Բելլա Գալստյանի վարձակալած բնակարանի հյուրասենյակում, իր երեք եղբայրների լուսանկարն է փակցված՝ զինվորական համազգեստներով։ Եղբայրների հիշատակի անկյունում անձնական իրեր են, ընտանեկան լուսանկարներ, որտեղ բոլորը միասին են։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ մեկօրյա պատերազմի հետևանքով, ապա 25-ին, Հայկազովում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Բելլան կորցրել է միանգամից երեք եղբայրներին, տեսել նրանցից երկուսի մահը։
Արայիկը՝ աջից, ձախից՝ Սասունը և Դավիթը

32-ամյա Սասուն Ավանեսյանը և 40-ամյա Արայիկ Առաքելյանը նույն պաշտպանական շրջանում էին, զոհվում են սեպտեմբերի 19-ին՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Մյուս եղբայրը՝ 36-ամյա Դավիթ Ավանեսյանը, մեկօրյա պատերազմի ժամանակ մնում է շրջափակման մեջ, ազատվում սեպտեմբերի 24-ին, ապա մեկնում է Հայկազով՝ ընկերոջ համար բենզին բերելու, ինչի հետևանքով զոհվում է սեպտեմբերի 27-ին՝ պայթյունից ծանր այրվածքներ ստանալու հետևանքով։
Բելլան երեք եղբայրների մասին անցյալով խոսել չի կարողանում։ Ասում է՝ գոնե մեկը պետք է ողջ մնար, որ իր կողքին լիներ։ Նա երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում, 2023 թվականին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում էր, որպես բուժքույր։ Սկսվում է պատերազմը։ Բելլան ընդհատումներով է պատմում օրվա մանրամասները։ Հերթապահության մեջ էր. «Միանգամից մի քանի ձեռնոց էինք հագնում, որ հանել-հագնելու վրա ժամանակ չծախսեինք։ Վիրավորները շատ էին։ Սարսափելի տեսարան էր։ Չէինք քնում կամ հանգստանում։ Նույն վիճակում 44-օրյա պատերազմի օրերին էինք։ Ես անընդհատ մտածում էի՝ ինչ վիճակում ենք հայտնվել»։

Բելլան՝ Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում
Բելլան հիշում է, թե ինչպես է տեսել կրստեր եղբորը՝ Սասունին։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ սկսվում է պատերազմը, հիվանդանոցն անընդհատ վիրավորներ էր ընդունում։ Նրանց մեջ էր Սասունը։ Ծանր վիրավորում ուներ, անգիտակից էր։ Բելլան մտածում է, որ ցավային շոկ է եղբոր մոտ. «Ես կորցրել էի ինձ։ Մինչև իրեն տեսնելը, օգնում էի բոլորին, բայց հենց նկատեցի Սասունին, չհասկացա, թե ինչ է կատարվում հետս։ Մյուս բուժաշխատողները ինձ փորձում էին հեռու տանել Սասունից։ Խնդրում էի, որ ես օգնեմ նրան։ Չէին թողնում մոտ գնամ։ Ինձ այլ սենյակ են տանում, փորձում հանգստացնել»։
«Վազում էի հիվանդանոցով, որ գտնեմ եղբորս»
Բելլան որևէ տեղեկություն չուներ Սասունից։ Հիշում է, որ մի կերպ դուրս է եկել սենյակից, սկսել է ողջ հիվանդանոցով փնտրել նրան. «Ես վազում էի, գոռում, որ գտնեմ եղբորս։ Բոլոր վիրահատական սենյակներում փնտրեցի, չգտա։ Միայն մի տեղ էր մնացել, որ չէի նայել։ Սարսափում էի այդ մտքից։ Մի սենյակ կար, որտեղ պահում էինք դիակները, ապա առավոտյան մեքենայով ուղարկում դիահերձարան։ Մտածում էի, որ այդ սենյակն էլ պետք է նայեմ»։
Բուժաշխատողները այդ սենյակի բանալին թաքցրել էին։ Բելլան, բանալին փնտրելով, կանխազգում է կատարվածը. «Բժիշկ Առուստամյանը մեր բաժնի վարիչն էր։ Ես նրան խնդրում էի, որ ասի, թե ինչ է եղել եղբորս հետ, ուր են տարել։ Սկզբից չէր ասում։ Ես շատ պնդեցի։ Քարացել էր։ Հարցրի՝ կա, թե չէ։ Ասաց՝ չէ, Սասունի կյանքը փրկել չէր հաջողվել»։

Բելլան և Սասունը
Սասունի մահվան լուրն իմանալուց քիչ անց, Բելլային մոտենում է բուժաշխատողներից մեկն ու ասում. «Արայիկն էլ լավ չի, արի, տես»։ Բելլան շփոթվում է. վիրավորների մեջ էր նրա քեռու որդին՝ Արայիկը. «Զինակից ընկերները պատմում են, որ Սասունին ու Արայիկի նույն մեքենայով են բերել հիվանդանոց, ուղակի առաջինը տեսել եմ Սասունին։ Ես մտածում էի, եթե Սասունը էստեղ է, Արայիկն էլ կլինի, բայց չէի կենտրոնացել այդ մտքի վրա»։
Բելլան եղբորը հանդիպում է վերելակում, երբ Արայիկին տեղափոխում են վիրահատարան. «Դեռ գիտակցություն ուներ, բայց դեմքին գույն չկար։ Անընդհատ ասում էր՝ Սասունը լավ չի, ուր ենք տարել։ Ինձ էր կանչում, խնդրում էր՝ սրսկեմ, որ ցավերը թուլանան։ Ինձ մի կերպ հավաքեցի, որ օգնեմ։ Խաբեցի ու ասացի, որ Սասունի հետ ամեն բան լավ է, թեթև վիրավորվել է։ Ես գոռում էի հիվանդանոցում, որ օգնեն անզգայացնել նրան։ Ձեռքերս դողում էին։ Կողքին էի, երբ անզգայացել էր արդեն։ Ասացին, որ գնամ վիրահատարանից, չխանգարեմ »։

Մեջտեղում՝ Արայիկը, աջից՝ Դավիթը, ձախից՝ Սասունը
Բելլան գիտակցությունը կորցնում է, երբ ուշքի է գալիս, լսում է, որ Արայիկը սրտի կանգ է ունեցել։ Վազում է վիրահատարան, հանգստացնում են, ասում, որ ամեն բան լավ է եղբոր հետ. «Ես անհանգիստ կանգնած էի վիրահատարանի մոտ, առաջին անգամ ինձ ասացին, որ սրտի կանգ է ունեցել, բայց վիճակը արդեն լավ է, սակայն որոշ ժամանակ անց տեսա, որ հերթով դուրս են գալիս։ Հասկացա, թե ինչ է եղել։ Արայիկի կյանքը, սրտի երկրորդ կանգից հետո, փրկել ևս չի հաջողվում։ Ինձ չեն թողնում մտնել իր մոտ»։
Բելլան դեռ լուր չուներ իր մյուս եղբորից՝ Դավիթից։ Հիվանդանոցում, վիրավորների մեջ Դավիթ անունով վիրավոր կար, մտածում է, թե նա է. «Պատերազմից երևի 2-3 օր էր անցել, ոչ մի լուր չունեի Դավիթից, երբ իմացա, որ հիվանդանոցում իր անունով վիրավոր են բերել, մտածեցի ինքն է։ Բուժաշխատողներն ասացին, որ Դավիթը չէ։ Չհավատացի։ Վիրավորների անունների մատյանում ազգանունը նայեցի՝ նա չէր»։
Բելլան Դավիթի հետ կարողանում է խոսել սեպտեմբերի 24-ին։ Մինչև այդ օրը եղբայրը Մարտակերտում շրջափակման մեջ էր. «Վերջապես զանգում է։ Արայիկից ու Սասունից է հարցնում։ Չեմ կարողանում ասել, որ Սասունն ու Արայիկը չկան։ Ասում եմ՝ թեթև վիրավորվել են երկուսն էլ։ Հարազատներից է իմանում ճշմարտությունը։ Մի կերպ տուն է գալիս»։

Դավիթը և Բելլան, 44-օրկա պատերազմի ժամանակ
Սեպտեմբերի 20-ին Բելլային մի կերպ հիվանդանոցից ուղարկում են տուն. Եղբայրներին կորցնելուց հետո ի վիճակի չէր աշխատանքը շարունակել։ Ընտանիքը պատրաստվում էր եղբայրների հուղարկավորությանը. «Ինձ մի օր պահում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, քանի որ գիտակցությունս անընդհատ կորցնում էի։ Հաջորդ օրը ուղարկեցին տուն, որ ընտանիքիս հետ լինեմ։ Մենք սպասում էինք Դավիթից որևէ լուրի, որ գա վերջին հրաժեշտը տա, բայց թույլ չտվեցին երկար պահել դիակները. հանրավոր չէր։ Ասացին, որ հենց դիակները տան, պետք է հուղարկավորել։ Սեպտեմբերի 23-ին տվեցին երկուսի մարմինները։ Հաջորդ օրը առավոտյան հուղարկավորեցինք, երեկոյան ուշ Դավիթը եկավ, եթե իմանայինք, որ գալու է՝ կսպասեինք»։
Սասունին և Արայիկին հուղարկավորում են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը, իրենց երրորդ մարտական ընկերոջ՝ Մխիթարի հետ. «Երբ Դավիթը եկավ, ուզում էր արտամիշիմում անել մարմինները ու տանել Հայաստան։ Մենք պատրաստվում էինք, որ դուրս պիտի գանք»։
Սեպտեմբերի 24-ին Դավիթը պատրաստվում էր դուրս բերել եղբայրների մարմինները, բայց գերեզմանատանը տեղեկանում է, որ քեռու ընտանիքը արդեն դուրս է եկել Ստեփանակերտից՝ թողնելով դիակները. «Քեռուս ընտանիքը դուրս էր եկել Ստեփանակերտից, հուսալով, որ պատկան մարմինները կկազմակերպեն դիակների տեղափոխումը։ Նրանց այդպես էին համուզել։ Դավիթը պայմանավորվում է Սասունի և Արայիկի մարտական ընկերոջ՝ Մխիթարի հոր հետ, որ սեպտեմբերի 26-ին հանեն դիակները ու բերեն Հայաստան»։
«Դավիթն անընդհատ իմ անունն էր տալիս, կանչում էր ինձ»
Սեպտեմբերի 25-ին, Դավիթը գնում է Հայկազով՝ ընկերոջ համար բենզին բերելու։ Բելլան զանգ է ստանում եղբորից, իմանում, որ եղբայրը այրվածքներ է ստացել պայթյունի ժամանակ. «Զանգեց, ասեց՝ Բել, հասի, ուժեղ պայթյուն է եղել։ Շունչս կտրվում է։ Հետո կապը կորավ։ Ես կրկին կորցրի ինձ։ Մեծ տղայիս հետ դուրս նետվեցինք տնից։ Մեքենայով, ծնողներիս ու տղայիս հետ հասանք դեպքի վայր։ Ուժեղ անձրև էր գալիս։ Ես խելագարի պես վազում էի։ Ահավոր տեսարան էր։ Աջ ու ձախ հարցնում էի, թե Դավիթ անունով մարդ կա իրենց մեջ, թե ոչ»։
Դավիթին երկար ժամանակ Բելլան փնտրում է դեպքի վայրում, հետո զանգ են ստանում, որ եղբորը տեսել են հիվանդանոցում։ Որոշում են գնալ։ Նա այնտեղ էր. «Մուտքի մոտ քաոս էր։ Ամբոխի մեջ մի կերպ ներս եմ մտնում։ Վիրավորները շատ էին, ես խելագարի պես փորձում էի գտնել Դավիթին։ Վերջապես տեսա։ Մարմնի կեսը այրված էր։ Արագ բուժօգնություն եմ ցույց տալիս։ Ինձ էր կանչում, ասում էր՝ խեղդվում է։ Հանգստացնում էի նրան, ասում՝ կփրկենք։ Մաման էլ իր կողքին էր։ Դավիթը հարցնում էր՝ «մամ, դեռ էստեղ ե՞ք»։ Ես դեղի ետևից էի գնում։ Ձեռքերս դողում էին, ասում էի՝ եղբայրս է, արագ պետք է փրկել։ Ոչինչ չէր օգնում, ասացին պետք է արագ Երևան ուղարկել»։
Դավիթին հիվանդանոցում պահում են մեկ գիշեր։ Սեպտեմբերի 26-ին ուղղաթիռով ուղարկում են Երևան. «Ես եկեղեցի էի գնացել։ Իր անունը դրել էի Սուրբ Գրքի մեջ, որ աղոթեն իր համար՝ փրկվի։ Ինձ ասացին, որ ուղղաթիռով կուղարկեն, կփրկվի։ Ես ոչ մի տեղ չգնացի իր կողքից, միչև ուղղաթիռում տեղավորելը։ Ասում էր՝ արի հետս Բել, օգնի ինձ։
«Իրար կողքի երեք գերեզման՝ Եռաբլուրում»
Դավիթին Հայաստան ուղարկելուց հետո Բելլան ընտանիքի հետ ևս ուղևորվում է Հայաստան. «Սեպտեմբերի 29-ին հաստանք Վայք։ Ուզում էի օր առաջ տեսնել Դավիթին, հաջորդ օրը պետք է գնայինք այրվածքաբանական։ Հարազատներս համուզում էին, որ հանգստանանք, հետո գնանք այցելության։ Ես հասկացա, որ ինչ-որ բան է եղել։ Դավիթի կյանքն էլ փրկել չէր հաջողվել։ Նա զոհվեց սեպտեմբերի 27-ին»։

Երեք եղբայրների գերեզմանը՝ Եռաբլուրում
Բելլայի միակ մխիթարանքն այժմ Եռաբլուր այցելությունն է։ Երեք եղբայրներն էլ գերեզման ունեն, սակայն Սասունի մարմինը մնացել է Ստեփանակերտում. «Երբ Դավիթի դեպքը տեղի ունեցավ, ինքն ինձ ասաց, որ անգիր հիշեմ Մխիթարի հոր հեռախոսահամարը, որ եղբայրների մարմինները առանց իրեն տեղափոխեն։ Մենք արդեն ճանապարհին էինք, երբ հարազատներից մեկը զանգում է, հարցնում է՝ դեռ ուզո՞ւմ ենք արտաշիրիմում անել, թե ոչ, որովհետև հնարավոր է Հակարիի կամրջից թույլ չտան անցկացնել մարմինները։ Մենք համաձայնում ենք, հետո կապը կորում է։ Մի կերպ ինձ զանգում են, ասում են՝ մենակ են, չեն կարող երեքին էլ դուրս հանել, այդպես Սասունի մարմինը մնում է Ստեփանակերտում»։

Եղբայրների հիշատակի անկյունը՝ Բելլայի վարձակալած բնակարանում
Շուշանիկ Փափազյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: