Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման: Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:

Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա։

Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18, Լևոն Բալայանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահների և 2023-ի սեպտեմբերին գերեվարված մյուս արցախցի գործիչների դեմ հարուցված քրեական գործով վերջին դատական նիստը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին։ Այդ նիստից հետո գործը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման, կտտանքների և այլն: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն առանձին է ընթանում:

Ադրբեջանում հայերի դատավարությունները բացառապես լուսաբանում են պետական լրատվամիջոցները։

Pin It on Pinterest