Forrights.am-ի խմբագրությանն է դիմել Տաշիր քաղաքի բնակիչ Միխայիլ Մարդոյանը և նշել, որ իրեն մեղադրում են 2024 թվականի սեպտեմբերի 18-19-ին Տաշիր քաղաքի առանձնատներից մեկից կատարված գողության դեպքի համար։ Միխայիլը պնդում է, որ ինքը դեպքի հետ առնչություն չունի, սակայն, իր իրավունքերը խախատվում են։
«2024 թվականի հոկտեմբերի 3-ին քննիչ Արմինե Մխոյանը ինձ կանչել է բաժին, մինչ այդ եկել են մեր տուն, խուզարկություն են իրականացրել։ Ընտանիքիս անդամներին անհանգստություն են պատճառել, տանը միայն մայրս է եղել, 7-8 հոգով եկել են մեր տուն ու ասել են, որ ես իբր գողություն եմ կատարել։ Ըստ իրենց ես գողությունը կատարել եմ Տաշիրի զինկոմի պետի՝ Արամ Կարապետյանի ռանձնատնից։։ Ասում են, թե իբր իրենց տնից երեք միլիոն դրամի ոսկեղեն եմ գողացել։ Ես ներկայացել եմ ոստիկանություն, ինձ ասում են, որ որպես վկա պետք է ցուցմունք տաս։ Հարցնում են՝ սեպտեմբերի 18-19-ին որտե՞ղ ես եղել, պատասխանում եմ՝ Տաշիրիում, Երևանում, ՀՀ քաղաքացի եմ, որտեղ ուզեմ կլինեմ։ Ասում է՝ տեղեկություն չունե՞ս, որ նշված տնից գողություն է կատարվել։ Ըստ իր ասածի՝ մագլցել եմ երեք-չորս մետրանոց պարիսպ և լոմով ճաղավանդակ եմ կոտրել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Միխայիլը և նշում, որ ինքն առողջական խնդիրներ ունի, նման բարդ ֆիզիկական գործողություն չի կարող կատարել։
«Ես երրորդ կարգի հաշմանդամ եմ, իմ ձեռքը չի աշխատում, թույլ է, ներքին օրգանների հետ կապված խնդիր ունեմ։ Ինձ հոկտեմբերի 3-ին թղթեր է տալիս ու ասում, որ ստորագրեմ, նայում եմ վրան, տեսնում եմ, որ մեղադրյալի իրավունքներ է գրված, հարցնում եմ՝ ինձ որպես վկա եք կանչել, ասում է՝ նույնն բան է, ասացի՝ փաստաբան եմ կանչելու, չեմ ընդունում, դա գցեց մի կողմ, նոր թղթեր տպեց, որի վրա գրված էր՝ վկայի իրավունքերը և պարտականությունները»,-պատմեց նա։
Միխայիլը վստահեցնում է, որ այս գործընթացից հետո շուրջ հինգ ամիս իրեն որևէ իրավապահ կառույցից չեն անհանգստացրել, ոչ մի տեղ չեն հրավիրել մինչև այս տարվա փետրվար ամիսը։
«Այս տարի՝ փետրվարի 3-ին ինձ է զանգում մեր թաղայինը, ասում է՝ ոստիկանության պետ Չինչյանը քեզ է կանչում, հետո ասում է՝ վաղը կգա՞ս, ասում եմ՝ հա, կգամ։ Առավոտյան շուտ թակում են մեր դուռը, բացում եմ՝ ինձ ասում են, որ ես ձերբակալված եմ, գնանք ոստիկանություն կիմանաս, թե ինչու։ Այդտեղ էին Վանաձորի քրեականից երկու հոգի, որոնք ինձ հետ անտաշ բառերով, հայհոյանքներով էին խոսում։ Ասում էին՝ ոսկին գողացողի․․․ ինձ հագցրել են ձեռնաշղթաներ, գալիս է քննիչն ու ասում, որ քեզ ներկայացնում եմ կալանքի։ Ինձ մինչև վեցը պահում են խցում, հետո տանում են դատարան։ Նիստի ժամանակ քննիչ Արմինե Մխոյանը պահանջեց, որ ինձ երկու ամսով կալանավորեն, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է, որ ես պետք է ազատ արձակվեմ, դրանից հետո դիմում են վերեաքննիչ դատարան, ինձ դատարան չեն հրավիրել, ես չեմ մասնակցել դատական նիստին, ինձ նամակ է գալիս, որ քննիչի պահանջը բավարարվել է»,-պատմեց Միխայիլը։
Միխայիլ Մարդոյանը պնդում է, որ վերաքննիչ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել դատական նիստին առանց իր և իր փաստաբանի մասնակցության։ Փաստորեն, Միխայիլը կամ իր փաստաբանը զրկված են եղել դատարանում հանդես գալու հակափաստարկներով, իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
«Ինձ ասում են, որ ոսկու շուկայում ես եղել։ Այո՛, ես եղել եմ շուկայում, բայց կնոջս ոսկեղենը գրավադրված է, պետք է հանեինք, գնացել էի շուկա տեսնելու համար, թե հին ոսկին գրավից հանելուց հետո ինչով կարող եմ փոխանակել։ Ես ոչ ոսկի եմ գնել, ոչ ոսկի եմ վաճառել։ Հետո քննիչը փոփոխություն է արել իր գրածների մեջ, որ ոչ թե ես եմ մտել տուն, ոսկին գողացել, այլ իբր օժանդակել եմ։ Իրենց ասում եմ՝ ինչպե՞ս եմ օժանդակել, ասում են՝ քո մեքենան կանգնած է եղել այդ տան փողոցում, բայց իմ մեքենան ընդհանրապես այնտեղ կանգնած չի եղել։ Խախտվում են իմ իրավունքերը, ինձ նախ սարքեցին գողացող, հետո սարքեցին հանցակից, հետո դիմել են Վերաքննիչ դատարան, առանց ինձ, առանց փաստաբան որոշում է կայացվել։ Ասում են՝ օժանդակել ես քո ընկերոջը, Թումանյան Գարիկին։ Նա իմ ծառայակից ընկերն է եղել, մեղադրյալ-վկա է»,-ասում է նա ու նշում, որ որևէ մեկին չի օժանդակել գողություն կատարելու համար։
Միխայիլը վստահեցնում է, որ իրեն այս դեպքի հետ կապված ոչ միայն իրավապահներն են անհանգստացնում, այլ նաև ՌԴ-ում բնակվող իրեն անծանոթ անձիք։
«Ինձ Հայաստանից ու ՌԴ-ից տարբեր մարդիկ էին զանգում, ասում էին՝ տեղեկություն ունես գողության դեպքից։ Ես իրենց չեմ ճանաչում, անուններն ու կարգավիճակները չեմ ուզում հիմա ասել, ասում եմ՝ դուք ինձ ճանաչում եք, ասում են՝ դե, որ զանգում ենք, հետաքրքված ենք»,-պատմեց նա նա։
Միխայիլ Մարդոյանը բողոքով դիմել է գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։ ՄիՊ-ը որոշում է ընդունել քննարկման դնել հարցը
Forrights.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել է նաև Քննչական կոմիտեին։ Պատասխանները կհրապարակենք, երբ ստանանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան