը, ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում այդ երիտասարդը, այցելելով պատարագների և սովորելով և իր վերջին զանգն անցկացնելով, այդպիսի մեծ վտանգ է ներկայացնում մեր հասարակությանը»:

Այն, որ դատախազությունը հակված չէ անսալու փաստաբանների ու Դավիթի ընկերների դիմումներին, պարզ է դառնում նրանց ներկայացրած Վերաքննիչ բողոքից: Չնայած առաջին ատյանի դատարանը երկամսյա կալանք և տեսակցությունների արգելք է սահմանել, դատավորը, միաժամանակ, եզրահանգել է, որ ազատության մեջ տղան փախուստի չի դիմի, նոր հանցանք չի գործի: Բայց դատախազությունն այդպես չի կարծում և բողոքարկել է: Փաստացի, ստացվում է, դեմ են, որ պատանին ազատ արձակվի կալանքից:

Սուրբ Աննա եկեղեցում պատարագի մասնակցող երկվորյակ եղբայրները ձերբակալվեցին վարչապետի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները, ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած և վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։

Ազատություն Ռ/Կ

 

Pin It on Pinterest