29-ամյա Հարություն Օհանյանի վերջին լուսանկարը Աստղիկ ԲԿ-ից, որը եղբոր՝ Ռոմանի ձեռքում է։ Ռոմանի ստորին վերջույթներից կտրել են որոշ մասեր ու տեղադրել Հարությունի մաշկի վրա՝ փրկելու հույսով. «Ոտքիս վերքերը դեռ հիշեցնում են եղբորս կորստի մասին, բայց շարունակում եմ աշխատել, որ մեր ծնողներին պահեմ»։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Հայկազովի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Հարությունն այնտեղ էր, ինչի հետևանքով ստանում է ծանր այրվածքներ։ Հարությունի մայրը՝ Իռան, երկար դադարներով է պատմում որդու հետ կատարվածը, երբեմն միջամտում է եղբայրը՝ Ռոմանը, ցույց տալով դերմոպլաստիկայից (մաշկի փոխպատվաստում)  հետո իր ոտքերի լուսանկարները. «Եղբորս մաշկի 75 %-ը այրվել էր, բավական լուրջ վնասվածնքեր էր ստացել։ Ոտքերիս մաշկից որոշ հատվածներ կտրեցին, փոխպատվաստեցին, որից հետո իրեն ավելի լավ էր զգում, խոսում էր, գիտակցության էր եկել։ Իր մահը շատ անսպասելի էր բոլորիս համար», ասում է եղբայրը։ 

Ռոմանի ոտքերի լուսանկարը՝ վիրահատությունից հետո 

Պայթյունից հետո երկու օր անց, Հարությունին ուղղաթիռով ուղարկում են Հայաստան։ Սկզբում նա բուժում է ստանում Աստղիկ ԲԿ-ում, հետո տեղափոխում են Այրվածքաբանական ազգային կենտրոն, ապա նոյեմբերի 21-ին, կրկին տեղափոխվում է Աստղիկ ԲԿ-ը. «Հիվանդանոցում վիճում էին, թե ում հիվանդ է որդիս, վերջապես տեղափոխեցին Աստղիկ ԲԿ-ը, որ բուժումը շարունակեն։ Մոտ մեկ ամիս Հարությունը մնացել է այստեղ։ Վիճակը գնալով լավանում էր, անգամ մի օր անկողնու մեջ նստեց, ասաց, որ ուզում է քայլել։ Դեկտեմբերի սկզբին իր մոտ բարդություններ նկատեցինք, դեմքին գրեթե գույն չկար», հիշում է մայրը։ 

Հարությունի 30-ամյակից 3 շաբաթ առաջ, դեկտեմբերի 8-ին, գրանցվում է սրտի կանգ. «Այդ առավոտ ես պատրաստվում էի նրա մոտ գնալ, թարմ հյութ էի պատրաստել ու տաք ճաշ։  Արդեն դուրս էի գալիս տնից, երբ ինչ-որ մեկը զանգեց ու ասաց. «Եկեք ձեր տղայի դիակը տարեք հիվանդանոցից»։ 

Հարությունի հուղարկավորության լուսանկարը՝ մոր, Իռայի ձեռքում 

Ընտանիքի համար զանգը եղել է անսպասելի, քանի որ կարծել են, թե Հարությունի վիճակը գնալով լավանում է։ Օհանյանների ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե ինչից է մահացել Հարությունը. «Իր վիճակը գնալով լավանում էր։ Մեզ հետ խոսում էր, կատակներ անում։ Հիվանդանոցում ասացին, որ ինչ-որ վիրուսից մահացել է։ Մեզ դեռ որևէ մեկը  չի ասել, թե հստակ ինչ վիրուս է եղել։ Մեզ նաև ասել են, որ հնարավոր է կրակ է կուլ տվել, դրանից էլ մահացել է», ասում է տիկին Իռան։

Տիկին Իռան որդուն վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 7-ին, երբ նրան տանում էին վերակենդանացման բաժանմունք. «Իր վրա արդեն սարքեր կային, ինձ էր նայում։ Ոչինչ ասել չէր կարողանում։ Երբ վերջին անգամ տեսա՝ լաց էր լինում, ոնց-որ ինձ հիաժեշտ էր տալիս», հիշում է մայրը։ 

Հարությունի շիրմաքարը՝ Ռանչպար գյուղում

Ընտանիքը Հարությունին հուղարկավորել է Ռանչպար գյուղում, քանի որ Երևանում չեն կարողացել տեղ գտնել. «Մահվան վկայականը երկար ժամանակ չէին տալիս, երբ կարողացնանք վերցնել, մի կերպ տեղ գտանք գյուղում, որտեղ քույրս հատատվել էր։ Հուղարկավորությունից որոշ ժամանակ անց, ինձ հետ կապվում են ու ասում, որ պետք է արտաշիրիմում անենք, քանի որ գյուղում գրանցում չունենք և չի թույլատրվում Հարությունի մարմինը պահել գյուղի գերեզմանատանը։ Ծնողը ինչպե՞ս կարող է մի քանի անգամ հուղարկավորել իր երեխային։ Պատկերացնում ե՞ք։ Մի կերպ քրոջս անունով մահվան վկայական ենք հանել, որ թույլտվություն տան գյուղում գերեզման ունենալ», ասում է տիկին Իռան։  

Մեր տնից տղաներիս զինվորական հագուստները վերցրի ու Հարությունի սրբիչը , հետո դուրս եկանք 

Տիկին Իռայի ձեռքերում՝ Հարությունի սրբիչը

Օհանյանների ընտանիքը 2020 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանվել ու բնակություն էր հաստատել Ստեփանակերտում։ Հարությունը առողջական խնդիրների պատճառով ազատվել էր ժամկետային ծառայությունից, սակայն 44-օրյայի ժամանակ կամավոր հիմունքներով մասնակցել է պատերազմական գործողություններին և մինչև վերջին օրը մնացել Լիսագորի դիրքերում։ Երբ սկսվում է 2023 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմը, Հարությունը օգնության է հասնում ապաստանում մնացած կանանց և երեխաներին. «Ծածկոցներ ու ներքնակներ էր գտել-բերել երեխաներին, այստեղից-այնտեղից ուտելիք ու ջուր էր հայթայթել, երեխաների հետ էր խաղում, զբաղեցնում նրանց», հիշում է Հարությունի հայրը՝ Ռոբերտ Օհանյանը։ 

Մեջտեղում՝ Հարությունը

Տիկին Իռան այսօր էլ հիշում է սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի մանրամասները։ Ընտանիքը պատրաստվում էր դուրս գալ Ստեփանակերտից, մեքենա չունեին, պետք է սպասեին ավտոբուսներին.  «Ռոմանը հանկարծ զանգ է ստանում անծանոթ համարից. Հարությունն էր։ Ասում է, որ ուժեղ պայթյուն է եղել ու ինքն էլ ծանր այրվածքներ է ստացել, գնում է հիվանդանոց»։ 

Հարությունը Հայկազովի պահեստ գնացել էր ընկերոջ համար բենզին բերելու։ Սկզբում եղբայրը չի հավատում, այնուհետև ծնողների հետ գնում է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղի ընդունարանում էլ գտնում են Հարությունին։ Տիկին Իռան ասում է՝ անգամ ամենավատ երազում հնարավոր չէր պատերացնել այն տեսարանները, որոնց ականատես են եղել այդ օրը. «Ես գոռում էի իր անունը։ Պատահական տեսա որդուս, կիսամերկ էր, բայց գիտակցություն ուներ, անգամ խոսում էր ինձ հետ», ասում է մայրը։ 

Հարությունը՝ Աստղիկ ԲԿ-ում

Հիվանդանոցում տիկին Իռան չի լքել որդուն, տուն չի գնացել։ Երկու օր սպասելուց հետո Հարությունին ուղղաթիռով ուղարկում են Հայաստան, նույն օրն էլ ընտանիքը լքում է Արցախը՝ Հարությունին միանալու հույսով։ 

Բուժումը սկսելուց մեկ շաբաթ անց բժիշկները հայտնում են, որ պետք է հեռացնեն Հարությունի մատերից մեկը, ապա մեկ ամիս անց՝ մարմնի մասերի փոխպատվաստման անհրաժեշտության մասին. «Մենք որևէ հարց չտվեցինք, թե ինչու պետք է կատարեն միջամտությունները։ Ես ուզում էի, որ իմ որդին փրկվի։ Մյուս որդիս դոնոր դարձավ, վիրահատությունները բարեհաջող էին անցել», հիշում է մայրը։ 

Հարությունը՝ զինվորական հագուստով 

Փոխպատվաստման վիրահատությունը անցնում է բարեհաջող, բժիշկները հույս են տալիս, որ շուտով Հարությունը կսկսի քայլելը. «Ռոմանի ԴՆԹ-ն համընկնում է ու կատարում են վիրահատությունը։ Վիճակը շատ լավ էր նոյեմբերին։ Մեկ ամիս անցավ ու մեզ ասացին, որ ինչ -որ վիրուսով է վարակվել։ Մի օր էլ զանգեցին, թե Հարությունն այլևս չկա։ Դագաղը փակ բերեցին, ինձ չթողեցին, որ վերջին անգամ տեսնեմ որդուս։ Այդպես էլ, դեկտեմբերի 10-ին հուղարկավորեցինք», ասում է մայրը։ 

Հարությունի վերնաշապիկը՝ եղբոր ձեռքում

Հարությունի վերնաշապիկը՝ եղբոր ձեռքում

Այս տարիների ընթացքում ընտանիքը մտածել է հիվանդանոցին դատի տալու մասին, բայց մայրը ետ է կանգնել մտքից, ասում է՝ ինչ էլ անեն, իր որդուն հնարավոր չէ վերադարձնելը։ Այժմ ընտանիքը սփոփվում է Հարույթունի մասին հիշողություններով ու լուսանկարներով.   «Որդիս հաճախ երազիս գալիս է, զրուցում է հետս։ Ինքն իմ հետ շատ կապված էր։ Շատ եմ կարոտում, օրվա մեջ մի քանի անգամ միացնում եմ իր մասնակցությամբ տեսանյութներն ու լսում եմ ձայնը։ Ես դեռ հույս ունեմ, որ մի օր արդարություն կլինի ու ինձ կասեն, թե ինչից է մահացել որդիս», ասում է տիկին Իռան։  

Շուշան Փափազյան

Pin It on Pinterest