«Ժամանակի զոհ ենք դարձել։ Մարդիկ կան, որ մի սպանության համար ստանում են 17-18 տարի, մենք մի սպանությունով ցմահ ենք ստացել։ Արդարությունը որտե՞ղ է մնում»,-Forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը։

2009 թվականին 22-ամյա Վաղարշակը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ տաքսու վարորդին սպանելու մեղադրանքով։ 16 տարի անազատության տակ գտնվելով Վաղարշակը չի ընդունում սպանության մեղքը՝ պնդում է, որ նման հանցանք չի կատարել։

Վաղարշակի հետ հանդիպել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ իր նախաձեռնությամբ, օրենքով սահմանված կարգով։ Ցանկանում է Forrights.am-ի միջոցով ևս մեկ անգամ լսելի դարձնել, իր ձևակերպմամբ, այն անարդարությունը, որի զոհն է դարձել։ Վաղարշակը հատկապես ուշադրություն է ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է եղել իր հետ կալանավորվելուց հետո։

Նախապատմությունը հետևյալն է․ նա ընկերոջ հետ տաքսիով մեկնել է Արցախ և վերադարձել, որից հետո չեն վճարել ուղևրության համար, որից հետո, ըստ Վաղարշակի, տաքսու վարորդին մահացած են հայտնաբերել և մեղքը բարդել իր վրա։

Երևանցի տաքսիստ Միխայիլ Հովհաննիսյանի դիակը գանգուղեղային բաց վերքերով 2008 թվականի ապրիլի 5-ին գտել էին դաշտում, Սյունիքի մարզի «Հարժիսի» կոչվող խաչմերուկից ոչ հեռու: Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ այդ օրը իր որդին ամբողջ օրն աշխատել է:

«Նստել ենք տաքսի, գնացել ենք Արցախ, եկել ենք, փողը չենք տվել։ Մահացողի հարազատներից մեկը նստում է տաքսի, խոսակցության ընթացքում ասում է՝ իմ հարազատն էլ էր գնացել Ղարաբաղ, հետ չէր եկել, սպանել են։ Մեզ հետ կապ չունեցող տաքսի է նստում, լրիվ այլ վարորդ, որ լսած է լինում մեր մասին, ասում է՝ ես գիտեմ դա ո՞վ արած կլինի, պատմում է մեր մասին ու մենք հայտնվում ենք մեղադրյալի աթոռին»,-պատմեց նա՝ նշելով, որ իր ընկերը իր դեմ ցուցմունք է տվել, ազատվել, իսկ ինքը դատապարտվել ցմահ ազատազրկման։

Վաղարշակը պատմեց, որ դեպքից հետո լսել է, որ որոնվում է մարդ սպանելու կասկածանքով, ինքնակամ ներկայացել է Գորիսի ոստիկանություն, որտեղ ազատազրկվել է և 100 օրից ավելի ենթարկվել խոշտանգումների։ Վաղարշակն այս դեպքով մի քանի անգամ բողոքարկել է, սակայն, արդյունքի չի հասել։ Այժմ կրկին ցանկանում է այդ հանգամանքը լսելի դարձնել։

«Գործը քննեցին, քննեցին․․․ սկզբից մինչև վերջ ուրիշ քննիչ է քննում, հետո ուրիշ քննիչ է գալիս, գործը կարճում է հանցակազմի բացակայության հիմքով։ Այսօր ո՞վ կարող է ապացուցել՝ իրեն 15 տարի առաջ ծեծել են, թե՝ չէ։ Ես ապացուցել եմ, որ չորս ամիս չեմ լողացել Գորիսի բաժնում, պետությունից թուղթ ունեմ, որ ինձ 106 օր ապօրինի են պահել բաժնում։ Նախարարին ասել եմ, որ պետությունն ասում է, որ քեզ ապօրինի ենք պահել, ոստիկանապետին էլ տույժ ենք տվել, բայց ոստիկանապետը մահացել է, այդ տույժն ինձ բան չի ասում։ Նախարարին հարց եմ տվել՝ 106 օրվա ընթացքում իմ հետ կատարված քննչական գործողություններն ապօրինի՞ են, թե՞՝ չէ։ Ասում է՝ հա, եթե հա, դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներն ապօրինի՞ են, թե՝ չէ։ Ցանկացած իրավաբան էլ կհասկանա, որ վճիռն էլ է ապօրինի։ Ինձ մի հոգու ցուցմունքով դատել են, այդ մի հոգին էլ է 106 օր այնտեղ եղել։ Իրեն էլ են ապօրինի պահել, իր ցուցմունքն էլ է ապօրինի։ Ես ապացուցել եմ, որ ես չորս ամիս չեմ լողացել, իմ սենյակում զուգարան չի եղել, շաբաթ-կիրակի ինձ հաց չեն տվել։ Ասում էին՝ հացը քաղաքապետարանն է տալիս, իրենք շաբաթ-կիրակի չեն աշխատում, ինձ հաց չեն տվել։

Ինձ պետք է արդարացնեն, ես չգիտեմ, թե ինչի համար եմ այստեղ նստած։ Մահացած մարդուն կյանքիս մեջ տեսած չկամ։ Անցել է 17 տարի, այս ցուցմունքն ուզում եմ, որ մահացածի հարազատներն էլ տեսնեն։ Իրենք դատարանում ցուցմունք են տվել, որ ես իրենց տանը եղել եմ, բայց նման բան չի եղել։ Իրե՞նք չեն ուզում իմանալ, թե ինչ է եղել, մեկ հոգի նստած է ու վե՞րջ։ Ես չլինեի Պողոսն էր լինելու»,-ասաց նա՝ նշելով, որ թեեև դեռ երեք տարի ժամանակ ունի վաղաժամկետով ազատության մեջ հայտնվելու համար, բայց ընդհանուր գործընթացը տեղից չի շարժվում։

«Վաղաժամկետների ռեժիմի հարցն է, որ շատ դժվար է աշխատում։ Խոստացել են, որ այդ ուղղությամբ աշխատում են, խնդիրները բարձրաձայնել ենք, տեսանելի քայլեր կան։ Վաղաժամկետի համար դեռ շուտ է, երեք տարի ունեմ, որ դիմեմ։ Ես բազմիցս դիմել են, որ գործի մեջ սխալներ կան։ Ես երևան եկած նոր հանգամանքեր եմ բերել, 106 օր ապօրինի եմ պահվել։ Կամք չկա, որ նայեն»,-ասաց նա։

Faorrights.am-ը Արդարադատության նախարարույթանը ցմահ դատաապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու և Վաղարշակ Ավետիսյանի ահազանգած խնդիրների վերաբերյալ գրավոր հարցեր է ուղղել, որոնց պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest