Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով:

Երեկ նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի  խցում գրի առած մտորումները և վերջինս հրապարակել է դրանք: Ահա մի կտոր այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին, գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես, զեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։

Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվեց զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի:

Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այյն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում: «Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», — հիշում է Մարգարիտան:

Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանում է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է:

«Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնոս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»:

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք,  ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր: «Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-բաբոն Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը  բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», — ասում է կինը:

Երկրորդ հարվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի», այլ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրն էր, թե իբր՝ Ադրբեջանի նախագահը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրը հերքվեց, և ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ: Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, 2024 թվականի մարտին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան: Գորիսում նրանց ձերբակալեցին: Հետագայում Գալստյանի փաստաբան Ալեկսանդր Կոչուբաևը պատմեց ԶԼՄ-ներին, թե ինչպես է  «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը:  Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվել են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Սարգիս Գալստյանի գործով:

Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել էր, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։ Կոչուբաևը վստահեցնում էր՝  միակ ապացույցը Գալստյանի դեմ, նրա ինքնախոստովանությունն է, որը քննչական կոմիտեի քննիչը կորզել է սպառնալիքի ազդեցության տակ, խոստանալով, որ եթե Գալստյանը խոստովանի մեղքը, կնոջը բաց կթողնեն:

«Ես ամբողջ գիշեր այնտեղ մնացի քննիչի սենյակում: Նստել եմ աթոռի վրա, իրեն շանտաժով են ստիպել, որ ստորագրի, նոր ինձ բաց են թողել: Պատկերացրեք, +4 տեսողություն ունեք, ու ակնոց չունեք, չեք կարող գրել: Իրենք տառ- տառ ասել են, ինչ գրի՝ վանկերով, ու բացատրել են, որ միայն ինքնախոստովանանքի վրա իրեն չեն դատի: Քանի որ գիտեր, որ ես կողքի սենյակում եմ, ստորագրել է: Դա հեքիաթ է, ոչ թե խոստովանություն», — վերհիշում է Մարգարիտան այն սոսկալի օրը:

Գործում անհեթեթ ապացույցներ կային, ինչպես, օրինակ, թուրքերենի բառարանը, որը Սարգիս Գալստյանը որպես թրքագետ, բերել էր իր հետ  ի թիվս բազմաթիվ այլ գրքերի:

«Դա իր մասնագիտական գիրքն է, այն ժամանակ որևէ մեկը չի մտածել գրքի մասին, պանիկա էր, մենք մեր գրքերը բոլորը բերել ենք, բացի դա, ադրբեջանցիները թուրքերեն չեն խոսում: Բայց այդ բառարանի պահը հետո դուրս մնաց գործից», — ասում է Գալստյանի կինը:

Սարգիս Գալստյանի շուրջ հյուսված ու բլոգերների տարածած միֆերից է նաև այն, որ նրա հյուրանոցում, իբր՝ թուրքեր էին աշխատում: Մարգարիտան վստահեցնում է՝ սա անհեթեթություն է, Շուշիում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, նման բան չէր կարող լինել: «Սարգիսը 10 տարի եղել է հյուրանոցի տնօրեն, որից 8 տարի, անընդմեջ նա հայկական պոեզիայի միջազգային մրցույթ էր կազմակերպում դպրոցականների համար, ժյուրիում հարգելի գիտնականներ, դասախոսներ էին՝ Արծրուն Ավագյանը, Գուրգեն Մելիքյանը, եւ այլն, Լալա ՄՆացականյանն է եղել, յուսահոգի: Այդտես երեխաներ էին ապրում, նաև այլ երկրներից, Ռուսաստանից, չէր կարող մեր հյուրանոցում ոչ մի թուրք աշխատել: Հոկտեմբերի 5-ին ամեն տարի ուսուցչի տոնին, որը նշվում էր ամբողջ Արցախի Հանրապետությունում, Սարգիսն իր հաշվին հրավիրում էր Էրիկ Չանչուրյանի երգի պարի խումբը Հայաստանից եւ բոլորին անվճար պահում էր հյուրնոցում: Մեր բոլոր 10 աշխատողներին մենք լավ ճանաչում էինք, ի՞նչ թուրք»:

Ամուսնու հայրենասիրության մասին Մարգարիտա Շահնազարյանը կարող է պատմել երկար, հիշում է 44-օրյա պատերազմի օրերը, երբ Քովիդով հիվանդ Սարգիսը իր փուռն աշխատացնելով, հաց էր մատակարարում Շուշիով, Ստեփանակերտով մեկ, իսկ իր տղան տանում, բաժանում էր մարդկանց, հիշում է սեպտեմբերի 19-ը, երբ ընտանիքը տանն էր՝ Կրկժամնում: «Հրադադարի հաստատվելուց հետո էլ 40 րոպե դեռ կռիվը շարունակվում էր, որովհետև ոչ ոք չէր ասում՝ գիտեք, հրադադար է: Հետո պայթյունները դադարեցին, Երեխաներին ուղարկեցինք, մենք մնացինք մեր տանը», — պատմում է Մարգարիտան:

Նա ամուսնուն ճանաչում է 9-րդ դասարանից, ամբողջ գիտակցական կյանքում միասին են եղել: Սարգիս Գալստյանը ազատազրկման ժամկետն անցկացնում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում: Շաբաթը երեք անգամ Մարգարիտան խոսում է Սարգիսի հետ: Նրա փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաեւը, վերաքննիչ բողոք է ներկայացրել անողոք դատավճռի դեմ: Քննության օրը դեռ նշանակված չի: Գալստյանի տրամադրությունը սպասողական է: Նա հավատում է արդարության:

Սյուզան Սիմոնյան

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ