Ոստիկանների կողմից բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանը մարտի 20-ին Քննչական կոմիտե էր բերել այն հագուստը, որով ներկայացել էր ոստիկանության Լուռու մարզային վարչություն։ Նա բերել էր քննիչներին ցույց տար հագուստի վրա առկա հետքերը, որոնք բռնության հետևանքով էին առաջացել։
«Սա կոֆեի հետք է, որ Տիգրանի վրա շպրտել են, քաշքշուկի հետքեր են»,-ՔԿ-ի դիմաց ցույց տալով Տիգրանի տաբատն ու բլուզը ասում էր նրա փաստաբան Ռոման Երիցյանը և ցույց տալով «վադալազկան» նկարագրում էր, թե ինչպես են վզի հատվածի ծալվող մասը բարձրացրել վերև, ծածկել դեմքը և մի քանի անգամ ապտակել։
Հիշեցնենք՝ Տիգրան Ուլուբաբյանը հայտարարել էր, որ իրեն բռնության են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ այդ թվում, վարչության պետը։ Նրան հայհոյել ու բազմաթվիվ հարվածներ են հասցրել՝ պահանջելով, որ իր վրա վերցնի իր իսկ ազգականի տնից կատարված ոսկեղենի գողության մեղքը, ինչին Տիգրանն ընդդիմանում է, նման բան չի արել։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորում մարտի 14-ին: Քրեական գործը հարուցվել է չորս օր անց՝ մեծ աղմուկից հետո: Մինչ օրս հստակ չէ, թե ինչ քննչական գործողություններ են արել իրավապահները, որ հայտնաբերեն Ոստիկանության Լոռու մարզային վարչության այն աշխատողներին, որոնք ծեծել են Տիգրանին։
Քննչական կոմիտեում Տիգրան Ուլուբաբյանն ու փաստաբան Ռոման Երիցյանը հանդիպել են ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ Փաստաբանի փոխանցմաբ՝ Արթուր Պետրոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կանցկացնեն` բացահայտելու Տիգրան Ուլուբաբյանին առերևույթ խոշտանգելու գործը։ Սակայն, Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ այս պահին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և նրա հինգ աշխատողներին ձերբակալելու հիմքեր չկան: Այսօր Քննչականում նախատեսվում են Ուլուբաբյանի և երկու ոստիկանների առերեսումները:
«ՔԿ նախագահը վստահեցրել է, որ հիմքեր լինելու դեպքում ձերբակալումը չի հապաղելու։ Ես մնում եմ այն կարծիքին, որ հենց հիմա էլ առկա են հիմքեր երկու ոստիկաններին ձերբակալելու համար։ Կոնկրետ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, որը կազմակերպել է Տիգրանին «մշակելու» հանձնարարական է տվել և պահանջել, որ Տիգրանն այս դեպքի մասին չբարձրաձայնի։ Մյուս ոստիկանի անունն էլ Գոռ է, որը հարվածներ է հասցրել Տիգրանի գլխին։ Տիգրանը հստակ տվյալներ է նշում, որով ոստիկանները նույնականացվում են՝ անունները, կոչումները»,-ասաց փաստաբանը։
Ռոման Երիցյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո նաև անդրադարձավ Տիգրանի ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացված փորձաքննության եզրակացությանը։ «Ուշադրություն դարձրեք փորձագետը Լոռու մարզային դատական բժշկության փորձագետը տվել է եզրակացություն, որ Տիգրանի վրա որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել։ Նշեմ, որ հիվանդանոցից տված գրությամբ արձանագրվել են վնասվածքները՝ սալջարդեր մարմնի տարբեր մասերում։ Փորձագետն ասում է, որ ինչ վերաբերվում է հիվանդանոցի տված եզրակացությանը, ապա գտնում եմ, որ դրանք հիմնավորված չեն։ Թե ինչու է նա նման բան ասում, թողնում եմ հանրության դատին։ Ես կրկին դիմել եմ փորձաքննության համար, քանի որ մասնագտեները արձանագրել են Տիգրանի մոտ սալջարդեր։ Փորձաքննությունն իրականացվել է երեք օր անց։ Հենց հիմա Տիգրանի ականջին առկա են վնասվածքները»,-ասաց փաստաբանը՝ կասկածի տակ դնելով փորձագետի անաչառությունը։
ՔԿ-ի մոտ իշխանությունը բազմաթիվ ոստիկանների էր կենտրոնացրել՝ այդ թվում, կարմիր բերետավորների։ Բարձրաստիճան ոստիկանները փոխանցեցին, թե հետևում են հավաքի խաղաղ ընթացքին, սակայն, ակնհայտ էր, որ նրանք բերվել էին, որ թույլ չտան Տիգրանի աջակիցներին փակել ՔԿ-ի հարակից փողոցը։
Նարեկ Կիրակոսյան