«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանը ակնհայտ դաժան վերաբերմունք է ցուցաբերում ճակատագրի բերումով իր ղեկավարած կազմակերպության տիրապետման տակ հայտնված դատապարտյալների նկատմամբ: Տիրապետման, որովհետեւ քրեակատարողական համակարգում ոչ ոք չի կարող օգնել դատապարտյալին, եթե Կամո Մանուկյանը արգելել է դա անել:
Անգամ «Դատապարտյալների հիվանդանոցի>> բժիշկները իրավունք չունեն դեղորայք տալ հիվանդին, եթե Կամո Մանուկյանից թույլտվություն չեն ստացել: Դատապարտյալներին մնում է մի ելք՝ ինքնավնասում, կամ հացադուլ:
Հունիսի 11-ից ՄԻԱՎ վարակակիր, դատապարտյալ Ա. Դ.-ն հացադուլ է հայտարարել: Պահանջում է, որ իրեն տեղափողեն «Դատապարտյալների հիվանդանոց>>, որտեղ պահվում են նման հիվանդները: Վերջին երեք ամսում սա նրա երկրորդ հացադուլն է նոյն պահանջով:
«Սաղ Կամոն ա, հետս չունի, հատուկ ա անում, որ ես մեռնեմ>>, — վստահ է նա:
Ամիսներ առաջ նա սավանից պարան էր պատրաստել եւ կախվել էր։ Ոչ հացադուլը, ոչ գրավոր բողոքները չէին օգնում նրան լուծել իր հարցը՝ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ պահում են ՄԻԱՎ վարակակիրներին: Խցակիցը վրա էր հասել եւ ազատել էր Ա-ին։
Մոտ 20 օր նա հացադուլի մեջ էր, եւ վերջապես բազմաթիվ բողոքներից, մամուլի, իրավապաշտպանների արձագանքից հետո Ա.Դ-ին տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց, սակայն սա զուտ հանրույթյանը հանգստացնելու ձևական քայլ էր:
Հիվանդանոցում Ա-ին պահում էին հոգեկան հիվանդների համար նախատեսված հարկաբաժնում, ոչ մի դեղորայք չէին տրամադրում: Բացի դա, հացադուլի մեջ երկար ժամանակ անցկացրած հիվանդների համար հատուկ վերականգնողական թերապիա է նախատեսված օրենքով: Ա. Դ-ի դեպքում ոչ մի բուժում չի իրականացվել:
«Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Ա-ի որովայնը սկսել է ուռել, օր օրի ուռուցքը ավելանում է, բայց նրան մոտեցող չկա: Ոչ դեղ են տալիս, ոչ մի բուժում, ոչ մի ուշադրություն», — գանգատվում է Ա. Դ-ի հարազատը, նշելով, որ նա երբեք ոչ մի հոգեկան հիվանդությամբ չի տառապել: Նա խնդրել է իրեն տեղափոխել այլ խուց, կամ բաժանմունք, բայց հիվանդանոցի բժիշկը նրան պատասխանել է, որ ինքը իրավունք չունի տեղափոխել», — ասում է դատապարտյալի հարազատը։
Հունիսի 8-ին նա ահազանգել էր այս մասին իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների>> կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին, որը խոսել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանի հետ, ներկայացրել դատապարտյալի խնդիրները, մասնավորապես այն, որ տևական ժամանակ գտնվելով դատապարտյալների հիվանդանոցում վերջինս բուժում չի ստանում։ Հաջորդ օրը սակայն, իրավապաշտպանին հարազատները տեղեկացրել են, որ դատապարտյալին առանց բուժման կրկին տեղափոխել են «Նուբարաշեն>> :
«Բուժսպասարկում ստանալու համար դատապարտյալները ստiպված դիմում են ծայրահեղ քայլի՝ հացադուլի և Ա․Դ․-ն միակը չէ նրանց մեջ։ Կամո Մանուկյանը պնդում էր, որ նա բուժում ստացել է և որ դատապարտյալը ստում է։ Ինչու պիտի ստի, եթե բուժում է ստանում։ Հացաուլ հայտարարած դատապարտհալներին ընդգծված վատ վերաբերմունք կա քրեակատարողական հիմնարկներում, բազմիցս համոզվել եմ դրանում։ Նրանց պատժելու համար իրeնց մեթոդները ունեն։ Բուժսպասարկումը բանտերում աղետալի վիճակում է, բազմաթիվ ահազանգեր ենք ստանում դատապարտյալներից», ասում է իրավապաշտպանը։
Այսօր դատապարտյալ Ա. Դ-ն կրկին «Նուբարաշենի>> խցում է, ուռած որովայնով, առանց տարրական բժշկական խնամքի: Ըստ բժշկական փաստաթղթերի, նա իմունային անբավարարության խորացված ստադիան ուղեկցող տասնյակ հիվանդություններ ունի՝ քրոնիկական պանկրեատիտ եւ ապենդիցիտ, ճարպային հեպատոզ, թոքային անբավարարություն, կպումներ թոքերում եւ այլն։ Նա ՔԿՀ միջին օղակների պաշտոնյաների լիարժեք տիրապետման տակ է՝ պաշտոնյաների, որոնք վստահ են իրենց անպատժելիությանը: Արդեն մեկ շաբաթ գտնվելով հացադուլի մեջ նրան բժիշկ չի այցելել։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: