Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Պահանջագրի քաղաքական պահանջները ներկայացվում է ստորև:
- Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը:
- Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար
- Կազմակերպել միջազգային դոնոր համաժողով
- Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները:
- Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ
- Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։
- Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
- Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից
- Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:
- Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։
Կառավարությունից պատասխանել են արցախցիների պահանջագրին, բայց միայն սոցիալական հարցերի մասով։ Քաղաքական պահանջները՝ հայցերի հետ կանչնան անընդունելիության, Մինսկի խմբի շրջանակնելրում Արցախի հարցով բանակցությունների վերսկսման, Արցախի լեգիտիմ ներկայացուցիչների հետ՝ արցախցիներին վերաբերյալ հարցերի ընդունման ժամանակ խորհրդակցելու պահանջները անտեսվել են։ Միայն ասվել է, որ 1,5 տարվա ընթացքում արցախցիների կարիքների համար ծախսվել է 115 մլրդ․դրամ /համեմատության համար ասենք, որ մինչ 2024 թ․ Հայաստանի հանրապետությունը Արցախին տարեկան 144 մլրդ․ դրամ էր տրամադրում/։
Այդքանով հանդերձ ՀՀ Կառավարությունը չի ընդունել արցախցիների հիմնական սոցիալական պահանջը․ չկրճատել 50 հազ․ չափի տրամադրվող աջակցությունը մինչդեռ մարդիկ չեն ապահովվել բնակարաններով և չեն կարողացել լուծել զբաղվածության հարցը։ Կառավարության պատասխանի տոնայնությունը խիստ մեղադրական և «երեսով տվող» է։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն եւ արժանապատիվ կենսապայմանների ապահովման պահանջի վերաբերյալ դիմումում բերված ձեւակերպումներն անտեսում են 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած մեծածավալ աշխատանքը, ինչը համարում ենք անընդունելի: Դրանք աղերս չունեն իրականության հետ, չեն արտահայտում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական սոցիալական խնդիրներն ու շահերը եւ նրանց խոցելի սոցիալական վիճակը շահարկելու միտում ունեն, ասված է Կառավարության պատասխանի մեջ:
Կառավարությունը թվարկել է այն օգնությունը, որը տրամադրվել է ամեն ինչ կորցրած, 9 ամսվա բլոկադային, սեպտեմբերի 19-ի արյունալի ագրեսիային, ցեղասպանությանը և տեղահանությանը դիմացած արցախցիներին։ Կարավարությունը չի ասել, որ գումար չունի աջակցությունը շարունակելու համար, հակառակը՝ պնդել է, որ կարիք չկա «միջազգային դոնորական կոնֆերանս» հրավիրելու։
Կառավարությունը չի ասում, թե ինչո՞ւ այդ դեպքում չի շարունակում աջակցությունը, չի վերանայում քաղաքացիության ընդունելու մասին պահանջը և բնակապահովման ծրագիրը։ Ինչո՞ւ կառավարությունը չի ստեղծում արցախցիների ներկայացուցիչների հետ համատեղ մարմին, հիմնադրամ, հոգեբարձուների խորհուրդ, որոնք կգնահատեն կարիքները, էֆեկտիվ ծրագրեր կմշակեն և կվերահսկեն տրամադրվող գումարները։
Ի՞նչ քաղաքական խնդիր է լուծում Կառավարությունը արցախցիների նկատմամբ՝ նսեմացնելուց և մարգինալիզացնելուց բացի։ Արդյո՞ք այն ունի տեսլական արցախցիների ճակատագրի վերաբերյալ։
Ինչպես պատմում են արցախցիների ներկայացուցիչները, որոնք օրերս մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման, նրանց մի քանի անգամ նախատել են և կոչ արել «շնորհակալ» լինել, նույնիսկ նշել են, որ հազարավոր մարդիկ երազում են փոխվարչապետին հանդիպել, իսկ դուք չեք գնահատում։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: