Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քննել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքերը եւ պատժել մեղավորներին։ Արցախցիներն ասում են, որ հիմնականում ՀՀ իշխանությունների կողմից է հրահրվում ու ուղղորդվում այդ ատելությունն ու պառակտումը։

Միաժամանակ, իշխանությունները եւ նաեւ որոշ շրջանկաներ արցախցիներին հորդորում են գնալ ու արցախցի պաշտոնյաներից պահանջել թալանը հետ բերել ու դրանով լուծել արցախցիների բարձրացրած սոցիալական հարցերը։ Արցախցիներն այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ հարցադրում արեցին՝ ինչո՞ւ դատախազությունը չի պարզում՝ ովքե՞ր են այդ թալանչիները եւ ինչո՞ւ են հասարակ մարդկանց հորդորում գնալ ու թալանչի բռնել։

«Խնդրում ենք, ցույց տվեք այդ թալանչիներին եւ պատժեք, ես չգիտեմ՝ ի՞նչ է փոխվել, որ հասարակ քաղաքացուն ուղարկում են ինչ-որ թալանչիներ բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու։ Դուք ինքներդ գնացեք ձեր կողմից նշված թալանչիների հետեւից, բռնեք, եթե, իհարկե, դուք այդ թալանի մաս չեք»,- հայտարարեց Տաթեւիկ Խաչատրյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն ասաց, որ 7 տարի է՝ այս իշխանությունը խոսում է թալանչիների մասին, բայց չի բռնել, այսօր արցախցիներին են հորդորում թալանչի բռնել։ Իսկ եթե իշխանությունները թալանչիներին չեն բռնում, ըստ Իսրայելյանի, սա կասկածի տեղի է տալիս, որ նրանք այդ պրոցեսի մասնակից են։

«Թալանչիների մասին խոսում են մարդիկ, ովքեր շարունակում են այդ թալանն իրականացնել այսօր էլ․ թալանել եք իմ երկիրը, ծախել եք իմ երկիրը, Արցախը դուք ծախել եք, այ դա թալան է, դրա պատասխանը տվեք։ Ձեր ձեռքի տակ են բոլոր այդ հնարավորություններն ու փաստերը, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանն էլ, թալանչիների անուններն էլ»,- ասաց նա։

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ