Փետրվարի 17-ին բանակում հրազենային կրակոցից մահացած ժամկետային զինծառայող, 20 –ամյա Սեւակ Հովհաննիսյանի գործով քրեական վարույթը վերավորակավորվել է։ Ըստ նախնական վարկածի, հանրային հետապնդում էր նախաձեռնված սպանության հոդվածով, սակայն օրերս Քննչական կոմիտեն փոխել է հոդվածը, սպանությունը դարձնելով ինքնասպանություն։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային հետապնդում։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը», – հայտնում էՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ինչպե՞ս է սպանությունը վերավորակավորվել ինքնասպանության. «Սրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, փաստացի վարույթը հարուցված է այս հոդվածով»։ Ոչ պաշտոնական տվյալներ ունենք, որ Ոչ պաշտոնական տվյալներ ունենք, որ զորամասում դաժան կռիվ է եղել, շատ անձանց մասնակցությամբ, որը սարսափելի ավարտ է ունեցել։ Երիտասարդին կամ սպանել են, կամ ստիպել են ինքնասպանություն գործել։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել Իջևանի զորամսում։ Հովհաննիսյանը զորակոչվել է 2024-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Նույն Իջևանի զորամասում 2 օր անց նոր մահվան դեպք էր գրանցվել` 21 ամյա սիսիանցի զինծառայող Արտակ Վարդանյանին, ըստ չհերքված տվյալների, ծանր թոքաբորբով բարձրացրել էին մարտական դիրքեր, հիվանդությունը սրվել էր, նրան տեղափոխել էին Մուրացանի հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չէին կարողացել։
Ըստ ՊՆ խոսնակի, բժիշկների գնահատմամբ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք։ Իսկ նախարար Սուրեն Պապիկյանը առատ պարգևատրումներ է տալիս բանակում տիրող իրավիճակի պատասխանատուներին՝ ԳՇ պետի տեղակալներին, վարչության պետերին, գեներալներին։ Սա ՊՆ այն պաշտոնյաների շրջանակն է, ում համար գործում են մշտական ամենամսյա պարգեւավճարներ` 300–400 հազար դրամի չափով։
Սյուզան ՍՍիմոնյան
/hraparak.am
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: