Սյունիքի մարզից այսօր Ադրբեջանի տարածք անցած պատանիներն արդեն Հայաստանում են, «Ազատությանը» հայտնեցին նրանցից մեկի հարազատը և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչպես են զգում և ինչպես են վերադարձել Հայաստան, ինչ միջոցներով, Ղուլունցը չհայտնեց, միայն ասաց, որ տղաներն այս պահին իր մոտ են գտնվում:
Ավելի ուշ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ մոլորված երիտասարդները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում:
ԱԱԾ-ն կեսօրին հաղորդել էր, որ սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը ժամը 1:20 մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում: Կառույցը հրապարակել էր նրանց անունները՝ 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը:
Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: