Արցախցի 68-ամյա Ջուլիետա Գրիգորյանը կայացել և ամուսնացել է Ստեփանակերտում, ունի 3 զավակ, 7թոռ։

«Լավ ենք ապրել, ամուսինս խելոք, գրագետ մարդ էր։ Արցախյան շարժման ժամանակ նա Ասկերանում էր աշխատում։ Թուրքերը փակել էին շրջկենտրոն տանող ճանապարհները։ Հայերի ինքնապաշտպանական պայքարի շնորհիվ թուրքերը հետ մղվեցին։ Շատ դժվարություններ ենք ունեցել. գործադուլներ էին, աշխատավարձ չէինք ստանում, բայց պայքարել ենք, որ մեր տներում, մեր հողում ապրենք։ Չենք թողել, որ թուրքը մեր հողը գրավի։ Աստված օրհնի մեր երիտասարդներին, որ իրենց մեջ էնքան ուժ են գտել, պաշտպանել են մեր հայրենիքը։ Հետո պատերազմ սկսվեց և էդքան զոհեր տվեցինք, էդքան ջահելներ պայքարեցին, որ հետո խաղաղ ապրենք։ Եվ մինչև 2020թ. պատերազմն ապրում էինք խաղաղ ու նորմալ պայմաններում»,- Արցախում ապրած իր տարիների մասին պատմեց տիկին Ջուլիետան։

Դժվարություններով հանդերձ մեր զրուցակցի ընտանիքը բազմահազար արցախահայերի նման կառչել են իրենց բնօրրանից, դիմակայել բոլոր փորձություններին։

«Հողամաս ենք ունեցել ու ամեն ինչ ցանել՝ կարտոֆիլ, լոբի, պոմիդոր, վարունգ և կիսվել բարեկամների հետ։ Պատերազմի ժամանակ էլ էինք հողամաս գնում։ Թեկուզ ռմբակոծում էին, ես ու ամուսինս ժամանակ էինք գտնում և հողամասի բերքը հավաքում էինք։ Ինչ բերում էինք՝ եփում և հյուրասիրում էի նկուղներում գտնվող մարդկանց։ 44-օրյա պատերազմին տղաներս ստիպեցին և մենք զոռով, լաց ու կոծով տարհանվեցինք Հայաստան։ Ասում էին՝ մեր ոտերը կապում եք ստեղ, գնացե՛ք։ Էն ժամանակ 90-անց կեսրայրս, հայրս ու մերացուս էլ էին մեզ հետ։ Միասին ճանապարհվեցինք, տղաներս մնացին Արցախում։ Սակայն հայրս չդիմացավ և 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի օրը, այսպես կոչված հրադադարի ստորագրման գիշերը՝ մահացավ …»,- վերհիշեց արցախցի կինը։

Նոյեմբերի 9-ի գիշերը նրանց համար հատկապես ծանր էր։ Տիկին Ջուլիետայի ամուսինը կազմակերպեց հոր աճյունի տեղափոխումն Արցախ, որ Ստեփանակերտում հուղարկավորեն։

«Հորս հուղարկավորել ենք Ստեփանակերտի գերեզմանոցում՝ մորս մոտ։ 2021թ.-ին էլ սկեսրայրս մահացավ։ Շատ դժվարություններ ու նեղություններ կրեցինք, բայց սկսեցինք կարգի բերել մեր տունը, մի թեթև վերանորոգեցինք, սակայն մեկ տարի անց սկսվեց բլոկադան։ Այդ ամիսներին մեր հողամասի բերքը կիսում էինք մարդկանց հետ՝ շարունակելով պայքարել, բայց չէինք պատկերացնում, որ վերջում կհայտնվենք այս վիճակում։ Սեպտեմբերի 19-ին ես, հարսս, թոռս տանն էինք, երբ սկսվեց ռմբակոծությունը։ Փոքր տղա թոռնիկս քոլեջում էր, աղջիկս էլ՝ աշխատանքի ու ոտերս թուլացան, սկսեցի լացել՝ վա՜յ երեխեքս…  Մարդիկ արդեն իջել էին նկուղներ։ Շատ անհանգիստ էինք, հետո աղջիկս մի կերպ եկավ, տղաս էլ մեքենայով թոռնիկիս բերեց։ 44-օրյա պատերազմին հորս տունը ռմբակոծել էին, տանը ինչ մնացել էր՝ դիվան, կրեսլո, բերել էինք նկուղ։ Անընդհատ ռմբակոծում էին, չորս կողմից քաղաքը շրջապատել էին և մենք հասկացանք, որ դրանք ուզում են, որ ժողովուրդը դուրս գա։ Կամ պիտի մտնեին ժողովրդին փրթեին՝ կոտորեին կամ էլ պիտի դուրս գայինք»,- պատերազմական օրերը ներկայացրեց արցախցի կինը։

Մեկօրյա պատերազմից մի քանի օր հետո ադրբեջանցիները միջանցք տվեցին, որ բնակիչները հեռանան։ Տիկին Ջուլիետան չէր համակերպվում իրականությանը ու ամուսնու հետ «Պապիկ-տատիկ» հուշակոթողի հետևի ձորակի բոստանն են գնացել, բերքը հավաքել ու բերել բաժանել մարդկանց։ Ստեփանակերտի բակերում բնակիչները վառարաններ էին տեղադրել, որ հաց թխեն, եղած-չեղածով կերակուր պատրաստեն։

«Էն ժամանակ ոչ մի բան չկար, այլուր էլ չկար։ Տղաս Ճարտարից մի ծանոթի միջոցով ցորեն էր հայթայթել, աղել տվել ու այդ ալյուրով հայաթում հաց եմ թխել։ Երեխեքը սոված էին, հավաքվում էին, մենք էլ կտրտում՝ բաժանում էինք։ Մի քանի օրից հետո արդեն ստիպված բոլորը սկսեցին տեղահանվել։ Տղայիս մեքենան անսարք վիճակում էր, վստահ չէր, որ կկարողանանք տեղ հասնել։ Այդ պատճառով էլ հորդորել էր ոչինչ չվերցնել, որ կարողանանք գոնե անցակետ հասնել։ Երկու օր ծանր ճանապարհ անցանք։ Դե Հակարի կամրջի մոտ էլ էնքա՜ն էի անհանգիստ, էնքա՜ն էին երկար ստուգում, անընդհատ ցուցակի էին նայում։ Տղայիս համար էի շատ անհանգստանում, բայց փառք Աստծո, երեխեքով ողջ առողջ հասել ենք Երևան»,- հուզված վերհիշեց տիկին Ջուլիետան։

Այժմ թոշակառու ամուսիները վարձով ապրում են Երևանում։ Դժվարություններ շատ ունեն։ Մտահոգված են ապրիլից արցախցիների բնակվարձի աջակցության ծրագրի դադարեցման կապակցությամբ, չգիտեն ո՞նց պիտի անեն, որ և՛ բնակվարձն ու կոմունալները վճարեն, և՛ գոյատևեն։ Իսկ ՀՀ կառավարության կողմից մշակված արցախցիների բնակապահովման ծրագրով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։

«1,5 տարի է անցել, ոչ մեկին էլ բնակարանով չեն ապահովել, կարծես արցախցիները գոյություն չունեն ՀՀ իշխանությունների համար, արհամարհում էլ են։ Բոլոր արցախցիները նույն խնդրի առջև են կանգնած ու հույս էլ չկա, որ տուն կտան, գոնե շարունակեին 50 հազարների աջակցությունը, մինչև մի հարց լուծվի։ Եթե հետվերադարձի պայմաններ լինեն, մենք կվերադառնաք, իսկ հիմա չգիտենք, մեր վերջն ինչ պիտի լինի»,- հավելեց տիկին Ջուլիետան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան 

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ