Հայաստանում կան համայնքներ, որտեղ գյուղացիները, գինեգործներն ու էկոտուրիզմի կազմակերպիչները ստիպված են պարբերաբար, գրեթե ամեն ամիս պայքարի բռնվել տարբեր ընկերություններով հանդես եկող պոտենցիալ հանքարդյունահանողների հետ՝ սեփական բերքը ծանր մետաղների ու փոշու աղտոտումից փրկելու համար։
Թանկարժեք մետաղներով և հանքանյութերով հարուստ Հայաստանի ընդերքը հանգիստ չի տալիս հանքարդյունաբերողներին, որոնք պարբերաբար փորձում են երկրում մեծ ու փոքր նոր հանքեր բացել։ Իսկ յուրաքանչյուր նոր հանք նշանակում է աղտոտված խմելու ջուր, օդ ու հող բավական մեծ տրամաչափով, և որպես դրա հետևանք՝ գրեթե մեռած գյուղատնտեսություն ու խոշտանգված բնություն։

Վեդու ավագանու շրջադարձը
2025թ. նոյեմբերի 19-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանին՝ համայնքապետ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ, կողմ քվեարկեց հանքարդյունահանման նպատակով Կարմիր սարում փորձագիտական հետազոտություններ իրականացնելուն։ Նախկինում մի քանի անգամ նույն ավագանին դեմ էր եղել Կարմիր սարում հանքարդյունաբերական ծրագրերին։
Ավագանին քննարկում էր «Օրդ գրուպ»-ի կողմից ներկայացված Գինեվետ բնակավայրի Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքարդյունահանման ծրագիրը։ Ծրագիրը նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում, 25-35 մլն դրամի ներդրումով։ Սա տեղի ունեցավ անգամ հանրային լսումներից հետո, որտեղ համայնքը հստակ դեմ էր արտահայտվել։
Համայնքը վճռական դեմ է
Կարմիր սարը գտնվում է Արարատի մարզում՝ շրջապատված 7 գյուղերով։ Այս սարը դարձել է հանքարդյունաբերողների թիրախ՝ դրա կրաքարի և ցեմենտի արտադրության պոտենցիալի պատճառով։ Սակայն համայնքները ակտիվ դիմադրում են։
«Գյուղատնտես լինելով ես միանշանակ հասկանում եմ, ինչ վնասներ է պատճառելու հանքարդյունաբերությունն ու ցեմենտի գործարանի շահագործումը։ Մարդկանց մի խումբ ուզում է հարստանալ 7 գյուղերի հաշվին։ Վնասների չափը, որ պատճառելու է, անդառնալի է լինելու»,- ասում է Այգեզարդ համայնքի բնակիչ Գագիկ Մանուկյանը։
Գինեվետ համայնքի բնակիչ, նախաձեռնող խմբի անդամ Վարդուհի Բարսեղյանը հավելում է. «Ամեն բնակիչ իր անձնական խնդիրը ունի սարի հետ։ Ամբողջ սարի շրջակայքը շրջապատված է այգիներով ու բարձրորակ բերք ենք ունենում, էկոլոգիապես մաքուր, ծիրան և դեղձ։ Հարցը միայն հանքի համար հայցվող 54 հեկտարը չի։ Եթե մի քիչ երկար մտածենք, 54 հեկտարի համար ոչ ոք ցեմենտի գործարան չի կառուցի։ Կանաչ ճանապարհ են բացելու հանքի համար մյուս հայտատուների համար ու ամբողջ սարը քիչ քիչ կհարթեցնեն։ Իսկ հեքիաթները, որ պատմում են, թե եռաշերտ անտառ են տնկելու, ծառատունկ են անելու, ֆանտաստիկանի ժանրից են։ 10 տարի սպասելո՞ւ են, որ էդ ծառերն աճեն»։

Թեև Կարմիր սարը 7 գյուղերով է շրջապատված, բայց ազդակիր ճանաչվել է միայն Գինեվետը։ Վեդու ավագանին մեկ ամիս առաջ մերժել է դիմումը, սակայն ամեն ամիս նոր հանքափոր է հայտնվում։
«4000 բնակչություն ունի գյուղը։ Արարատյան դաշտի բերքը ամենաորակյալն է համարվում։ Հանքարդյունաբերվող տարածքը մեծանալու է, մոտ 300 հեկտարի համար դիմումներ կան։ Իմ ընտանիքի տնտեսությունն ուղիղ վտանգի տակ է լինելու»,- տարակուսում է Այգեզարդ գյուղի բնակիչ Արփինե Խաչատրյանը՝ հավելելով, որ խոստանում են 400 աշխատատեղ, բայց գյուղացիները գերադասում են մաքուր գյուղատնտեսությամբ զբաղվել, քան բաց հանքում աշխատել։

Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտեսական ոստանն է։ Արարատյան դաշտի մի մեծ հատվածը զբաղեցնող այս մարզը տալիս է երկրի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Ըստ վիճակագրական տվյալների, Արարատի մարզը արտադրում է ՀՀ խաղողի և պտուղի համախառն բերքի 57%-ը։
Այստեղ մշակվում են խաղողի, ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի այգիներ։ Բանջարանոցային կուլտուրաներից առավել տարածված են ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը։ Մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի մինչև 90 տոկոսը ոռոգովի է, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բարձր բերքատվություն։ Արարատյան դաշտի բերքը համարվում է ամենաորակյալը երկրում։ Խոսքը միայն քանակի մասին չէ՝ Արարատի ծիրանը և դեղձը հայտնի են իրենց բարձր որակով ու էկոլոգիապես մաքուր լինելով։

Կարմիրսարի վրա աճում են Կարմիրգրքային բույսեր։ Ըստ բնապահպանական տվյալների, Սարիպապի բլրաշարում առնվազն 50 կարմիրգրքյան բույսեր, կենդանիներ, սնկեր կան, պահպանված են պալեոզոյան, այսինքն՝ հնագույն ժամանակաշրջանի բրածոներ։
Խաղողը վտանգված է
«Վնասների մեծ ռիսկ ունենք։ Չկա հաշվարկ, թե հանքի շահագործումը ինչպես կազդի խաղողագործության վրա։ Ցեմենտով ներծծված խաղողը չի կարող օգտագործվել գինեգործության մեջ։ Իսկ Արարատյան դաշտավայրը խաղողի, գինու, ծիրանի, դեղձի ու այլ մրգերի հիմնական արտադրողն է երկրում։ Բացի դա բնակչությունը պատշաճ իրազեկված չի եղել, վերջին պահին ենք իմացել հանքի հետ կապված լսումների մասին»,- դժգոհում է Արարատի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանը։

Արարատի մարզում արդեն իսկ արդյունահանվում են ավազ, տրավերտին, կրաքար և այլ հանածոներ։ Կարմիր սարից ոչ շատ հեռու գտնվող «Արարատ» ցեմենտի գործարանն արդեն աղտոտում է տարածքը։ Հսկա տարածքի վրա նստող փոշին հեռվից երևում է։ Բնապահպան Նազելի Վարդանյանը նկատում է, որ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը համապատասխան ֆիլտրեր չի դրել, որ փոշին չտարածվի գյուղերով։
Ըստ տարածքային կառավարման նախարարության՝ Արարատի մարզում արդեն իսկ շահագործվում է 49 հանքավայր, իսկ 17 նոր հանքի շահագործման հայտ կա ներկայացված։ 2023 թվականին հանրապետությունում 113 դեպք է արձանագրվել ապօրինի հանքարդյունահանման։
Վայոց ձոր. Հազարամյա գինեգործության մարզը
Վայոց ձորը Հայաստանի չորս խաղողագործական շրջաններից մեկն է, որը աչքի է ընկնում գինեգործության հնագույն ավանդույթներով։ «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողից այստեղ արտադրվում է նույնանուն հանրահայտ գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։ Մարզը տարեկան տալիս է 6000 տոննա խաղող, իսկ 25,000 մարդ գյուղատնտեսությամբ է ապրում։ Վայոց ձորում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևիլի, սալորի, կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։
Եղեգիս․ տուրիստական կլաստերն ընդդեմ հանքերի
Վայոց ձորի Եղեգիս համայնքը հայտնի է որպես արկածային տուրիզմի ամենամեծ պոտենցիալ ունեցող համայնք, հատկապես ձմեռային տուրիզմի համար։ Եվրոպացիները շատ են սիրում այդ լեռները, Ալպերին նման է Վարդահովիտի լանդշաֆթը։
«Այսօր գյուղում կա 6-7 ոչ մեծ հյուրանոց, որոնք 10+ հոգի համար են։ Ավստրիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից մինչև մարտի կեսը հյուրանոցները ամրագրել են։ Եթե ջուրը պղտորվեց, և գյուղատնտեսությունն է մեռնելու, և հյուրանոցները կվնասվեն։ Իսկ հիմա մեծ թափով զարգանում է զբոսաշրջությունը Եղեգիսում»,- ասում է «Արևի» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը, որը հիմնել է հյուրանոցը 2017-ին։

«Արևի» հյուրանոցի հենց դիմաց հայտնվում է հսկա ու գեղեցիկ լեռը, իսկ ներքևում գետն է հոսում։ Կարելի է նստել հյուրանոցի պատշգամբում, սուրճ խմել ու հիանալ լեռան տեսարանով։
«Մենք Եղեգիսում ենք 2015-16 թթ-ից, 800 մլն դրամի ներդրում ենք իրականացրել համայնքի կարիքների համար։ Պատրաստվում ենք առաջիկա 5 տարվա մեջ ևս 5 մլն դոլարի ներդրում անել՝ պայմանով, որ այս համայնքը կլինի բնապահպանական տեսլականով, և ոչ մի հանք էստեղ չի իրագործվի։ Վայոց ձորում կենսաբազմազանության խտությունն անհամեմատ մեծ է, քան մեր մյուս մարզերում»,- նշում է «Վայրի բնության պահպանման հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Եղեգիսի բնակիչ Մարատ Զաքարյանը նույնպես մտահոգ է ու պատրաստ է պայքարել մինչև վերջ․ «Հանքը շահագործելու դեպքում 20 հազար հոգի տուժելու են, ծանր մետաղները կհայտնվեն գինու մեջ։ Նախկինում Գեոմայնինգի դեմ ենք պայքարել, տարիներ շարունակ այդ պայքարը գնում է։ Հորատումներից 1 կմ հեռու անասուններն են արածում։ Մենք իրավունք ունե՞նք մի մաքուր տեղ ունենալ, մաքուր ջուր խմել, հիանալ էս լեռան տեսարանով»։

Վարդենիսի հանքը համայնքը սնուցող ջրերի վրա
«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը 2025թ. հոկտեմբերի 10-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 2 տարով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար։
Ընկերությունն այս տարածքում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստացել է 2023 թվականի ապրիլի 10-ին՝ 3 տարով։ Այս տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգիս համայնքում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Մենդիա Ռեսուրսիս»-ը ներկայացրել է երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը երկարաձգելու իր նախագիծը, որին, սակայն, հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում համայնքի ավագանին համաձայնություն չի տվել։
Վարդենիսի բազմամետաղային հանքը, որը պարունակում է ոսկի, արծաթ, պղինձ և այլն, գտնվում է անմիջապես ջրերի ավազանի վրա։ Այս ջրերով սնվում են Արենի համայնքը, Աղավնաձորը, Եղեգիսը, Եղեգնաձորը։ Հանքի տարածքը՝ 34 կմ, 9 հազար հեկտար, նաև լցվում է Արփա-Սևան ջրագիծ։
«Մենք դեմ ենք, որ նման երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացվեն մեր համայնքում, որը մեծ ռիսկերի տակ է դնում մեր ջրային ռեսուրսները։ Եղեգիս համայնքը կառավարության կողմից ճանաչվել է որպես տուրիստական կլաստեր, և համաշխարհային բանկից արդեն վարկային միջոցները տրամադրված են։ Մենք կարծում ենք, որ մեր համայնքում հանքարդյունաբերությունը ուղիղ հակադրվում է տուրիստական կլաստեր լինելու ծրագրին»,- ասում է Եղեգիս համայնքի «Զորաց վելբիինգ» ռեզորթ պրեկտի ղեկավար Արթուր Կարապետյանը։

Գլաձորի հանք. Օրգանիկ գինեգործության վերջը
Վայոց ձորի մարզում գտնվող մյուս՝ Գլաձորի ոսկու հանքը, որը պարունակում է նաև այլ ծանր մետաղներ։ Այստեղ ևս գյուղացիներն ու գինեգործները արդեն տարիներ պայքարում են հանքի շահագործման դեմ։ Արդեն 16 տարի է` հանքափորները տարբեր անուններով փորձում են լիցենզիա ստանալ՝ հանքը շահագործելու համար։ Վերջին դիմումը եղել է Մանվել Ղազարյանի «Մետա գոլդ» ընկերությունից։ 2025թ. հուլիսի 7-ին ն տեղի է ունեցել առաջին հանրային լսումը Եղեգնաձոր համայնքի տարածքում Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար:

«Կրիա» գինու գործարանը վտանգի տակ
«Կրիա» գինու գործարանի հիմնադիր, գինեգործ Տաթևիկ Գաբրիելյանը հիմնադրել է գործարանը 2020 թ-ին, իսկ 2017-ից խաղողի այգիներն են հիմնադրել։ Գործարանում տարեկան արտադրում են մոտ 20 հազար շիշ գինի, պլանավորում են մոտ ապագայում հասնել 60 հազար շշի։ Տուրիզմի հետ կապված ծրագրեր ունեն՝ գինու համտեսի սրահ և քոթեջներ, ուզում են զարգացնել էկոտուրիզմը Վերնաշենում։
«Գլաձորի հանքը ոսկու հանք է, որտեղ կան նաև շատ ծանր մետաղներ, որոնք կանդրադառնան ոչ միայն բիզնեսի, այլև շրջակա գյուղերի վրա։ Այստեղ օրգանիկ այգիներ ունենք, մեր գինին էլ է օրգանիկ, դա հնարավոր չի լինի, եթե հանքը բացվի, անդառնալի հետևանքներ կլինեն։ Գինիներում առկա կլինեն ծանր մետաղներ, և չեմ կարողանա վաճառել գինի։ Գինին վաճառում եմ Եվրոպայում։ Հանքը բացելուց հետո ես կարող եմ մոռանալ արտադրության մասին»,- ասում է Տաթևիկը։
Խոսքը մի հանքի մասին է, որը դեռ խորհրդային միության ժամանակ շահագործվել ու փակվել է։ 1950-70 թթ շահագործվել է Գլաձորի հանքը, սակայն ողջ հանքանյութը տարվել է Ռուսաստան։
Հայաստանի գինեգործական արդյունաբերությունը 2023թ. արտադրել է շուրջ 20 միլիոն լիտր գինի, որից զգալի մասը հենց Արարատի և Վայոց ձորի խաղողից։
«Եթե հանքը բացվի, մեր ողջ ներդրումները փոշիանալու են։ Կամ պետք է լինի գինեգործություն, կամ հանքարդյունաբերություն, համատեղել հնարավոր չէ։ Շարունակելու ենք պայքարել հանքի դեմ»,- պատմում է տակառագործ, մասնագիտությամբ ինժեներ Հայկ Իսախանյանը։

Վայոց ձորը տարեկան տալիս է 6 հազար տոննա խաղող, 25 հազար մարդ գյուղատնտեսությամբ է ապրում, իսկ հանքում 60 մարդ է աշխատելու։ «Չի կարելի թույլատրել նույն ընկերությունը նույն հարցով մի քանի անգամ դիմի։ 12 մետաղ է պարունակում հանքը, ամենաշատը կապարն է, իսկ կապարը թունավոր մետաղ է։ Վտանգավոր կարող է լինել բնակչության համար։ Կառավարությունը պետք է որոշի՝ Վայոց ձորը պետք է հանքարդյունաբերական մարզ լինի, թե գինեգործական։ 2-ը միասին հնարավոր չէ»,-նշում է գյուղի բնակիչը։
Վերնաշեն գյուղի բնակիչ, աշխարհագրության ուսուցիչ Ստեփան Ստեփանյանի հայրը դեռ Խորհրդային տարիներին աշխատել է այդ հանքում և վաղ տարիքում մահացել։ «Շատերը աշխատել են ու վաղ տարիքում մահացել են ճառագայթման պատճառով։ Կարիք ունենք ջրամբար կառուցելու, ոչ թե հանք, որ գյուղատնտեսությունը ավելի զարգանա, իսկ հանքերի շահագործման դեպքում գյուղերը կմահանան»,- նշում է նա՝ հավելելով, որ պայքարը գնում է Եղեգնաձոր համայնքի, Եղեգիսի և Վայքի անունից։ Այդ լեռան ջրերը այս համայնքների միջով անցնում են։

Թեև համայնքներն ակտիվ պայքարում են, բայց հանքափորները վերադառնում են նոր անուններով, գրեթե ամեն ամիս նոր հանքափոր է հայտնվում։ Այս մեխանիզմը թույլ է տալիս ընկերություններին անընդհատ ճնշում գործադրել համայնքների վրա՝ փոխելով անունները, վերակազմավորելով կառուցվածքները և նախագծերը։ Հանրային լսումները հաճախ անց են կացվում առանց համայնքներին հիմնավոր տեղեկատվություն տրամադրելու, հանքերի բացման հետևանքների մասին հասկանալի ու թափանցիկ գնահատականների։ Ու գյուղացին, գինեգործը, էկոտուրիզմի կազմակրեպիչն ու անասնապահը հիմնականում մենակ են ոսկու տենդի դեմ ամենօրյա պայքարում։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: