Արցախի նախին պետնախարար, Բաքվի բանտում ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելին անել՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար։

Ընդծելով, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն՝ Ջարեդ Գենսերը պնդում է՝ իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել․ օրինակ՝ վարչապետը կարող է հրապարակային հայտարարություն անել, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակության խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։

Փաստաբանն ընդգծում է նաև վարչապետի կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի կարևորությունը՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակելը։

Ջարեդ Գենսերն նաև առաջարկում է, որ և՛ վարչապետը, և՛ արտգործնախարարը հանդիպեն քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու, խնդրեն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին, ինչպես նաև Բաքվում դեսպանություններ ունեցող դաշնակիցներին՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին:

«Վարչապետ Փաշինյանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ հանդես գալ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար», — նշել է Ջարեդ Գենսերը։

Փաստաբանն ընդգծում է՝ եթե անգամ քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:

Գենսերը նաև առաջարկում է աջակցություն խնդրել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական միությունից՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։

Ըստ փաստաբանի՝ Երևանը կարող է շարունակել և ընդլայնել իրավական գործերը․ դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով, օգնության խնդրանքով դիմել համաշխարհային կրոնական համայնքին, օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։

Pin It on Pinterest