Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնում է ոչ միանշանակ, հայտարարում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը՝ 2025-ի զեկույցում, մանրամասնելով՝ մի կողմից իշխանությունները շարունակում են բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ուղղությամբ, մյուս կողմից պահպանվում են լուրջ մտահոգությունները մարդու իրավունքների, այդ թվում՝ պետության կողմից ուժեղացված վերահսկողության, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ։

Ոստիկանական չարաշահումների մասին

Քաղհասարակության ներկայացուցիչները առանձնացրել են հատկապես ոստիկանական չարաշահումների դեպքերով տեղի ունեցած անարդյունավետ հետաքննությունները, դատական անկախության բացակայությունը և նախնական կալանքի՝ չափից շատ կիրառումը քրեական դատավարությունների ժամանակ։

Զեկույցը որպես օրինակ է բերում անցած հունիսին իշխանական ձայներով ընդունված օրենսդրական փոփոխությունը, որով ոստիկանությանը հնարավորություն տրվեց ուղիղ և ըստ պահանջի հասանելիություն ստանալ պետական և քաղաքային մարմինների, կայանատեղիների, շտապօգնության ծառայությունների և օդանավակայանների կողմից շահագործվող տեսահսկման համակարգեր:

«Օրենքը բավարար երաշխիքներ չունի անձնական տվյալների պաշտպանության համար», — փաստում է Human Righst Watch-ը, հավելելով՝ առանց հանրային քննարկման ընդունված օրենքը լիազորում է քաղաքային իշխանություններին հետազոտել իրենց իրավասության տակ գտնվող տեսանյութերը, և ոստիկանության հետ կիսել շահույթը, եթե այդ տվյալների ուսումնասիրմամբ հայտնաբերվեն տուգանքի ենթակա իրավախախտումներ։

Լրատվամիջոցների ազատության սահմանափակումների մասին

Մամուլի ազատության մասով միջազգային իրավապաշտպան խումբն արձանագրում է, որ 2025-ի առաջին վեց ամիսներին տեղական լրատվամիջոցների պաշտպանության խումբը գրանցել է լրատվամիջոցների նկատմամբ իրավապահների կողմից ֆիզիկական բռնության չորս և այլ տեսակի ճնշման 61 դեպք, այդ թվում՝ սպառնալիքներ և վիրավորանքներ։ Նույն ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ 29 նոր դատական հայց է ներկայացվել՝ զրպարտության մեղադրանքով, դրանցից 15-ը՝ մոտ 50 տոկոսը՝ պետական մարմինների կամ ներկա ու նախկին պաշտոնյաների, վեցը՝ մասնավոր բիզնեսների կողմից։

Հաշմանդամություն ունեցող անձանց, կալանավորների և Ղարաբաղից տեղահանվածների մասին

Զեկույցն ընդգծում է, որ առայժմ չկան նաև համապարփակ ծրագրեր՝ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար, այն դեպքում, երբ դատարանները շարունակում են սահմանափակել նրանց սեփական իրավունքները պաշտպանելու կարողությունը։

Փաստելով, որ 2025 թվականի առաջին կեսին, ըստ հաղորդումների, վեց մարդ է ինքնասպան եղել քրեակատարողական հիմնարկներում, զեկույցն արձանագրում է՝ մեծ մասն ունեցել է հոգեսոցիալական խնդիրներ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ կալանավայրում արձանագրված ինքնասպանության որևէ դեպք արդյունավետորեն չի հետաքննվել:

Լրատվամիջոցների, արդար դատաքննության ու գենդերային հավասարության խնդիրներին զուգահեռ՝ զեկույցը փաստում է, որ անցած տարի Հայաստանի իշխանությունները խնդիր ունեին նաև Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի սոցիալական պաշտպանությունը ապահովել։ Արձանագրելով, որ կառավարությունն անցած տարի աստիճանաբար դադարեցրել է աջակցությունը վարձակալության փոխհատուցման ծրագրին՝ Human Righst Watch-ը հավելում է՝ կառավարությունը միջոցներ ուղղեց՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին, ուսանողներին ու տան կերակրողին կորցրած ընտանիքներին օգնելու համար։ Այս մոտեցումը, սակայն, տեղահնվածներից շատերին մենակ թողեց կացարանի վարձն ու հիմնարար կարիքները բավարարելու դժվարության առաջ։

Զեկույցի՝ Ադրբեջանի վերաբերյալ հատվածում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է՝ «չնայած ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը որևէ էական քայլ չի ձեռնարկել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունքը երաշխավորելու կամ նրանց սեփականության իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Ազատություն ռ/կ կայքէջից

Pin It on Pinterest