«40+10»-ի դադարեցում = հարկադիր արտագաղթ. այս տողերն են գրում կառավարական շենքերի դռներին Արցախից բռնի տեղահանված հայերը։ Նրանց Փաշինյանի կառավարությունը ապրիլի մեկից զրկել է տան բնակվարձի և կոմունալ վճարների համար տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից։ Ապրիլի մեկից գումարը ստանում են անչափահասները, թոշակառուներն ու կերակրողին կորցրած անձիք և այն 18 տարեկանից բարձր տարիք ունեցողները, որոնք ուսանողներ են։  Այս աջակցության շահառուների շրջանակի նեղացումը լուրջ հարված է արցախցիների համար, քանի որ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի մեկ կամ երկու անդամ է ստանալու այդ աջակցությունը։

«Մենք գիտենք, որ Հայաստանում բնակարանների վարձավճարները, ինչո՞ւ չէ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վճարներն ու ծառայությունները եվրոպական քաղաքների գների են հասել, ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձն այս աստիճան բարձր չէ»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Մարիամ Աբրահամյանը։

Արցախցիները ընդդեմ կառավարության որոշման արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսել իրականացնել։ Ապրիլի երեք նրանց ընդունել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Կառավարության շենքում ավելի քան մեկ ժամ փոխվարչապետի հետ քննարկումից հետո հայտարարեցին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները, նրանցից երեքն էին գործադիրի շենք մտել:

«Բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում էինք Կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք», — ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, որը հանդիպել էր ևս երկու հոգու հետ փոխվարչապետին։

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին հրավիրել ու 12-կետանոց պահանջագիր ներկայացրել Կառավարությանը՝ իրենց վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման հարցերից մինչև Կառավարության սոցիալական ծրագրեր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ 12 կետերից քննարկվել է միայն մեկը՝ սոցիալականը, մյուսներին, ասել են, «գրավոր կպատասխանենք»:

«Բնակարանային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստ են, մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր, և պատրաստակամ են քննարկումների: Այսինքն՝ էս պահի դրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով, 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի, նաև՝ սոցիալական ծրագրի մասով ասում են՝ փորձագիտական խմբեր ձևավորենք և սկսեն աշխատել», — փոխանցեց Մարգարյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամի կարծիքով ՝ այդ պատասխանը նշանակում է մերժում: Ապրիլի 1-ից բնակվարձի աջակցության 40+10 հազարական դրամի ծրագիրը կրճատվել է՝ այժմ այն միայն անչափահաս, թոշակառու, հաշմանդամությամբ մարդկանց ու մի քանի այլ խոցելի խմբերի համար է՝ նրանք կստանան 40 հազար, մի քանի ամսից՝ 30 հազար դրամ: Արցախցիներն ահազանգում էին, որ դրսում են հայտնվելու, իրենց համար նախատեսված բնակարանային ծրագիրը խնդիր չի լուծում: Կառավարությունում այսօր մեկ այլ ծրագրի մասին են անոնսել.

«Մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի. եթե ընտանիքում, օրինակ, կա չորս անդամ, և ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 55 հազարից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70 հազար աջակցություն, որը, բնականաբար, չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք ևս նշել ենք», — հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ է ներկայացրել Հայաստանի կառավարությանը. — «Նախաձեռնողական, հետևողական ու պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերն՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության ու միջազգային ատյանների օրակարգում, արցախցիների ճակատագիրը որոշող հարցերում ներգրավել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներին, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Նրանք Հայաստանի իշխանությունից պահանջում են դադարեցնել արցախցիների նկատմամբ ատելության քարոզն ու պատժել այդ մարդկանց:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝ Ա. բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը: Բ. նոր, արդար ու արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ: Հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանցից բխող պարտավորությունները: Վերանայել Արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հակասահմանադրական որոշումը»,-նշված է նրանց պահանջագրում։

Արցախցիները նախորդ շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել, վրան տեղադրել, այցելել Փաշինյանի կեցավայր, առաջիկայում այլ գործողություններ էլ կիրականացնեն։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ