Լիլյա Մանյուխինան երկու ամիս անցկացրել է կանանց «Աբովյան» ՔԿՀ-ում է։ 29-ամյա ՌԴ քաղաքացին առաջիկա երկու ամիս ևս պետք է անցկացնի բանտում, Հայաստանի դատարանը երկու օր առաջ է կալանքը երկարաձգելու որոշումը կայացրել։ Փաստաբան Ռոման Երիցյանը Forrights.am-ի հետ զրույցում ահազանգում է Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող Լիլյա Մանյուխինայի խնդիրների մասին։

Լիլյա Մանյուխինան Ռուսաստանում հետապնդման է ենթարկվել, երբ դեմ է արտահայտվել ՌԴ-ի սկսած պատերազմին և ընկերների հետ իրականացրել է «Нет войне» («Ոչ պատերազմին») ակցիան։

«Լիլյա Մանյուխինան է ընկերների հետ ՌԴ-ում զինված տղամարդու կողմից հարձակման է ենթարկվել, երբ «Нет войне» գրառմամբ պաստառներ են փակցրել։ Նրանք երեք հոգով են լինում, կարողանում են զինված տղամարդու ձեռքից զենքը վերցնել և նետել աղբամանը, բայց մինչ այդ նրա կողմից ծեծի են ենթարկվում։ Այս դեպքը ՌԴ-ում համարել են հափշտակություն, նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, մի տարով ազատազրկվել է, երբ դուրս է գալիս, որոշում է ՌԴ-ից հեռանալ, քանի որ հետապնդվում է։ ՌԴ-ից, որ հեռանում է գործը փոխում են զենքի հափշտակություն, որ արտահանձնումը հեշտ լինի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Լիլյան Բելառուսի տարածքով լքում է Ռուսաստանը և տեղափոխվում Հայաստան։ Ըստ փաստաբանի՝ այստեղ մոտ մեկ տարի իրականացրել է խոշոր ձեռնարկատիրական գործունեություն, վճարել հարկեր և ձեռք բերել անշարժ գույք։ Զուգահեռ նա տելեգրամյան ալիքով շարունակել է քննադատել պատերազմը՝ խոսելով անմեղ զոհերի մասին։

Լիլիային Հայաստանի իրավապահները ձերբակալել են օգոստոսի 30-ից, նա մինչ այժմ անազատության մեջ է։ Փաստաբան Ռոման Երիցյանն ասում է, որ աղջկան կալանավորել են արդարադատության նախարարության և դատախազության միջնորդությամբ՝ հանձման նպատակով։ Ըստ դատարանի՝ ներկայացված տվյալներն առայժմ բավարար չեն քաղաքական հետապնդման փաստ հաստատելու համար։

Միգրացիոն ծառայությունը պետք է  որոշում կայանցնի՝ Լիլիային ապաստան տալու հարցով։ «Սա գործելաոճ է, որը հակասում է Եվրոպական դատարանի դատական պրակտիկային և միջազգային իրավունքին»,-ասում է փաստաբանը և տեղեկացնում, որ միգրացիայի ծառայությունը պետք է Արդարադատության նախարարությունը դիմի։

«Ես դատարանում նախարարության ներկայացուցչին հարցնում եմ՝ երկու ամսվա ընթացքում ի՞նչ եք արել, որ պարզեք՝ հետապնդումը քաղաքակա՞ն է, թե՞՝ ոչ, ասում է՝ ՌԴ դատարանի որոշումն ենք կարդացել։ Հազար ու մի միջոց կա պարզելու համար, գործը քաղաքական է, թե՝ ոչ։ Այդ աղջիկը ՀՀ-ն ընտրել է որպես իրավական երկիր, որ իր իրավունքերը չի խախտվի։ Իր հետ այդ արարքը կատարող անձանց Սերբիան և Ֆրանսիան արդեն քաղաքական ապաստան է տվել»։

Ռոման Երիցյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը Հայաստանին չի արտահանձնում պահանջված քաղաքացիներին, ինչը ջանասիրությամբ անում է ՀՀ-ն։

«Ռուսաստանը Հայաստանի ոչ քաղաքական գործերով շատ անգամներ մարդկանց արտահանձնումներ է մերժել, բայց ՀՀ-ն՝ ոչ։ Ստացվում է՝ իշխանությունները ոչ միայն արցախցիներին չեն կարողանում նորմալ վերաբերմունք ցուցաբերե, այլ նաև քաղաքական ապաստան հայցողների մասով չգիտեն ինչ անեն»,-ասաց նա։

ՌԴ քաղաքացու վերաբերյալ փորձեցինք մեկնաբանութուն ստանալ Միգրացիոն ծառայությունից, սակայն, ծառայության ղեկավարը զանգերն անպատասխան թողեց, իսկ ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին ասելիք չունեն։ Զանգերն անապատասխան թողեց նաև Արդարադատության նախարարությունը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝  տեսանյութում

Pin It on Pinterest