Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ մարտի 14-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի, երկրորդ խմբի հաշմանդամ Ալբերտ Առստամյանի գործի(«խնձորի գործ») վերջին դատական նիստը։ Դատարանը լսել է մեղադրանքի և պաշտպանության կողմերի եզրափակիչ ելույթները, սակայն վերդիկտը կկայացնի ապրիլի 11-ին։
Հիշեցնենք, որ հանրային հնչողություն ստացած «խնձորի գործ»-ի դեպքը տեղի է ունեցել 2024թ. օգոստոսի 23-ի երեկոյան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 շենքի մոտ։ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն իր հորաքրոջն ու դստերը տեսակցելուց հետո, երբ շենքի բակ էր դուրս եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել նրա ուղղությամբ: Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։ Իրավապահները խուզարկել են նշյալ շենքը և ձերբակալել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Մարտի 14-ի դատական նիստում մեղադրող դատախազը նշել է, որ Ալբերտ Առստամյանն իր արարքով խախտել է հասարակական կարգը, ցուցաբերել է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները, ինչը որակվում է որպես խուլիգանություն։ Ըստ մեղադրանքի Առստամյանը խնձորը նետել է կոնկրետ անձի ուղղությամբ, այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտել մարդկանց անդորրը։
Մեղադրվողը չի հերքել և ընդունել է, որ հենց ինքն է նետել խնձորը, բայց չի ընդունում իր այդ արարքի որակումը որպես խուլիգանություն, այլ որպես բողոքի ակցիա։
Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի, իր պաշտպանյալին մեղսագրված արարքի օբյեկտիվ կողմի հատկանիշներն անգամ բացակայում են։ Նա կետ առ կետ ներկայացրեց ապացույցներ՝ սկսելով վկաների ցուցմունքից։ «Խնձորի գործով» վկա Պետական պահպանության ծառայության աշխատակից Գրիգոր Մանուկյանը հարցաքննության ժամանակ, հավաստել էր, որ խնձոր նետելու պահին որևէ մեկը պատշգամբից անգամ չէր նայում, ոչ մեկի անդորրը չէր խաթարվել ու նույնիսկ չի խաթարվել իրենց ծառայողական գործունեությունը։ Փաստաբանի պարզաբանմամբ՝ խուլիգանությունը դա հասարակության հանդեպ դիտավորությամբ բացասական վերաբերմունք դրսևորվելն է, միաժամանակ խանգարելով նրանց անդորրը։ Իսկ վկան ցուցմունք տվեց, որ անգամ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել ու ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Ցուցմունքից հետևում է, որ այդ գործողությունները ենթադրել են ընդամենը բողոքի ակցիա՝ քաղաքական դժգոհության արտահայտում։
Հաջորդ վկա Անգելիա Սարգսյանը հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ, քանի որ մեղադրյալն իր պապիկն է, իսկ նախաքննական մարմնին ցուցմունք էր տվել ընդամենն այն մասին, որ իր պապիկը տեղեկացրել էր խնձորը նետելու մասին։
«Ալբերտ Առստամյանը նախաքննական մարմնին ասել էր, որ այդ արաքով ընդամենն արտահայտել է իր դժգոհությունը, որովհետև մոր ծննդյան տարելիցին զրկված էր գերեզման այցելելու հնարավորությունից և այդ ամենի մեջ մեղադրում էր ՀՀ վարչապետին։ Այդ նույն օրն էլ հեռուստացույցով տեսել էր, թե ինչպես է վարչապետը խաշլամա ուտում և զայրանալով դուրս էր եկել ծխելու ու հենց այդ ժամանակ բակում նկատել է վերջինս և որպես քաղաքական դժգոհություն խնձոր է նետել։ Ավելին, նա դրանով նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ վերջինս իրեն մի քիչ մեղավոր զգա Արցախի հանձնման գործում և դրանով որևէ մեկին վնաս պատճառելու նպատակ չի հետապնդել»,- դատական նիստին իր պաշտպանյալի ավելի վաղ տված ցուցմունքը վերընթերցեց Ռոման Երիցյանը՝ հակադարձելով մեղադրող դատախազի հայտարարությանը։
Պաշտպանը դատարանում ցուցադրեց խուլիգանության արարքի դրսևորման հանրահայտ 4 դեպքի լուսանկար, որոնց մասով ՀՀ դատախազության կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Դրանք ՀՀ Աժ նախագահի մոր կողմից հասարակության անորոշ շրջանակի նկատմամբ արհամարհական և վիրավորական ժեստի ցուցադրման, Ալեն Սիմոնյանի քաղաքացու վրա թքելու, Բելառուսի դեսպանատան ուղղությամբ լոլիկ և ձու շպրտելու, վարչապետի մուրճով սպառնալիքներ հնչեցնող գործողություններն էին, որոնցում ՀՀ դատախազությունը խուլիգանության հանցակազմ չի տեսել։ Մինչդեռ խնձոր նետելը իրավապահները որակել են հանցագործություն։
Փաստաբանը Ալբերտ Առստամյանի քրեական հետապնդումը որակեց խտրական, այսինքն չի գործել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որը քրեական օրենսգրքի ամենահիմնարար սկզբունքներից մեկն է։ Ստացվում է պաշտոնյաները կարող են նման և ավելի վատ արարք թույլ տալ իրենց, մնալ անպատիժ, բայց երբ քաղաքացին իր վրդովմունքն է հայտնում վարվող քաղաքականության նկատմամբ, դառնում է ամբաստանյալ։
«Նա մինչև հիմա էլ ջղայնացած է։ Ամեն ինչ թողել, եկել է այստեղ։ Հիշում է, թե ինչպես է վարչապետը եկել Ստեփանակերտ և հրապարակում՝ իրենից 3մ հեռավորության վրա, ասել՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, իսկ հիմա հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Այդ պատճառով հոգեկան զայրույթի պահին կատարել է այդ գործողությունը, որն ուղղված է եղել բացառապես իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելուն։ Նա մշտապես մասնակցել է նաև ՀՀ վարչապետի դեմ ուղղված բողոքի ակցիաներին և այդ օրվա արարքով նույնպես իր դժգոհությունն է արտահայտել։ Ալբերտ Առստամյանը նաև ասել էր, որ եթե ունենար որևէ մեկին վնաս պատճառելու նպատակ, ոչ թե խնձոր, այլ ուրիշ իր կնետեր։ Այս ամենի համատեքստում ես գտնում եմ, որ ապացուցված չէ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ու ակնկալում եմ արդարացում», — իր ճառում նշեց Ռոման Երիցյանը։
Վերդիկտը կայացնելու համար դատական նիստ է նշանակվել ապրիլի 11-ին։ Փաստաբան Ռոման Երիցյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ ինքն ավելի քան վստահ է, որ դատարանը կայացնելու է արդարացման վերաբերյալ դատական ակտ։ Հավաքագրված ավելի քան բավարար ապացույցներով արդեն իսկ հերքվել է Ա. Առստամյանին մեղսագրված արարքը։
Դատարանում Ռոման Երիցյանի ճառից մի հատված՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան