Ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկվելու մասին է ահազանգում Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը։ Նա իրավապահների թիրախում է հայտնվել քրոջ տնից կատարված գողությունից հետո։

«Երկու գող մտել են քրոջս տուն՝ զինված, ռազբոյ են արել։ Զենքը պահել են էրեխու վրա, ասել են` ոսկին տուր, չգիտեմ` ով է ասել, որ այս տանը ոսկի կա։ Փեսուս քույրը վախեցած հանում ու իր ոսկիները տալիս է, գողը վերցնում, թողնում փախչում է»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է 28-ամյա Տիգրանը։

Նա նշում է, որ այդ օրը, երբ տեղի է ունեցել գողության դեպքը, քրոջ տանը եղել է, բայց երեխային զբոսանքի տանելու նպատակով։ «Ես եմ այդ օրը իրենց տուն մտել, քրոջս էրեխուն տարել եմ ման տալու, փեսուս պապայի հետ եմ եղել սաղ օրը, հիմա ոստիկաններն ասում են, որ դու ես գողացել»,-ասում է Տիգրանը և նշում, որ իրեն ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, ինքը մերժել է, որին հաջորդել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունները՝ հայհոյանքների ուղեկցությամբ։

«Ինձ մի օր տարան պահեցին, հետս գռուբի ձևով խոսեցին։ Մի օր էլ եկան ասացին` Տիգրան ջան, արի մի քանի րոպե խոսենք, տարան, շորերս հանեցին ու ասացին` տես, հիմա քեզ մշակում ենք։ Հայհոյել են, վիրավորել են, ձեռքերով գլխիս ու վզիս էին խփում։ Մի հոգի էլ քացով մեջքիս ու ոտքերիս էր խփում։ Ասում էին` պրիզնատ արի, որ դու ես արել, ասում էի` ես հիշելու բան չունեմ, ես կյանքում նման բան անող չեմ։ Երկու ժամ շարունակ ծեծեցին։ Հիմա, որ ամեն կաբինետում կամերա դրած լիներ, իմ հետ նման կերպ չէին վարվի»,-ասաց Տիգրանը։

Նա պնդում է, որ իրեն հայհոյել է նաև Լոռու մարզային վարչության պետ, փոխգնդապետ Խորեն Բարխոյան։ «Պետն էլ է ինձ հայհոյել, ճիշտ է` չի խփել, բայց հայհոյել է։ Ամենից վատ բառերն ասել է` սրբությանս ու ինքնասպանությանս էր կպնում։ Ասում էր` ղարաբաղցիներդ սաղդ լռված եք, քաղաքի կենտրոնում եք ապրում, պետն էր ասում, չեք ուզում աշխատեք, խի աշխատեք։ Հավայի զրույցներ էր անում, ոնց որ թուրք էի, ընկել էի ձեռքը»,-ասաց նա։

Փաստաբան Ռոման Երիցյանը դեպքից մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ Տիգրանին  6 ոստիկան է բռնության ենթարկել։ «Ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։

Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողական վարույթ են հարուցել, կքննեն ոստիկանությունում տեղի ունեցածը: Մինչ դեռ փաստաբան Ռոման Երիցյանը  նշում է, որ արդեն որերորդ դեպքն է՝ ՀՀ քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։

«Տիգրանի դեպքով այսօր անձամբ իմ անունից եմ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, էլ չեմ խոսում լրատվականների արձագանքների և հրապարակումների մասին։ Այնուամենայնիվ, ձերբակալման հիմքերի առերևույթ առկայության պայմաններում մինչ այս պահ ոչ միայն չունենք ձերբակալված ոստիկան, այլև անգամ նախաձեռնված քրեական վարույթ կամ գոնե հետաքրքրություն քննչական կոմիտեից։

Փոխարենը ունենք հիմարագին պարզաբանումներ առ այն՝ իբր հաղորդում չեն ստացել, երկիրը կլոր կամ էլիպսաձև է, խոզերը չեն թռչում և այլն։ Չգիտես՝ ինչու նույնը չէին ասում, օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելիս, խնձորի գործով վարույթ նախաձեռնելիս, արցախցիների բերած ավտոմեքենաներն առգրավելիս, հունիսի 12-ի դեպքով ցուցարարներին կալանավորելիս, իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդկանց ոստիկանություն տեղափոխելիս, իշխանության յուրացման կասկածանքով բնակարաններ խուզարկելիս և նման այլ դեպքերում։

Քննչական կոմիտեն ու դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք»,-ասում է Ռոմոն Երիցյանը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանության բաժնում արցախցի է բռնության ենթարկվում։ Նման մի դեպք էլ Չարենցվանում է տեղի ունեցել, մինչ այս գործով դեռ բացահայտումներ չկան։

Նարեկ Կիրակոյսան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ