ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, «Ազատության»-ը հայտնել են կառավարության լրատվականից՝ նշելով, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:

Եղիշե Կիրակոսյանն զանգերին չի պատասխանում:

Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. — «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:

«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», — փոխանցեց Դրմեյանը:

Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաև ամիսներ առաջ:

Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

Միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Երևանն, ըստ էության, փոխադարձության սկզբունքով դեմ չէ այս լուծմանը:

Տարեսզբին Եղիշե Կիրակոսյանն «Ազատության»-ն ասել էր՝ չի կարծում, թե իրավական վեճերը կարող են խանգարել խաղաղության գործընթացին:

«Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», — նշել է նա:

Pin It on Pinterest