Տարեսկզբից մահվան 11-րդ դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և նա տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը։
«Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապօգնություն և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Մելքումյանը։
Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը հոգեմետ դեղեր է ստացել տևական ժամանակ, նախնական տվյալներով՝ մահվան պատճառը գերդոզավորումն է եղել։ Factor TV-ի աղբյուրի խոսքով՝ անձը մեկուսացված է պահվել, ապրիլի 25-ի երեկոյան հերթապահը տեսել է, որ դատապարտյալը պառկած է եղել։ Արդեն առավոտյան՝ աշխատակիցների հերթափոխի ժամանակ, նրան կրկին հորիզոնական դիրքում տեսնելով՝ կասկածներ են առաջացել, բացել են խուցն ու հայտնաբերել, որ Ա.Մ-ի բերանից փրփուր է գալիս։ Հրավիրվել է շտապօգնություն, դատապարտյալը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց նա մահացել է։
Նշենք, որ անցնող 4 ամսվա ընթացքում սա ՔԿՀ-ներում մահվան 11-րդ դեպքն է, որից 5-ը՝ ինքնասպանություն. 3-ի դեպքում ինքնասպանության գործիք է հանդիսացել սավանը, մեկ անձ կախվել է ինքնաշեն պարանի օգնությամբ, ևս մեկն իր կյանքին վերջ է տվել ածելու միջոցով։ Նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրվել էր 12 դեպք, բոլորի պատճառն էլ եղել է կենսաբանական մահը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: