Արցախից բռնի տեղահանումից ու մեկօրյա պատերազմից հետո Սարգսյանների ընտանիքն ունեցավ անդառնալի կորուստներ, որոնց մասին ընտանիքի մայրը՝ Կարինան, խոսում է երկար դադարներով ու արցունքների միջից։ Նա կորցրել է և’ ամուսնուն, և’ որդուն։
Կարինան՝ որդու լուսանկարի հետ
Կարինան այսօր էլ հիշում է այն օրը, երբ սկսվեց պատերազմը. «Երեխաների հետ նոր էի վերադարձել դպրոցից, երբ լսեցինք հրետանակոծությունների ձայները։ Ամուսինս զինվորական էր, զանգեց ու ասաց, որ երեխաների հետ իջնեմ նկուղ՝ մինչև իրավիճակը կհանդարտվի»։ Մինչ Կարինան նկուղում էր իր մյուս երեխաների հետ, ավագ որդին՝ Էդուարդը, թեժ մարտ էր մղում թշնամու դեմ. «Ոչ մի տեղեկություն չունեինք նրանից։ Զանգում էի, բայց պատասխանող չկար։ Զգում էի, որ մի բան եղել է, բայց ոչ ոք մեզ չէր ասում ճշմարտությունը»։
21-ամյա Հերհերցի հետախույզ-դիպուկահար Էդուարդ Սարգսյանը զոհվեց սեպտեմբերի 19-ին, Վանք գյուղի մատույցներում։ Կարինա Սարգսյանը, պատմում է՝ որդին վիրավորում է ստացել ձախ ոտքի և գոտկային հատվածում։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին հակառակորդը խոցում է մարդատար մեքենան, ինչի հետևանքով Էդուարդն ու մյուս վիրավոր զինվորները այրվում են։
Էդուարդ Սարգսյանի զինվորական լուսանկարներից
Որդու զոհվելու մասին Կարինան տեղեկանում է հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին. «Բոլորն էլ արդեն գիտեին այդ մասին, բայց մեզ չէի ասում։ Իր հեռախոսն անհասանելի էր, ամուսինս ամեն ինչ անում էր, որ մի լուր ստանանք։ Շատ տանջվեինք, մինչև լուրը ստացանք ու հաստատվեց»։ Դեպքից միայն 4 օր անց հաջողվում է այրված մեքենայից հանել զինծառայողների դիերը և տանել Ստեփանակերտի դիահերձարան. «Ես ու ամուսինս այդ չորս օրերի ընթացքում ծերացանք։ Երեխաների դիերը դուրս հանել չէր ստացվում, մեքենան մնացել էր շրջափակման մեջ։ Օրեր անց, ռուս խաղաղապահների օգնությամբ հաջողվում է տեղափոխությունը», պատմում է Կարինան։
Էդուարդի հիշատակի անկյունը
Էդուարդի մարմինը ուղարկում են Ստեփանակերտ, իսկ հետո Հայաստան, քանի որ տարհանումն արդեն սկսվել էր, չնայած ծնողները ցանկանում էին հուղարկավորությունը կազմակերպել հարազատ գյուղում՝ Հերհերում. «Ամուսինս գնաց երեխայի մարմինը ճանաչելու, որպեսզի բերի Հերհեր, բայց Ստեփանակերտում ասացին, որ պետք է դիակն ուղարկել Գորիս, դրանից հետո պետք է կուղարկավորեինք Եռաբլուրում»։
Էդուարդը՝ զինվորական համազգեստով
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Կարինան և ընտանիքի մյուս անդամներն արդեն Ստեփանակերտում էին՝ զարտուղի ճանապարհով մի կերպ կարողացել էին Հերհեր գյուղից հասնել մայրաքաղաք։ Ընտանիքը որոշում է՝ նույն օրն էլ լքել Ստեփանակերտը։ Կարինայի ամուսինը՝ Ահ բանակի գնդապետ Սևակ Սարգսյանը, մտավախություն ուներ, որ մեքենայում բավարար բենզին չի մնա՝ Հայաստան հասնելու, քանի որ մեքենաների հոսքը շատ էր. «Ամուսինս որդուս գտնելու հույսով շատ բենզին է ծախսում, մեքենան անընդհատ օգտագործում է։ Սեպտեմբերի 24-ին ասում է, որ Հայկազովում բենզին կա, ինքն էլ պետք է գնա դրա հետևից»։
Սևակ Սարգսյանը անհետ կորած է համարվում սեպտեմբերի 25-ից՝ «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունից հետո. «Ամուսնուս բոլոր հնարավոր հիվանդանոցներում ու դիահերձարաններում փնտրել եմ, բայց որևէ տեղեկություն չունեմ մինչև այսօր»։
Սևակ Սարգսյանի հիշատակի անկյունը
Կարինան, երկու երեխաների ու մոր հետ սեպտեմբերի 27-ին դուրս է գալիս Ստեփանակերտից ու միանում ավտոշարասյանը։ Պատմում է, որ ողջ ընթացքում մտքերով որդու ու ամուսնու հետ էր և ժամ առաջ սպասում էր՝ հասնելու որդուն։
Հայաստան հասնելով, Կարինային սպասվում էր հերթական փորձությունը. Որդու հուղարկավորությունը կազմակերպելու համար հարկավոր էր նույնականացնել դիակը՝ ԴՆԹ անալիզի միջոցով. «Հոկտեմբերի 2-ին ես ու փոքր տղաս արյան անալիզ ենք հանձնում, թեև գիտեի, որ իմ տղան է, բայց պետք է նույնականացին մարմինը։ Մենք սպասում ենք մինչև հոկտեմբերի 10-ը, երբ վերջապես թույլտվություն ենք ստանում՝ որդուս մարմինը հողին հանձնելու», հիշում է մայրը։
Ձախ լուսանկարում՝ Կարինան, ամուսնու և որդու հետ
Էդուարդ Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի է ունենում հոկտեմբերի 13-ին. «Ես որդուս չեմ տեսել վերջին անգամ, հնարավոր չէր։ Փակ վիճակում էլ հուղարկավորել ենք։ Ամուսնուցս էլ որևէ տեղեկություն չունեմ, չնայած բոլոր հնարավոր տեղական ու միջազգային կազմակերպություններին դիմել եմ»։
Հերհերի իրենց տնից Կարինան չի հասցրել որևէ իր վերցնել, միայն մի քանի տաք հագուստ, ամուսնու շքանշանը և շնորհակալագրեր։ Ասում է՝ նախկին կյանքից մնացած միակ հիշողությունը լուսանկարներն ու շքանշաններն են. «Մենք ճանապարհին իմացանք, որ թշնամին կագնեցնում է մեքենաներն ու զննում։ Վախեցնաք ու բոլոր փաստաթղթերը ոչնչացրինք։ Որդուցս մնացած շնորհակալագրերը հագուստներիս մեջ թացնելով հասցրել եմ Հայաստան, որ գոնե մի բան ունենամ ի հիշատակ», ասում է Կարինան։
Շուշան Փափազյան
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարների և տեսանյութի հեղինակ Նարե Առուշանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: