Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը այսօր Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ Փաշինյանը հավելել է. «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այս մասին հայտարարել է նրա դուստրը՝ նշելով, որ հայրը այնտեղ բուժում կանցնի։

Ինչի՞ դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները. Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։ Այսօր Արդարադատության նախարարությունը հաղորդեց՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Արցախցի զինվորականներն էին գերեվարել սիրիացի այս երկու վարձկաններին։

Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ տեղի ունեցավ անհամաչափ գործարք։ Հայաստանում պատիժ կրող վարձկանները հանցագործներ են, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերը ապօրինի էին այնտեղ։ Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ սիրիացի վարձկանների լծակը հայկական կողմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել։

«Երկու վարձկանների հանձնման դիմաց հայկական կողմը գոնե տասնյակից ավելի հայ բանտարկյալների պետք է կարողանար վերադարձնել: Ադրբեջանական կողմն առողջական խնդիրներ ունեցող անձանց պատասխանատվությունը փոխանցեց հայկական կողմին», — Ազատություն ռադիոկայանին ասել է իրավապաշտպանը:

Հայ գերիները ոչ թե մարդասիրական տրամաբանությամբ, միջազգային իրավունքի հիման վրա են հայրենադարձվում, այլ գործարքների, շեշտեց Սիրանուշ Սահակյանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ըստ նրա, այս պահին գործարքի միակ առարկան։

Pin It on Pinterest