Արայիկ Աղավելյանի հիշատակի անկյունը
Սեվիլա Սարգսյանն այսօր էլ հիշում է, թե ինչպես է լքել Կոլխոզաշեն գյուղի իրենց տունը, թողնելով ամենաթանկ հիշողությունները՝ որդու հետ. «Տղայիս՝ Արայիկին, միայնակ եմ մեծացրել, ուսման տվել։ Մենք երկուսով էինք ու բոլոր դժվարությունները միասին էինք հաղթահարում», հիշում է նա։
Որդու մանկության դրվագները մայրը պատմում է երկար դադարներով։ Արայիկը դեռ նոր էր ավարտել հիմնական դպրոցը, երբ զորակոչվում է ԱՀ բանակ, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանում. «Մի օր եկավ ու ասաց, որ հերիք է՝ ես հոգ տանեմ իր մասին, այժմ իր հերթն է», հիշում է մայրը։
«Մամ, ինձ հաց ուղարկի». Սրանք վերջին խոսքերն են, որ լսել է տիկին Սեվիլան, որդու հետ հեռախոսազանգից։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից առաջ, Արայիկը դիրքերից իջել էր 16-ին, տուն գնացել ու մոր հետ ընթրել։ Արայիկին մայրը հրաժեշտ է տվել սեպտեմբերի 17-ին և այլևս չի տեսել. «Նոր էր դիրքերից իջել, երբ զանգեցին ու հաջորդ օրը կանչեցին։ Պատերազմի օրը, ամսի 19-ի առավոտայն, պետք է ուտելիք ուղարկեի տղայիս, բայց չհասցրի։ Բոլորը գյուղից փախչում էին, սկսել էին կրակել»։
Օրվա մանրամասները հիշելիս, տիկին Սեվիլան ասում է՝ գոնե վերջին անգամ կարողանար որդու համար հաց ուղարկել դիրքեր. «Խանութում ինձ կես հաց տվեցին։ Հարևաններից մի քանի բան վերցրի, պայուսակի մեջ դրեցի ու այդպես էլ չուղարկեցի, երևի սոված էլ զոհվել է, չգիտեմ»։
Որդին՝ Արայիկ Աղավելյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին, Մարտունու «Թողլայեր» կոչվող մարտական դիրքում։ Նա 36 տարեկան էր, մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղվող բոլոր պատերազմներին. «Ցավոք, վերջին պատերազմը տարավ մինուճար որդուս», ասում է մայրը։
Արայիկի լուսանկարը՝ մոր վզնոցի վրա
Երբ սկսվում են մարտական գործողությունները, տիկին Սեվիլան կորցնում է իրեն՝ չգիտեր, թե որտեղ թաքնվեր, քանի որ ճանապարհին էր. «Ես վազեցի մեր տուն, նկուղ չունեինք մենք։ Եղբորս տունը շատ հեռու էր, չէի հասցնի գնալ։ Մնացի մեր տանը՝ վախի ու մենակության մեջ»։ Որոշ ժամանակ անց, Սեվիլան միանում է համագյուղացիներին ու թաքնվում նկուղում՝ որևէ լուր չունենալով Արայիկից ու եղբոր որդուց։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 20-ին, նա ասես ինչ-որ վատ կանխազգացում ուներ և սկսում է լաց լինելով հարցնել եղբորը, թե որտեղ է որդին. «Մենք զանգում էինք, բայց անհասանելի էր։ Ես երեկոյան իմացա, որ որդիս իբրև վիրավորվել է»։ Արդեն հիվանդանոցի ճանապարհին Սեվիլայի եղբայրը ասում է ճշմարտությունը։
Արայիկի զինվորական լուսանկարներից
Տիկին Սեվիլան վերջին անգամ չի կարողացել տեսնել որդուն, քանի որ մարմինն անճանաչելի էր։ Սպասել չէին կարող, քանի որ անհնար էր մարմինը որևէ տեղ պահել։ Սեպտեմբերի 22-ին ընտանիքը վերջին հրաժեշտն է տալ Արայիկին։ Հուղարկավորում են Մարտունիում. «Որդուս հողին հանձնելու հաջորդ օրը մեզ ասում են, որ պետք է լքենք գյուղը։ Ես չգիտեի՝ ինչ անել, քանի որ որդուս մարմինը թողնել չէի կարող», հիշում է Սեվիլան։
Այսօր, փոքրիկ վարձակալած բնակարանում, տիկին Սեվիլան ապրում է հարազտների հետ։ Որդու հիշատակի անկյունում հավաքել է այն ամենն, ինչ կարողացել է վերցնել իր հետ. Մի քանի լուսանկար, պատվոգրեր, բջջային հեռախոսը և մի քանի հագուստ։ Օրվա մեջ մի քանի անգամ, նա սրբում է բոլոր իրերը, դրանցից մեկը՝ առանձնահատուկ խնամքով. «Որդուս գերեզմանից մի բուռ հող եմ կարողացել բերել, ուրիշ ոչինչ։ Այս անկյունը մեր ջանքերով ենք ստեղծել, ոչ լուսանկար ունեինք», ասում է տիկին Սեվիլան։
Արայիկի գերեզմանից բերված հողը
Գաղթի ճանապարհը տիկին Սեվիլան բռնում է դատարկաձեռն՝ ետևում թողնելով ամենաթանկը։ Եղբոր ընտանիքի հետ, սեպտեմբերի 25-ին հասնում է Ստեփանակերտ և մեկ օր այնտեղ անցկացնելուց հետո ճանապարհվում է դեպի Հայաստան։ Շուրջ երեք օր տևած ճանապարհը շուտով ավարտվում է։ Այժմ 9 հոգանոց ընտանիքը հաստատվել է Մասիս քաղաքում։
Որդու կորստի հետ մայրը հարմարվել չի կարողանում։ Ասում է՝ ամեն գիշեր որդուն է երազում տեսնում ու թե ինչպես է հացը հասցնում նրան. «Գոնե ամուսնացած լիներ, մի թոռնիկ ունենայի։ Կարոտս իրենցով կառնեի, որդուս հիշատակը վառ կմնար», ասում է նա։
Շուշան Փափազյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: