«Տարիներ շարունակ պայքարել եմ իմ անմեղությունն ապացուցելու համար»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգյանը։

Նա անազատության մեջ է արդեն 17 տարի՝ 26 տարեկանից։ Մեղադրվում է դանակահարությամբ գործարարին սպանելու համար։ Գարեգինը մեղադրանքը չի ընդունում, պատմում է, որ տարիներ շարունակ պայքարել է իր անմեղությունն ապացուցելու համար։

«Տարիներ շարունակ պայքարել եմ իմ անմեղությունն ապացուցելու համար։ Իմ ձեռքի տակ ունեմ փաստաթղթեր, որոնք ապացուցում են իմ անմեղությունը։ Դատավճռում գրված է, որ իբր ես շուրջ դանակի 30 հարված եմ հասցրել։ Ինձ սպանության կասկածանքով ձերբակալել են 2008 թվականի մարտին, որի հետ կապ չեմ ունեցել։ Որևէ կողմ՝ Քննչականից սկսած, չեն փորձել իրականությունը բացահայտել»,-ասում է նա։

Գարեգինն այժմ ձեռքին երկու փաստաթուղթ ունի դատարանի վճիռն ու իր կողմից ենթադրյալ սպանված անձի դիակի փորձաքննության եզրակացությունը։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վճիռն ու փորձաքննության եզրակացությունը հակասում են միմյանց։ Ըստ նրա՝ փորձաքննությամբ սպանվածի վրա դանակի հարվածի որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա նշում է՝ չի էլ ճանաչում սպանվածին։

«Ամեն քայլի գնացել եմ իմ անմեղությունն ապացուցելու համար։ Եկավ ժամանակ հասկացա, որ արդարության չեմ հասնում, ինձ եմ վնասում։ Արդարություն չեմ տեսել 17 տարի այս երկրում, դեպի բարելավում մի հոդված չեմ տեսել։ 2023 կամ 2024 թվականին դատախազության ներկայացուցչի հետ հանդիպեցի, գործերի մեջ նկատեցի դանակի 30 հարված՝ իբր ես դանակով 30 հարված եմ հասցրել տվյալ անձին։ Ես պահանջեցի դիակի փորձաքննությունը, թե ինչ 30 հարվածի մասին է խոսքը։ Վճռի մեջ գոյություն ունի այդ փորձաքննության եզրակացությունը, որը հիմնավորում է վճռի լկտի սուտ լինելը։ Այդ փաստաթղթի մեջ չկա մի տեղ, որտեղ գրված լինի թեկուզ դանակի մեկ հարվածի մասին։ Ես փաստ ունեմ, որ այս վճիռը սուտ է։ Ես խնդրել եմ բոլոր իրավասու կառույցներին պարզաբանել՝ վճիռն է սխա՞լ, թե՞ փորձաքննության եզրակացությունը»,-պատմեցին նա։

Գարեգինն այժմ պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա և այլ դատապարտյալներ վերջերս հանդիպել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին։ Գարեգինն իր գործի հետ կապված հակասությունները ներկայացրել է նախարարին։

«Վերջերս հանդիպեցի հարգելի տիկին Սրբուհի Գալյանին, անձամբ իմ ձեռքով փոխանցել եմ այս փաստաթղթերի պատճենները, ես առաջարկում եմ վերանայել՝ ինչո՞ւմն եմ սխալ։ Ես չեմ ճանաչել սպանվածին, ցավակցում եմ իր հարազատներին։ Չեմ ճանաչել, դա փաստում է նաև այն, որ իմ դեմ ցուցմունք տվողին դատարանում հարց է ուղղում դատավորը, հարցրել է՝ Գարեգին Սարգայանը մեռնողին ճանաչե՞լ է, պատասխանել է՝ չէ, մահացողը ճանաչե՞լ է Գարեգինին, պատասխանում է՝ հա։ Ես կոչ եմ անում ձևավորել նոր համակարգ, նոր մեթոդներով, քանի որ գործ են կարել, մենք էլ դարձել ենք դրանց զոհը։ Ես հայ եմ, չեմ հանձնվելու, թեկուզ ցմահում իմ էությունը ոչ մի դատավճիռ չի կարող փոխել»,-ասաց նա՝ հույսով, որ մի օր արդարությունը վերականգնվելու է։

Նա նաև նամակով դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով, որ հետևողական լինի խորհրդարանի կողմից ընդունված օրենքերի կիրառմանը, որոնք առնչվում են ցմահ դատապարտյալների գործերին։ Գարեգինը հույս է հայտնում, որ այդ պարագայում իր անմեղությունը կապացուցվի։ Մինչ պատկա մարմինների գործողություններին Գարեգինը չի հուսալքվում, ՔԿՀ-ում նա իր պայքարին զուգահեռ նաև ստեղծագործում է։

2023 թվականի նոյեմբերի 15-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցել իր հեղինակած «Փակ դռների բաց գրականություն․ գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքի շնորհանդեսը։ Այժմ այլ գրքի վրա է աշխատում, որի շնորհանդեսը լինելու է առաջիկայում։

Նա 6 գրքի հեղինակ է։

Մանրմասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest