Ամեն տարեսկզբին քրեակատարողական ծառայությունը հրապարակում է մահվան վիճակագրություն՝ անազատութնան մեջ գտնվող քանի անձ է մահացել, ինչից, նրանց կարգավիճակի, մահվան տեսակի վերաբերյալ տվյալներ է հրապարակում: Եւ որքան ավելի վատթարանում է կալանավորված և դատապարտված անձանց կյանքը, այնքան ավելի լավատեսական հնչեղություն են ստանում պաշտոնական հրապարակումները:

Այս տարի, օրինակ, Forrights.am-ի հարցմանն ի պատասխան քրեակատարողական ծառայությունը ներկայացրեց 2024 թվականին ՀՀ կալանավայրերում արձանագրված մահվան դեպքերի վերլուծությունը, շեշտելով, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ տարվա, ինքնասպանության որևէ դեպք չի արձանագրվել:

Հիշեցնենք, որ 2023 թվականին 16 մահացածներից երկուսն ինքնասպան էին եղել, երկուսն էլ «Արմավիր>> ՔԿՀ դատապարտյալներ էին: Ի դեպ, վերջերս այս կալանավայրի պետ Արսեն  Արզումանյանը ազատվեց աշխատանքից: Ըստ պաշտոնական աղբյուրենրի՝ սեփական դիմումի համաձայն, իսկ ոչ պաշտոնաան աղբյուրները պնդում են, որ նրան հեռացրել են վատ աշխատանքի ու բազմաթիվ թերությունների, մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով:

«2024 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 12 դեպք։ 12 դեպքերում էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ Մահերից 2-ն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում, իսկ 10-ը՝ բժշկական կենտրոններում>>, — ասված է պատասխանում:

Մահացածներից 6 -ը դատապարտյալներ էին, երկուսը՝ ցմահներ եւ 6-ը  կալանավորված անձինք:

Այսպիոսով, 2023 թվականի համեմատ մեծ փոփոխություն չկա: Իսկ այն, որ մարդիկ մահանում են ոչ թե բռնի, այլ կենսաբանական մահով, ընդամենը նշանակում է, որ Հայաստանի կալանավայրերում պատշաճ բուժսպասարկում չի իրականացվում:

2025 թվականը եւս անբարենպաստ էր ազատազրկված անձանց համար: Միայն հունվարին 3 մահ գրանցվեց բերդերում: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 28-ամյա կալանավորը հայտնաբերվել էր կախված վիճակում: Դատապարտյալների հիվանդանոցից  Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալը մահացել է։ Սավանով կախվել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներից մեկը:

Չոր թվերի հետևում կալանավայրերի դաժան իրականությունն է, պետության անուշադրության կենտրոնում հայտնված մարդկանց ամենօրյա ողբերգությունը, որոնց անգամ Մարդու իրավունքների պաշտպանը չի այցելում:

Դեպքերից ամենադաժանը 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվանն է առնչվում: Մարդուն չեն ցուցաբերել պատշաճ բուժօգնություն, և լինելով հացադուլի մեջ, նա մահացել է:

ՄԻՊ Անահիտ Մանասյանը այս դեպքի կապակցությամբ հայտարարություն տարածեց, մտահոգիչ համարելով այն և ընգծելով, որ <<ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն>>:

Սակայն հացադուլավորին ՄԻՊ-ը չէր այցելել, ընդամենը քննարկել էր նրա բուժման հարցը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։

Չէր այցելել Անահիտ Մանասյանը նաև «Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սուրեն Աֆյանին, որը 2024 թվականի ամռանը, օգոստոսյան շոգին 14 օր հացադուլի և ջրադուլի մեջ է եղել, ընդամենը պահանջելով, որ իրեն այցելեն ՄԻՊ գրասենյակից, լսեն նրան։

Օգոստոսի 20-ին նա դիմել էր ՄԻՊ  Անահիտ Մանասյանի գրասենյակ, խնդրելով հանդիպում, իր պահման ռեժիմի շուրջ նրա հետ խոսելու համար, բայց նրան այդպես էլ չեն այցելել։

Օգոստոսի 26-ին «Նուբարաշենի» իր խցում մահացավ  «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ, 65-ամյա Աշոտ Կնյազյանը: Կնյազյանը, ըստ ցուցմունքների, Նաիրի ու Կարեն Հունանյանների ընկերն էր, որի մեքենայով ահաբեկիչները հասել էին Ազգային ժողով: Պաշտոնական տեղեկատվությամբ, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, կանչվել էր  շտապօգնություն, որի անձնակազմը արձանագրել էր Կնյազյանի կենսաբանական մահը: Հաղորդվեց նաև, որ ըստ դատաբժշկական եզրակացության, նրա մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 20 տարվա ազատազրկումից հետո Կնյազյանը մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ 2024 թվականի հունիսին, սակայն դատարանը մերժել էր։

Հուլիսի 1-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում միաժամանակ երկու մահ է գրանցվել՝ 59 տարեկան Գագիկ Հարությունյանի և 58 տարեկան Հովհաննես Կարապետյանի: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են  «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրանց կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեն այս մասին հաղորդել է միայն 2 օր անց, հայտնելով, որ քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Քրեակատարողական ծառայությունը, Forrights.am -ի հարցմանն ի պատասխան 8 տողից բաղկացած գրություն էին ուղարկել, յուրաքանչյուր մահացածի մասին՝ չորս տող, որոնցից հետւում էր, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, սակայն մեր աղբյուրներից  տեղեկացանք, որ այս անձինք լուրջ բուժում չեն ստացել և իրենց կյանքի վերջին օրերն անցկացրել են հոգեկան և ֆիզիկական սարսափելի տանջանքերում, իսկ «բուժումը» միայն արագացրել է մահը:

Նախկինում դատապարտված Գագիկ Հարությունյանի գործը դատաքննության փուլում էր։ Նա հարկադիր բուժում էր ստանում ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Կալանքը «Արմավիր»  ՔԿՀ-ում անցկացնելու ընթացքում Գագիկը կոտրել էր ոտքը, ուներ բազում ծանր հիվանդություններ՝ ցիրոզից մինչև շականակագեղձի քաղցկեղ, 4 ժամ տևողության վիրահատություն էր տ«արել մայիսի կեսին «Աջափնյակ» ԲԿ-ում: Սակայն հաջորդ իսկ օրը տեղափոխվելով «Արմավիր>> ՔԿՀ-ի բուժմաս, վերքը կրկին ախտահարվել էր, քանի որ բուժմասի աշխատողը կեղտոտ մկրատով էր թելերը կտրել: Մահը վրա էր հասել վիրահատությունից մեկ ու կես ամիս հետո:

Հոհվաննես Կարապետյանի մահվան պատմությունը ոչ պակաս սարսափելի է: Նա պահվում էր «Արմավիր» ՔԿՀ-ում, և եթե հավատանք պաշտոնյաներին, նրա ինքնազգացողությունը վատացել էր, կանչել են շտապօգնությւոն և հիվանդանոց տեղափոխվելուն պես 1 ժամվա ընթացքում մահացել էր: Իսկ իրականությունն այն է, որ Կարապետյանը տարիներ շարունակ ծանր հիվանդություններով էր տառապել, եւ դեռ տարիներ առաջ պատմել էր Forrights.am-ին, որ  «Արմավիր>> ՔԿՀ-ի փակ ռեժիմի դատապարտյալը ժամերով պետք է ջարդի խցի դուռը, մինչև որ նրան մոտենան եւ, ասենք, ցավազրկող դեղորայք տան:

«Ցավազրկող ենք ուզում՝ ոտքի դեղ են տալիս, ոտքի համար ենք դեղ ուզում, սրտի դեղ են տալիս: Էնտեղ բժիշկ չկա, որ օգնեն, դեղորայք տան», ասել էր դատապարտյալը: Նա կալանավայրում էր հաշմանդամ դարձել, ՔԿՀ-ում ամպուտացվել էր ոտքը, ինսուլտ էր տարել, ձախ ձեռքը չէր աշխատում, սիրտ-անոթային անբավարարություն ուներ:

Թվարկված դեպքերից ակնհայտ է, որ կալանավայրերում արձանագրված մահվան դեպքերի պատճառը հիմնականում թերի բուժսպասարկումն է:

Մահացածների ո՞ր  մասն է կալանավայրում ստանում ծանր հիվանդություններ եւ կամ տարիներ շարունակ անարդյունավետ բուժումների հետևանքով կորցնում առողջությունը և հասնում մահվան: Այս հարցի պատասխանը պաշտոնական վիճակագրությունը չի տաիս, նման հետազոտություններ չկան ոչ Քրեակատարողական ծառայությունում, ոչ դատապարտյալ և կալանավորված անձանց առողջական խնդիրների համար պատասխանատու “Քրեակատարողական բժշկության կենտրոն” ՊՈԱԿ-ում, ոչ էլ Արդարադատության նախարարության որևէ այլ օղակում:

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ