Արցախից բռնի տեղահանված քաղաքացին պետության կողմից տրված աջակցությամբ տուն է կառուցել ու կանգնել նոր խնդիրների առջև։  Forrights.am-ին ահազանգած Վարուժ Հայրապետյան ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում օգտվել ջրամատակարարման և գազաֆիկացման ծառայություններից։

«Ինձ 16 մլն դրամ են տվել, համ տուն եմ կառուցում, համ՝ գոմ։ Ես փող չունեմ, ամեն ինչ իրենց տված 16 մլն դրամով եմ անում։ Որպեսզի դառնամ ջրի և գազի բաժանորդ պետք է 1,5 մլն դրամ գումար վճարեմ, պետությունը օրենքով այս գումարը չի նախատեսել։ Հիմա չգիտեմ՝ ոնց անեմ»,-ասաց Վարուժ Հայրապետյանը։

Վարուժ Հայրապետյանը 13 տարի Արցախում է բնակվել։ Վերաբնակեցման ծրագրով Քաշաթաղի շրջանի Կովսականի Մուշ գյուղում է ապրել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ շրջանն անցել է թշնամուն, նա ստիպված է եղել լքել իր տունը։

«Պատերազմից հինգ տարի է անցել, բայց հողը, որի վրա տուն պետք է կառուցեի, երկու տարում են տվել՝ ձգձգելով։ Այս ընթացքում մի օր սրա տանն եմ բնակություն հաստատել, մի օր՝ նրա։ Հիմա Սյունիքի մարզի սահմանամերձ Խոտ գյուղում եմ տուն սարքում, մի քանի ամսից շինարարությունն ավարտվում է, բայց կոնունալ ծառայությունների խնդիր ունեմ։ Փող չունեմ, որտեղի՞ց ունենամ, էժան չի»,-ասաց նա՝ նշելով, որ մեկ մլն դրամից ավելի գումար է անհրաժեշտ ջրի և գազի մատակարարումն իր նորակառույց տանն ապահվելու համար։

«Ես հիմա Երևանում պահակ եմ աշխատում,  80 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում։ Ամսվա վերջ պետք է էլի գնամ Խոտ, որ շինարարությունը շարունակեմ»,-ասաց նա նշելով, որ խնդրի մասին հայտնել է Աշխատանքի և սոցալական հարցերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ։

«Տարածքային նախարարությունը դիմել է մարզպետարանին, մարզպետարանն էլ ասում է, որ դա մեր սեփականությունն է, մենք պետք է վճարեն։ Մեզ փող որտեղի՞ց։ Կարող է՝ շինարարությունն ավարտեմ ու չկարողանամ իմ նոր տանն ապրեմ։ Շինանյութի գումարը կոպեկ կոպեկ հաշված է։ Ես հոսանքը միացրել եմ, բայց ռիսկ չեմ անում ջուրն ու գազը քաշեմ, շինարարույթունը կկանգնի։ 240 հազար դրամ մուծել եմ, լույսը քաշել եմ։ Ջրի համար մոտավոր 250 հազար դրամ է պետք, գազն էլ մոտավոր 900 հազար դրամ է պետք։ Էսքան չարչարվում եմ, ուզում եմ ապրեմ իմ տան մեջ, բա ինչի համար եմ սարքում։ Շինարարության համար ջուրը հարևաններից եմ ուզում, բայց արդեն ամաչում եմ»,-ասաց նա։

Հայրապետյանների ընտանիքում չորս անձ են․Վարուժը, կինը և երկու երեխաները։ Նա նշում է, որ այժմ ընտանիքի անդամները տարբեր բարեկամների տանն են ապրում։ «Կինս հերանց տանն է ապրում, երեխաները՝ մի բարեկամի, սենց խառը պատմությունների մեջ ենք մինչև մեր տունը սարքենք։ Գոմը սարքել եմ, հորթ եմ պահելու, գործ եմ գտնելու, աշխատեմ։ Իմ աշխատնքի շնորհիվ պետության տված 16 մլն դրամին այնքան եմ ավելացրել շինարարության համար, որ դարձել է 21 մլն դրամ, բայց էլ հնար չկա, որ գազն ու ջուրն էլ միացնեմ»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ