«Էրեխու բերանից կտրում եմ, որ առնեմ, ի՞նչ անեմ»,-44-օրյա պատերազմում ծանր մարմնական վնասվածքներ ստացած Նվեր Օհանյանն առայժմ այսպես է կարողանում լուծել դեղորայքի հարցը, որի ընդունումը իր համար խիստ կենսական է։

«Կեսը պետությունն է տալիս, կեսն էլ ես եմ առնում, ամիս կա, որ 40 հազար դեղերին եմ տալիս։ Աստծով առաջ ենք գնում»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Նվեր Օհանյանը։

Նվերը 40 տարեկան է, վեց տարի զբաղվել է պայմանագրային զինծառայությամբ։ 44-օրյա պատերազմի վերջին օրերին եղել է Շուշիի մատույցներում։ Մարտական հանձնարարություն կատարելու ընթացքում տանկի հարվածից առաջացած  ալիքը Նվերին խփել է պատին։

«Մենք գնացել էինք հարձակվենք, որ Շուշին հետ վերցնենք, Խաչի տակ կոչվող տարածքում էինք, մեկ էլ տանկերը սկսեցին խփել։ Տանկը, որ խփեց, ալիքը վերցրեց ինձ խփեց պատին։ Մենք մարտական էինք, որ հարձակվենք, Շուշին վերցնենք, բայց հարձակումը տապալվեց»,-ասաց Նվերը՝ շարունակելով․ «Անընդհատ գլխացավեր ու անքննություն ունեմ։ Պատերազմի հետևանքով է եղել՝ նոյեմբերի 8-ին Շուշիում։ Տանկի ուդառից հետո է եղել։ Տարբեր խնդիրներ ունեմ, սրտի ծակոցներ»։

Նվերի մոտ սրվել են նյարդային խնդիրները, մաշկը ցանավորվել է, գլխի մշտական ցավեր ունի, դյուրագրգիռ է դարձել շրջապատում կատրվող իրադարձությունների նկատմամբ։ Նա պատերազմից հետո իր կյանքի մեծ մասն անցկացնում է հիվանդանոցներում։ Նվերը Forrights.am-ի հետ զրույցում ասում է, որ հունվարի 8-ից 17-ը և հունվարի 21-ից փետրվարի 15-ը անցկացրել է տարբեր հիվանդանոցներում։

«Անընդհատ հիվանդանոցներում եմ։ Դեկտեմբերին տարան «Էրեբունի» հիվանդանոց կոկորդիս թարախը հանեցին, երկու օր հաց չէի ուտում։ Բառերով չես կարող ասել, պետք է մի քանի օր հետս ապրես, որ տեսնես։ Կարող է միամիտ պրիստուպ բռնի, տեղերս մտնեմ, մի երկու օր ցավերից չկարողանամ վեր կենամ։ Նայրդերս կծկվում են, խոսքի, որ ասեն պատերազմը ծախած էր, ես դրանից ներվայնանում եմ, ասում եմ՝ եթե ծախած էր, ինչո՞ւ չես գնում ԱԱԾ դիմում գրում»։

Նվերը բնակվում է Դիլիջանում։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Ստացած վնասվածքներից հետո ֆիզիկական աշխատանք չի կարողանում կատարել։ Դեղորայքի համար գումար հատկացնում է իր հաշմանդամության թոշակից և ընտանեկան նպաստից, որոնք միասին շուրջ 100 հազար դրամ են կազմում։

«Դեղերից մի երկու հատը տալիս են, բայց մնացածը ես եմ գնում։ Մի դեղի համար հասնում եմ Իջևան, մի հատ էլ տաքսուն ես փող տալիս։ Թոշակդ դեղերի վրա է գնում, առաջ զինվորի սնունդ էին տալիս հիվանդանոցում, հիմա դա էլ չկա։ Ես այնտեղ պառկած, էրեխեքս՝ տունը։ Ինձ, որ բուժեն ես կաշխատեմ։ Ես Հաղարծինում գաթա եմ թխել, կաթնահունցը իմ բրենդն է եղել։ Հիմա անընդհատ հիվանդանոցներում եմ, ո՞նց աշխատեմ, որ իմ ընտանիքին պահեմ։ Եթե ընտանիքը սիրով է լինում, ամեն ինչ է հաղթահարվում։  Մեր ազգին շատ էրեխեք են պետք, որ կարողանանք հաղթել։ Էն, որ կանգնում ասում են՝ ինչու ես էդքան էրեխա ունեցել, ոնց պետք է պահես, ասում եմ՝ քուրդը, որ Քրդստան չունի, տասը հատ էրեխա է ունենում, որ հող ստեղծի իր համար, մենք հողն ունենք, բայց չենք ուզում շատանանք։ Ես չորս երեխա ունեմ, չորսից մեկը հաստատ պետությանը պիտանի կլինի»,-ասում է Նվերը, որ տղաներից մեկին Շուշիում զոհված մարտական ընկերոջ՝ Գնելի անունով է կոչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ