«Ծեծելը մի կողմ, բայց որ հայհոյել են, ես ուզում եմ, որ իրենք ասեն՝ ինչու են այդպես վարվել ինձ հետ»,- Քննչական կոմիտեի մոտ ելույթի ընթացքում այս պահանջն է բարձրաձայնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։
Քնչական կոմիտեի բակը երեկ մարդաշատ էր, հավաքվածները պահանջում էին հստակ պատասխաններ՝ ոստիկանության ո՞ր ծառայողներն են բռնության ենթարկել Տիգրանին։ Արցախցի Տիգրանը մի քանի օր առաջ էր հայտարարել, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել։ Պատերազմի մասնակից Տիգրանը ֆիզիկական ցավի համար չէ, որ Վանաձորից հասել է Երևան ու իրավապահներից պատասխաններ պահանջում, այլ իրեն հասցված հոգեբանական ցավի։ Ավելի վաղ նա Forrights.am-ին հայտնել էր, որ ոստիկանները՝ այդ թվում մարզային վարչության պետը իրեն սեռական բնույթի հայհոյանքեր են տվել, որոնք վիրավորել են իր ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ ՔԿ-ի դիմաց կանգնած Տիգրանը արդարություն էր խնդրում։
«Ես խնդրում եմ, որ այս գործը արդար լինի, ինձ անհիմն բռնել ծեծել, հայհոյել են։ Ծեծելը մի կողմ, միայն ծեծեին ես այսքան չէի բողոքի, բայց որ ինձ հայհոյել են, ինձ վրա ինչ ասես արել են, մինչև այսօր չեն պարզում՝ ինչո՞ւ են ոստիկաններն իմ հանդեպ այսպես վարվել։ Թող պատասխան տան՝ ինչո՞ւ այդ մարդիկ ձերբակալված չեն»,-կարճ ելույթում նշեց բռնությունների ենթարկված տղան։
Տիգրանն Արցախից է, Հայաստան տեղափոխվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Նա միայնակ է ապրում։ Ինքը պատերազմի մասնակից է, եղբայրը զոհվել է 2017 թվականին՝ ադրբեջանական դիվերսիան կանխարգելելիս, հայրը ևս պատերազմի դաշտում է զոհվել, մայրը մահացած է։ Նա ապրում է Վանաձորում։ Նույն քաղաքում է ապրում նաև Տիգրանի ազգականներից մեկը, որի տնից ոսկյա զարդեր են գողացել։ Ոստիկանները, ըստ Տիգրանի, իրեն հրավիրել են բռնության ենթարկել և պահանջել, որ խոստովանական ցուցմունք տա, սակայն, Տիգրանը նշում է, որ հրաժարվել է, քանի որ ինքը գողություն չի արել։
«Ինձ առանց որևէ հիմքի ու մեղադրանքի բռնել տարել էին հարցաքննել առաջին օրը։ Երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել։ Ինձ ասում էին` «վերխդ հանի, հեսա մշակում ենք, ու պրիզնատ արի, որ դու ես արել։ Ես մի քանի անգամ ասել եմ` ո՛չ արել եմ նման բան, ո՛չ էլ երբևէ կանեմ։ Եթե էդ ոստիկաններին օրենքով չպատժեն, ես էլ ո՞նց վախենալով ապրեմ էս երկրում»,–պատմեց Տիգրանը։
ՔԿ-ի մոտ մարդիկ հավաքվել էին ի աջակցություն Տիգրանի, քանի որ ոստիկանության բաժնում նրան ծեծել ու արժանապատվությունը նվաստացրել են՝ հայտարարելով, թե նա միայնակ տղա է։ Քաղաքացիները՝ այդ թվում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ հավաքվել էին ՔԿ-ի մոտ ցույց տալու, որ Տիգրանը միայնակ չէ։
«Ինչու մինչև հիմա ոստիկանները ձերբակալված չեն, ինչու նրանց մեղադրանք առաջադրված չէ և ինչու նրանց պաշտոնավորումը կասեցված չէ։ Իրավաբանական պարզաբանում ենք պահանջում, թող ՔԿ որևէ նրկայացուցիչ պարզաբանի։ Արդյո՞ք մենք համաձայն ենք, որ վեց ոստիկաններ, որոնք բռնության են ենթարկել Տիգրանին՝ լինեն ազատության մեջ, շարունակե՞ն պաշտոնավերել»,-ՔԿ-ի դիմաց հայտարարում էր Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով: ՔԿ-ից հայտնել են, որ այս գործող որևէ մեղադրյալ դեռևս չկա։ Այս պատասխանը Տիգրանին ու նրա փաստաբանին, ինչպես նաև ՔՊ-ի մոտ հավաքվածներին չի բավարարում։ Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար ակցիայի ընթացքում քաղաքացիները փակեցին ՔԿ-ին հարակից Մամիկոնյանց փողոցը։
«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Գործ ունենք ոստիկանության համակարգում խոշանգման խնդրի հետ, որը արատավոր երևույթ է և ըստ այդմ մեր պահանջը պետք է լինի արդար նախաքննության իրականացումը և այն ոստիկանները, որոնք առերևույթ կատարել են նման հանցագործություն, նրանց նկատմամբ պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն», — նշեց հավաքվածցներից մեկը:
Մամիկոնյանց փողոցը որոշ ժամանակ փակ մնալուց հետո բացվեց, փաստաբանն ու Տիգրանը հանդիպեցին ՔԿ պաշտոնյաների հետ, սակայն, նրանց հարցերին հստակ պատասխաններ չեն տրվել։
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ մարտի 20-ին ժամը՝ 17։30-ին, Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։
Նշենք, որ Ռոման Երիցյանը իր էջում հրապարակել է Տիգրանին բռնության ենթարկելու հրաման տված ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է Խորեն Բարխոյանի և հրահանգը կատարածներից մեկի՝ Գոռ Խարաթյանի լուսանկարները։
Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։