Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք քաղաքացիական ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են Հայաստանի կառավարությունից, միջազգային կազմակերպություններից եւ ազդեցիկ երկրներից ճնշում գորժադրել Բաքվի ռեժիմի վրա և հասնել հայ գերիների ազատմանը։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը նույնիսկ հացադուլ է հայտարարել, սակայն այսօր՝ հացադուլի 5–րդ օրը նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա հիմա բժիշկների վերահսկողության տակ է։
Ակցիաներ են կազմակերպվել ՀՀ ԱԳՆ-Ի, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի գրասենյակների մոտ, նույնիսկ Շվեյցարիայի դեսպանատան, սակայն զարմանալիորեն ոչ մի ակցիա չի եղել Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Իշխանական պատգամավորները, սակայն, սկսել են ակնարկել, որ «ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերևարվեր: Դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»: Այդ մասին ասել է ԱԺ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին, էդ գերեվարվելն էլ է ուրիշ ընթացք ունեցել, այսօր ասել է նաև «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Արդյո՞ք հնարավորություն կար “չհավատալ” ռուսներին և ի՞նչ է արել պաշտոնական Երևանը, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները չգերևարվեն։ Եւ ամենակարևորը՝ ի՞նրչ է անում ՀՀ իշխանությունը հիմա՝ այդ մարդկանց տուն վերադարձնելու համար։
Կառավարությունը ակնարկում է, որ շատ քիչ բան կարող է անել։ Սակայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը թվարկել է այն, ինչը առնվազն կարող էին անել ՀՀ իշխանությունները։
«Վարչապետ Փաշինյանը կարող է արտգործնախարարի և ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով՝ հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակության խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։
Ե՛վ վարչապետը, և՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու նրանց։ Նրանք կարող են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքվում դեսպանություններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարությանը: Նրանք կարող էին նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, դատավարություններին Հայաստանի կառավարությունից դիտորդներ ուղարկել համար։
Փաշինյանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ հանդես գալ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարության, օրինակ՝ Շվեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Վարչապետը կարող է հասկացնել, որ գերիների ազատ արձակումը պետք է տեղի ունենա «խաղաղությանպայմանագրի» գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:
Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից և պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։
Կառավարությունը կարող է շարունակել Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաև դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով:
Կառավարությունը կարող է օգնության խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ բացահայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողությունների կոչին համահունչ, ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված 120 հազար մարդու, այնպես էլ Բաքվում ներկայումս պահվող հայ քաղբանտարկյալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:
Վարչապետը կարող է միանալ աշխարհի 80 երկրներին և ստորագրել Կանադայի գլխավորած «Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի կիրառման դեմ» հռչակագիրը: Նա կարող է օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։
Մինչ Վարդանյանի խորհրդատուն թվարկում էր հնարավոր քայլերը, որոնց շարքում ևս Ռուսաստանին դիմելու կոչ չկա (իմաստ կա՞ դիմել մի երկրին, որը փաստորեն հանձնեց գերիներին Բաքվին), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը հանդես եկավ կոչով՝ անհապաղ ազատ արձակել գերևարված հայերին։
Ի պատասխան Բաքուն հայտարարեց, որ փակում է ԿԽՄԿ և ՄԱԿ-ի գրասենյակները Ադրբեջանում։
Միաժամանակ 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մարտի 4-ին նամակներ են ներկայացրել արտաքին գործերի նախարարություն և Շվեյցարիայի դեսպանատուն։
Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում օգտագործել մեխանիզմ՝ երրորդ երկրների միջոցով Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին մոտ հյուպատոսական մուտքն ապահովելու համար։ Առաջարկվում է դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից բոլոր հայ բանտարկյալներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանին շտապ բուժօգնություն տրամադրելու թույլտվություն ստանալու համար։
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելեր-Սաթթերին ուղղված նամակը պարունակում է խնդրանք իր երկրին՝ ապահովելու հայ բանտարկյալներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը»:
Կառավարությունը չի մեկնաբանել Ջարեդ Գենսերի առաջարկներն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերադասեց մեկնաբանել իր նախկին կոլեգա Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ մինչեւ գերիների ազատելը։ Միրզոյանը առաջարկը ոչ սթափ գնահատեց։
Նա չմեկնաբանեց և այլ առաջարկներ։
Քաղաքացի Էդուարդ Աբրահամյանը, օրինակ, պահանջում է կիրառել 2023-ին վավերացված Միջազգային Քրեական Դատարանի կանոնադրության՝ Հռոմի Ստատուտից բխող ողջ գործիքակազմը՝ դատական հայց ներկայացնելով ընդդեմ Ադրբեջանի և նրա ռազմա-քաղաքական ղեկավարության, ինչպես և խոստացվել էր գործադիր և օրենսցիր մարմինների կողմից՝ Ազգային ժողովում վավերացման գործընթացի ժամանակ։
Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում թվարկել է վերջին մի քանի օրվա իր գործոցությունները։
«ԱԳՆ-ն հայտարարություն արել է այս մասին, Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենա պատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային, և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային։
Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը: Օրեր անց մեր հանդիպումից 2-3 օր անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայ ազգի պահվող անձանց։ Սա դեռ 10 օրն եմ թվարկում և մենակ երևացող բաները»,-ասաց Միրզոյանը:
Գերիների մասին այսօր խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը․
«Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն: Դա բնականաբար, անընդունելի է մեզ համար»:
Չնայած պատգամավորների հարցերին Փաշինյանն այսօր այդպես էլ չհստակեցրեց՝ ինչ է անում կառավարությունը Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Արդյո՞ք խնդիրը՝ քաղաքական կամքի բացակայությունն է, թե՞ անձնական խնդիրներ էլ կան։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: