Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօրվա բողոքի ցույցի ժամանակ 11 կետանոց պահանջագիր փոխանցեց ՀՀ արտգործնախարարությանը։

«Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործնախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները՝ Մասնավորապես, պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։

Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք:

Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար»։

Արցախցիները պահանջում են նաեւ ԱԳՆ-ից դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի, օրինակ՝ Շվեյցարիային՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» եւ ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը: Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։ Հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։

Պահանջում են նաեւ թարմացնել ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության եւ մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը։ Դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու եւ փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։

Պահանջներից մեկն էլ այն է, որպեսզի ԱԳՆ-ն դիմի համապատասխան միջազգային կառույցներին եւ առանձին պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով՝ հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա: Նաեւ պահանջում են ապահովել Հայաստանի եւ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման եւ այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:

Մյուս պահանջը հետեւյալն է՝ դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը եւ սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների եւ զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ