Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառները պարզած բողոքի ակցիա տեղի ունեցավ նախ արտգործնախարարության, Կառավարության շենքի մոտ, ապա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ․ «գործի՛ր, Արտգործնախարարությո՛ւն», «ո՛չ անտարբերությանը», «ազատություն Բաքվում պահվող գերիներին»։ ու քաղաքական բանտարկյալներին։ Պահանջը 11-րդ օրը հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանի և ադրբեջանական գերության մեջ գտնվող մյուս 22 հայերին ազատ արձակելու ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելն է:
«Այս մարդիկ հայորդի են, հայկական անձնագրերով, ուզում ենք, սիրում ենք, չենք սիրում, դրա մասին ընդհանրապես խոսք չկա: Խոսքը մեր ինքնասիրության մասին է: Ձեր լռությունը, այսօրվա իշխանությո՛ւն, ՔՊ, Նիկո՛լ Փաշինյան, որ վերնախավն եք, չգիտեմ, բայց դուք հանցակից եք ձեր լռությամբ», — հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Երևանի լռության պայմաններում միջազգային կառույցները ի՞նչ անեն, հարցնում էր Մանե Թանդիլյանը: «Եթե միջազգային կառույցները չգործեն հիմա, հետո ուշ կլինի» գրությամբ պաստառներ պարզվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, նա Բաքվում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի է ենթարկվում, վերջին դատական նիստի կադրերում դեմքին նաև վնասվածքներ կան, իրավապաշտպանները, պատգամավորները, սոցցանցերի օգտատերերն այս եզրահանգմանն են եկել՝ համեմատելով ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ տեղի ունեցած դատական երկու նիստերի լուսանկարները: Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ հայտարարեց, 25-ին արդեն նա ակնհայտ հյուծված էր, դեմքին՝ վերքեր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: