Ծննդով ստեփանակերտցի Անահիտ Կիզիրյանը շուրջ 25 տարի աշխատել է հացի արտադրամասերում, հաշմանդամ մոր հետ հաղթահարել դժվարություններ։ Անահիտի մասնագիտությունը պահանջված էր հատկապես Արցախի շրջափակման ամիսներին։ Նա օր ու գիշեր աշխատել է Ստեփանակերտի հացի տարբեր փռերում։
«Բլոկադայի ժամանակ շատ դժվար էր։ Հացի խնդիր կար։ Քաղաքացիներն անքուն գիշերներ էին անցկացնում հացի հերթերում։ Մենք էլ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որ մարդիկ սոված չմնան։ Ու ոչ միշտ Էինք կարողանում բոլորին բավարարել հացով։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրոնով օրական կես հաց էր հասնում, սակայն նույնիսկ կտրոնները ձեռքներին շատերին հաց չէր հասնում։ Ալյուրը մի կերպ հասցնում էին, բայց քիչ քանակով։ Վերջին շրջանում արդեն սպիտակ ալյուր չկար, սև ալյուրը եգիպտացորենի ալյուրի հետ էինք խառնում, որ թխենք, ուտելու բան լինի, մարդիկ սոված չմնան»,-շրջափակման ծանր օրերի հացի խնդրի մասին ներկայացրեց հացթուխը։
Լիակատար շրջափակման ժամանակ հատկապես դժվար էր ստեփանակերտցիների համար։ Խանութներում այլևս ոչինչ չկար, մի քանի ամիս միայն կտրոններով էր հնարավոր ձեռք բերել կենսական նշանակության որոշ սննդամթերք։ Իսկ ամենագլխավորը հացի խնդիրն էր; Մարդիկ օրերով հաց չէին կարողանում գնել։
«Բլոկադայի ծանր օրերին էլ սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 19-ին սկսեցին արկակոծել, ռմբակոծել ու բոլորը խուճապի մեջ իջան նկուղ։ Մայրս 1-ին խմբի հաշմանդամ էր, չէր քայլում, սայլակով էր շարժվում ու նրան չկարողացանք նկուղ իջեցնել։ Մեր հարազատներից էլ լուր չունեինք, կապ չկար։ Քրոջս ընտանիքը գյուղում էր, շրջափակման մեջ էին»,- պատմեց Անահիտը։
Արցախահայությունն աստիճանաբար սկսեց պատրաստվել տարհանման։ Անահիտն ապրում էր մոր և քրոջ ընտանիքի հետ միասին։ Քրոջ հետ միասին 9 ժամ հերթ են կանգնել և մի կերպ վառելիք հայթայթել, որ կարողանան տեղահանվել։ Հաշմանդամ մորը սալյակով տեղավորել են քրոջ որդու ավտոմեքենայի մեջ, իսկ 2 քույրերով տեղավորվել անծանոթ մի մարդու ավտոմեքենայի մեջ ու ճանապարհվել։
«Ճանապարհին սոված-ծարավ էինք, հաց էլ չի եղել, որ մեզ հետ վերցնեինք։ Մի մարդու մոտ եփած կարտոֆիլ կար, մի քիչ խնդրեցինք 83-ամյա մորս համար, որ սովից չուշաթափվի։ Մենք էլի ոչինչ, դիմացանք, թեկուզ սոված էինք, միայն թե դուրս գայինք՝ փրկվեինք։ Մի կերպ հաղթահարեցինք այդ դժոխային վիճակը և, փառք Աստծո, հասանք ՀՀ, որտեղ մեզ դիմավորեցին և տվեցին ջուր, ուտելիք, շորեր։ Շնորհակալ եմ բոլոր մեզ աջակցողներին» ,- վերհիշեց Անահիտը։
Ավելի քան 1 տարի նրանք մնացել են Տեղ գյուղում ամուսնացած քրոջ տանը։ Մայրը առողջական շատ խնդիրներ ուներ։ Վարձով բնակարան գտնելու համար բավար գումար և աշխատանք չունեցան ու քանի որ մոր առողջական վիճակն էլ օր օրի վատթարանում էր, քույրը չթողեց, որ նրանք տեղափոխվեն։
«Մայրս շատ ծանր տարավ տեղահանությունը, անընդատ ասում էր, որ իր տունն է ուզում ու նրա վիճակը քանի գնում, այնքան վատանում էր։ Տեղափոխել ենք Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են, որ մորս վիճակը շատ վատ է, չարորակ ուռուցք ունի, պետք է վիրահատեն, սակայն կարող էր և չդիմանալ։ Մենք որոշեցինք վիրահատության չենթարկել, չչարչարել, առանց այն էլ սրտի կաթված էր տարել, ինչքան կապրի՝ կապրի։ Մորս տեղափոխեցինք քրոջս տուն և որոշ ժամանակ անց նա մահացավ»,- սրտնեղված պատմեց տեղահանված կինը։
Մորը հուղարկավորելուց հետո Անահիտն իր մյուս քրոջ հետ տեղափոխվեց Արտաշատ, տուն վարձակալեցին, բայց աշխատանք չգտան։ Երևանի մոտակա Ձորաղբյուր գյուղի հացի փուռում Անահիտին աշխատանք առաջարկեցին և նրանք քույրերով տեղափոխվեցին ու այդտեղ բնակարան վարձակալեցին։ Այժմ Անահիտը կրկին հաց է թխում և մի կերպ հոգում են իրենց սոցիալական խնդիրները։ Նրա մոտ առողջական խնդիրներ են սկսել ի հայտ գալ։ Տարիներով հացի փռում աշխատելն ու տուն-տեղից զրկվելն անհետք չի թողել 57-ամյա կնոջ առողջության վրա։
«Ձախ ոտքս մի կերպ քարշ եմ տալիս։ Առողջությունս արդեն չի ներում Ժամերով կանգնած աշխատել։ Ամեն օր 12 ժամ ոտի վրա կանգնած աշխատում եմ, որ երկու կոպեկ վաստակեմ ու գոյությունս պահեմ։ Եթե ապրիլից կտրեն 50-հազարական աջակցությունները, չենք կարողանալու տան վարձերն ու կոմունալները վճարել։ Մեր աշխատածով միայն մեր գոյությունն ենք պահում։ Ինչ ա եկել ենք, բնակվարձն ու սնունդը թանկացել է, մի կերպ ենք յոլա գնում։ Բնակապահովման ծրագրով 3 հոգուս հատկացվող 9 մլն դրամով հնարավոր չէ հավաբուն էլ ձեռք բերել։ Անհնար է, երևի չեն ուզում մեզ բնակարանով ապահովել։ Ու եթե հնարավորություն լինի ու թուրքն էլ Արցախում չլինի մենք իսկույն կվերադառանք մեր քաղաք»,- նշեց արցախցի կինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան