«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանում հացադուլ է սկսել՝ կոչ անելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել Բաքվի բանտում անցկացվող հացադուլը։

«Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»,- հայտարարել է Թանդիլյանը։

Նա հիշեցրել է, որ արդեն 12-րդ օրն է՝ Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Թանդիլյանը շեշտել է, որ յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը նրա առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։

«Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։ Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին»,- հավելել է նա։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները: Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Pin It on Pinterest