«ՆԳՆ-ից ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ մինչև ծառայողական քննության ավարտը որևէ ոստիկանի պաշտոնավարում չի կասեցվել, որոնք բռնության են ենթարկել Տիգրան Ուլուբաբյանին։ Ինչո՞ւ մեկ այլ քաղաքացու՝ Սամվել Գրիգորյանի, բռնության դեպքով որևէ գործընթաց չի սկսվել։ Երրորդ՝ ինչո՞ւ են մարդկանց կանչում ՆԳՆ և հորդորում իմ դեմ հաղորդում ներկայացնել։ Այս հարցերի պատասխանն ենք ուզում ստանալ, խտրական վերաբերմունքի պատճառը ո՞րն է»,-Ներքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի փաստաբան Ռոման Երիցյաննը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր և մի խումբ աջակցիների ձևակերպած պահանձը, որոնք փորձում էին նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպել։
Ակցիայի մասնակիցները Քննչական կոմիտեի մոտից էին քայլերթով հասել Ներքին գործերի նախարարության շենքի մոտ։ ՆԳՆ-ի մոտ ելույթի ընթացքում Ռոման Երիցյանը կրկին հարց բարձրաձայնեց, թե ինչու Վանաձորում արցախցի Տիգրան Ուլուբաբյանին բռնության ենթարկած ոստիկանները ձերբակալված չեն և ինչպես են շարունակում պաշտոնավարել։ Հիշեցնենք՝ Ռոման Երիցյանը զբաղվում է ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարած Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությամբ, վերջին օրերին բողոքի ակցիաներ էր կազմակերպում Քննչական կոմիտեի դիմաց՝ ի պաշտպանություն արցախցի երիտասարդի: 29-ամյա արցախցին պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել:
«ՆԳՆ-ն պատժողական քաղաքականություն է սկսել այն անձանց նկատմամբ, ովքեր դեմ են դուրս եկել ոստիկանության խոշտանգումներին։ Ոստիկանական խոշտանգումները մեծ խնդիր է արցախցիների համար, ոչ միայն արցախցիների այլ նաև ՀՀ ցանկացած բնակչի համար, բայց առավել արցախցիների համար»,-հայտարարեց Ռոման Երիցյանը, որի կոչերին ի պատասխան տեղում ծառայություն իրականցնող ոստիկանները փոխանցեցին, որ կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչները կառույցում չեն։ Ռոման Երիցյանն առաջարկեց որևէ պատասխանատու պաշտոնյայի գալ և հանդիպել իրենց։ Տևական ժամանակ սպասեդլուց հետո փաստաբանն ու աջակիցները փակեցին ՆԳՆ շենքին հարող փողոցը։ Ակցիային մասնակցող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտարարեց, որ իրենց նպատակը խոշտանգումների դեպքերը պատշաճ քննության ենթարկվեն։
«Փորձ չանեն ծածկադմփոց անեն։ Այն ինչ կատարվել է ամենաբարձր մակարդակով խոսել են այս մասին և միտում կա սա քողարկելու։ Վատ է, որ այս բարձրաձայնումներին հաջորդում է հետապնդման գործընթացներ փաստաբանի նկատմաբ։ Փոխանակ պետությունը դեպքն ամբողջությամբ բացահայտի, մեղավորներին պատասխանատվության ենթարկի, հակառական է անում, գործընթացներ է սկսում փաստաբանի նկատմամբ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ռոման Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է իր դեմ՝ «ստիպելով տարբեր անձանց հաղորդում ներկայացնել»։ «Այն անձը, որն իմ դեմ հաղորդում է ներկայացրել՝ վստահեցնում եմ, երկուշաբթի ինձ հետ գալու է ՔԿ և պատմի իրականությունը։ Իմ դեմ իբրև հաղորդում է ներկայացվել քաղաքացիաիրավական գործարքին։ ՆԳՆ-ն այդ նմարդուն մոլորեցրել է, գրել-ստորագրել են մի բան, որ իբր մեր մեջ քրեական բան է եղել։ Բոլորի համար ակնհայտ է, թե ինչու են իմ հետ կապված նման բան արել, դա կապված է Տիգրան Ուլուբաբյանի հետ կապված իմ գործողությունների հետ, պատժողական գործողություն են իրականացնում»,-ասաց Ռոման Երիցյանը։
Ի վերջո ցուցարարների հետ հանդիպեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը և հայտնեց, որ որևէ անձի դեմ արշավ չեն սկսել։ «Բոլորը մեր հայրենակիցներն են, բոլորի հանդեպ կա հավասար վերաբերմունք։ Մենք ցանկացած հաղորդում, որը ստանում ենք, միանգամից ուղարկում ենք նախաքննական մարմնին՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։ Ձեր նշած դեպքով հաղորդում է եղել, ուղարկել ենք ՔԿ։ Եթե կարծում եք, որ կա հակաիրավական գործողություն կարող եք հաղորդում ներկայացնել, ձեր հաղորդումը նույնպես փոխանցելու ենք ՔԿ-ին»,-ասաց Նարեկ Սարգսյանը։
Ռոման Երիցյանն ի պատասխան ասաց, որ իրավապահները զանգահարել են Գրիգորի Սահակյան անունով քաղաքացուն, հրավիրել են ՆԳՆ և հորդորել իր դեմ հաղորդում ներկայացնել։
Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ արցախցիների պաշտպանությանը նվիրված ևս մեկ ակցիա էլ տեղի կունենա մարտի 29-ին Ազատության հրապարակում։
Նարեկ Կիրակոսյան