Ծննդով ստեփանակերտցի 61-ամյա Սուսաննա Հակոբյանն ամուսնացել էր Շուշիում։ Նրա ամուսինը՝ շուշեցի Ռոմիկ Աթայանը, ակտիվորեն ներգրավվել էր Արցախյան շարժմանը և կամավոր ընդգրկվել ինքնապաշտպանական ջոկատներին։ 1992թ. Շուշին ազատագրվեց և նրանք ընտանիքով վերադարձան բերդաքաղաք։

«Պատերազմն իր հետքը թողեց մեր կյանքում։ Մինուճար եղբայրս՝ Ռոբերտը, ծառայում էր «Շուշվա Վաչոյի»՝ Վաչագան Իշխանյանի գնդում։ 1994թ. եղբայրս զոհվեց Ակնայի շրջանի ազատագրման ժամանակ։ Շուշիում ապրել ենք մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը։ Օր ու գիշեր աշխատել ենք, ամեն ինչ ստեղծել, ավերված տուն վերակառուցել, բացել ճաշարան, հանդիսությունների սրահ, խանութներ։ Շատ ենք չարչարվել ու մեր աշխատանքով այդքանը ստեղծել։ Սակայն 2020թ. պատերազմով խաթարվեց ամենը։ Արկակոծության ժամանակ 85-ամյա հայրս մինչև պատերազմի վերջը նկուղում էր մնում, և երբ իրավիճակն օրհասական դառավ, ոստիկանները նրան ուղարկեցին Հայաստան՝ Աղավնաձորի պանսիոնատ։ Առողջական խնդիրներ ուներ ու երբ տեսակցեցինք, զգուշացրեց, որ Ստեփանակերտ վերադառնալուց անպայման իրեն էլ տանենք», — պատմեց կրկնակի տեղահանված արցախցի կինը։

Տարեց տղամարդը, սակայն չդիմացավ կյանքի հարվածներին, պատերազմական իրավիճակին, տուն ու տեղից հեռու գտնվելուց և կորոնավարակի հետևանքով 10 օրվա ընթացքում հյուծվելով մահացավ։ Ամուսինն ու քրոջ զավակները կազմակերպել և 85-ամյա հոր մարմինը Հայաստանից տեղափոխել ու հուղարկավորել են Ստեփանակերտի գերեզմանատանը։

«Արցախի մեծ մասը և Շուշին կորցնելուց հետո վերադարձանք Ստեփանակերտի իմ հայրական տուն։ Պետության աջակցությամբ այն վերանորոգել ենք՝ հուսալով, որ կյանքը շարունակվում է, բայց արի ու տես, 2023թ. դրանից ավելի վատ վիճակում հայտնվեցինք։ Սեպտեմբերի 19-ին երեխեքը դպրոցում էին, մենք էլ արկակոծությունների տակ վազեցինք դպրոցի նկուղ և նրանց գտնելով մնացինք այդտեղ։ Մի 2 օրից հայտնեցին, որ կռիվը կանգնեցրել են ու մենք նկուղից դուրս եկանք։ Մեր տունը կենտրոնական շուկային կից թաղամասում էր՝ «բազարին թաղումը»։ Շուկայի մոտ տեսանք քաղաքի վերևի թաղամասերից ոտաբոբիկ վազող մարդկանց, որոնք շտապում էին դեպի աէրոպորտ, ասելով, որ թուրքերն արդեն մտել են մեր քաղաքը», — հուզված վերհիշեց տիկին Սուսաննան։

Մինչ պատերազմը պաշարված արցախահայությունը դիմակայում էր փորձություններին։ Մեր զրուցակցի հարսը հղի էր և մի կերպ էին կարողանում սնունդ հայթայթել։ Շրջափակման ամենածանր փուլում Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և հյուծված ու կիսասոված արցախահայերը կենաց ու մահու կռիվ տալով միջանցք ստացան, որ փրկվեն ցեղասպանությունից։

«Արդեն ոչ թե տուն-տեղ ենք կորցրել, այլ հայրենիք։ Ամենացավալին հայրենիք կորցնելն է։ Երբ  պիտի լքեինք Արցախը, հիշեցի, թե ինչպես փոքր տարիքում, մորս հարցնում էի՝ ո՞րն է ցիգանների(գնչուների)հայրենիքը, նա ասաց, որ հայրենիք չունեն։ Մենք նույնիսկ չհասցրինք հրաժեշտ տալու զոհված եղբորս, նրա որդու և մեր հարազատների շիրիմներին։  Հարսս հղի էր երրորդ երեխայով և շատ դժվարություններ ունեցանք։ Ի վերջո հասել ենք Մասիսի շրջան և մի 30 հոգով ապրել տալիս տանը։ Կեսը ավտոյի մեջ են քնել, կեսը հայաթում։ Ամուսնուս առողջական վիճակն էլ վատացավ։ Նա արցախյան առաջին պատերազմից հետո ինֆարկտ էր տարել և սրտի խնդիրներ ուներ»,- հուզված պատմեց կինը։

Տեղահանությունից հետո տիկին Սուսաննայի ամուսինը բուժվում էր տարբեր հիվանդանոցներում, իսկ ընտանիքի սոցիալական խնդիրներն էլ խորանում էին։ Զբաղվածության, բարձ բնակվարձի ու այլ խնդիրների պատճառով տղան ընտանիքով տեղափոխվեց ՌԴ, որ գոնե այնտեղ կարողանան գոյատևեն։

«Մենք էլ ամուսնուս հետ մնում էինք Գորիսի հյուրանոցներից մեկում։ Ամուսնուս առողջական վիճակը կարծես լավ էր, դեղերը խմում էր՝ օրը 10-15 հաբ։ Մի օր էլ քրոջս տնից վերադառնալուց կես ժամ հետո նա հանկարծամահ եղավ…սրտի թրոմբի հետևանքով։ Հուղարկավորեցինք Խաչպար գյուղի գերեզմանոցում։ Պատերազմները, դժվարություններն ու նեղությունները, հայրենիքի կորուստն անհետք չանցան մեր կյանքում։ Ամուսինս լավատես էր, նա հորդորում էր չմտածել կորցրած ունեցվածքի համար, ասում էր՝ կարևորը փրկվել ենք, սակայն նա չէր հանդուրժում հայրենիքի կորուստը և ապրեց ընդամենը 63 տարի», — դառը կսկիծով ասաց որբևայրի կինը։

Տիկին Սուսաննայի ամենամեծ ցավն այժմ գերիների վերադարձի հարցն է։ Մեկօրյա պատերազմի ժամանակ Սզնեք գյուղից գերեվարվել է նրա տալի փեսան՝ Փաշայան Մելիքսեթը, որ հետ էր դարձել գյուղ՝ հորեղբորը գտնելու համար և գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես չեն զբաղվում այդ հարցով ու գերիների հարազատներն Աստծո հույսին են մնացել։ Միայն Կարմիր խաչի միջոցով են տեղեկություն ստանում գերիներից։

Այժմ որբևայրի կինն ապրում է Երևանում՝ զոհված եղբոր տեղահանված ընտանիքի հետ։ Նա փափագում է ապրել ծննդավայր Արցախում, բայց ներկայիս իրավիճակում դա անհնար է համարում

«Ղարաբաղցիներից ոչ մեկն էլ չէր ուզում դուրս գալ, մանավանդ այնտեղ ապրել են ամենաազգասեր ու հայրենասեր մարդիկ։ Պնդաճակատ ապրել ենք նույնիսկ 2020թ.-ից հետո։ Իսկ հիմա հուսալքված, ծանր կյանքով ենք ապրում։ Կարիքների մեջ ենք, տան և փաստաթղերի հետ կապված խնդիրներ ունենք ու հիմա էլ 50-ները, որ կտրեն, ո՞նց պիտի մարդիկ ապրեն։ Անպատկերացնելի է», — վրդովված հավելեց կրկնակի տեղահանված արցախցի կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ