Նախորդ շաբաթ հայտնի դարձավ երեք զինծառայողի մահվան մասին։ Երեքշաբթի՝ փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՔԿ-ն սպանության հոդվածով քրեական գործ է հարուցել։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերվեց տղամարդու դի։ Պարզվեց, որ նա պայմանագրային զինծառայող է, պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։

Փետրվարի 21-ին զինվորական հոսպիտալում մահացավ 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը։ Նախնական տեղեկություններով՝ նա մահացել է թոքաբորբից։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չբացահայտելով, թե զինծառայողն առողջական ինչ խնդիր է ունեցել, պնդեց, որ մահվան հանգեցրել է հիվանդության կայծակնային արագությամբ տարածումը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արտակ Վարդանյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով:

Իրավապաշտպան Նինա կարապետյանցը բանակում մահերը ողբերգություն է համարում՝ շեշտելով, որ իշխանությունը՝ Պաշտպանության նախարարությունը, զինվորի կյանքին անտարբեր է մոտենում։

«Շատ ցավալի և ողբերգական է, միևնույն ժամանակ լրջագույն խնդիր անվտանգության տեսակետից։ Արդեն անհիշելի ժամանակներից իրավապաշտպանները պնդում են, որ խոսքը մեկ անձի մասին չէ։ Երբ բանակում մահանում է զինվորը, սպան, անհատական շատ մեծ կորուստ է, բայց խոսքը գնում է ընդհանուր պետության անվտանգային համակարգի հիվանդ, խարխլված, խոցված լինելու մասին։ Տարբեր չինովնիկներ բոլոր ժամանակներում ասում են՝ ինչո՞ւ եք հաշվում բոլոր մահերը, չէ՞ որ մահեր կան, որ հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով է լինում։ Այդ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ բոլոր իրավիճակներում պատասխանատվությունն իշխանություններինն է։ Եթե առողջական խնդիր է առաջացել, դա նշանակում է, որ բավարար ստուգում չեն իրականացրել և ուղարկել են բանակ, կամ հիվանդացել է և բանակում ժամանակին բուժում չի ստացել։ Իշխանությունները խորապես անտարբեր են մարդկանց նկատմամբ, որովհետեև զինվորը ընկալվում է որպես ռեսուրս։ Այսքան տանկ ունենք, այսկան բատինկա ունենք, այսքան զինվոր ունենք։ Քանի դեռ այսպիսի ընկալում կա, ունենալու ենք նույն իրավիճակը»,-ասաց նա։

Թե Նիկոլ Փաշինյանը, թե Սուրեն Պապիկյանը միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ բանակը հասարակության հայելին է, և, որ խնդիրները բանակ գալիս են հասարկությունից։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանց նշում է՝ այսպիսով Փաշինյանը փորձում է իր վրայից մեղքը գցել ուրիշի վրա։

«Դա Փաշինյանի «հանճարեղ» միտքն է, երբ 2020 թվականին հիվանդությունների հետևանքով մահեր արձանագրվեցին, ինքն իրեն արդարացնելու համար, իր վրայից մեղքը ուրիշին փոխանցելու համար, ինչպես միշտ է անում։ Անպատասխանատվություն է շարունակել այդ նույն բանը պնդելը։ Եթե բանակը կայացած կառույց է, ինչպես իրենք են պնդում, չի կարող 18 տարեկան երիտասարդը գալ ու իր քմահաճույքով ինչ-որ գործընթացներ սկսել»,-ասաց նա։

Իսկ ավելի վաղ՝ 2018-ին, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե յուրաքանչյուր մահվան հետևում կանգնած է մեղավոր, և այդ մեղավորները պետք է պատասխան տան։ Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ ինչու Փաշինյանը իր յոթ տարի առաջ հայտարարած սկզբունքով չի առաջնորդվում։

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի ամենաանպատասխանատու ղեկավարներից մեկն է, որը հեշտությամբ հրաժարվում է իր մեկ ժամ առաջ արած պնդումներից։ Մարդ, որը չունի արժեհամակարգ, սրբություն, պատրաստ է ամեն ինչից հեշտությամբ հրաժարվել, կարևորը, որ իր վրա մեղք չմնա»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն Բանակի օրվա առթիվ էլ հայտարարել էր, որ «Բանակում էսօր չկա թեկուզ մի հատիկ պրոբլեմ, թեկուզ մի հատիկ թերություն, որը չի ծնվել բանակից դուրս»: Զինծառայողների իրավունքերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Փաշինյանի այս հայտարարության և բանակում տիրող իրավիճակի առնչությամբ նշեց․ «Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բանակի զինվորական ղեկավարությանն ուղղակի ասում է դուք որևէ պատասխանատվություն չունեք զինվորի կյանքի և առողջության համար։ Այսպիսի հայտարարությունը չի նպաստում բանակի ներսում որևէ դրական փոփոխության։ Ուղղակի ասում է բոլորը մեղավոր են բացի ձեզանից և դրա օրինակները ունենք զինվորի մավան դեպքերում, այնինչ պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»։

Հիշեցնենք՝ անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest