Արցախից տեղահանված 4 անչափահաս երեխայի մայր Նարինե Ասրյանը ծննդով Ստեփանակերտից է։ Ամուսնանալուց 10 տարի անց՝ 2013թ., ամուսնու հետ Հայկավան թաղամասում հիպոթեքով տուն են կառուցել։ Դժվարություններ շատ են ունեցել, նրանց առաջնեկը ծնվել է ամուսնության 7-րդ տարում։ Վեց ամսականում որդուն ախտորոշել են հոդային հազվագյուտ ռևմատոիդ արթրիտ և երևանյան հիվանդությունները։ Հաշմանդամ երեխայի առողջական խնդիրների բարելավման համար արդեն 15 տարի նրան պարբերաբար տանում են արտերկրի բուժհաստատություններ։ Առաջնեկ որդին 10 տարեկան էր, երբ ծնվեց նրանց 2-րդ տղան։
«2020թ. ավագ որդուս առողջական վիճակը վատթարացել էր և բարի մարդկանց դրամահավաքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բուժման նպատակով մեկնել ենք Գերմանիա։ Մորս խնամքին էի թողել 1,5 տարեկան տղայիս։ Երեք շաբաթյա բուժումից հետո պետք է վերադառնայինք սեպտեմբերի 27-ին ու մինչ օդանավակայան հասնելն ամուսինս զանգեց, թե՝ չեմ կարողանալու ձեզ դիմավորել… պատերազմ է սկսվել։ Անասելի ծանր ապրումների մեջ էի, ամբողջ միտքս փոքրիկս էր, որն ինձ մոտ չէր։ Լուրերն էլ կարդալով խելագարվում էի»,- ծանր օրերը վերհիշեց 4 անչափահաս երեխայի մայրը։
Նարինեի ջանքերով տատն ու թոռը Ստեփանակերտից հասել են Երևան, ապա երկու ամիս մնալուց հետո միասին վերադարձել Արցախ։ 2022թ. նոյեմբերի 30-ին ծնվեցին Նարինեի զույգ աղջիկները, իսկ 12 օր հետո Արցախը շրջափակվեց։ Չորս երեխայի մայրը հայտնվել էր դժվարին վիճակում։ Տասն ամիսների ընթացքում Նարինեն ջանում էր նորածինների համար ձեռք բերել անհրաժեշտ սնունդ և արհեստական կաթնախառնուրդներ։ Ավագ որդին էլ ամեն ամիս կենսական նշանակության դեղորայքի կարիք ուներ և տարբեր բարեգործական կազմակերպություններ աջակցեցին այդ հարցում։
«2023թ. մեկօրյա պատերազմի օրը 5 տարեկան որդիս մանկապարտեզում էր։ Ես էլ տնից դուրս էի եկել, որ մի տղայի հետ ունեցած սուրճս փոխանակեի կաղամբով։ Նա էլ տեղեկանալով, որ փոքր երեխաներ ունեմ, մի խտացրած կաթ էլ տվեց և ես ուրախությամբ ոտքով բարձրանում էի տուն, երբ նկատեցի աշխարհազորայինների իրարանցումը։ Քայլերս արագացրի և ամուսնուս զանգեցի, որ իջնի օգնելու։ Մտանք տուն, որ երեխաների համար նրբաբլիթ պատրաստեմ, հանկարծ սկսվեց արկակոծությունը։ Պայթյուններն ահավոր ուժգին էին, շուրջը դղրդում էր… անմիջապես գրկեցի լացող զույգերիս, ավագ որդիս էլ վախից վատացել էր, բայց աղոթում էր։ Փոքր տղաս մեզ հետ չէր, կապվեցինք մանկապարտեզի դաստիարակի հետ և տեղեկացանք, որ նա բոլորի հետ նկուղում է։ Ամուսինս վազեց երեխայի հետևից և խուճապի, անորոշության, անելանելիության այդ ընթացքում քրոջս տղան եղած վառելիքով եկավ մեր հետևից, ռազմական գործողությունները սաստկանում էին ու մենք իջանք իրենց նկուղ»,-հուզված ներկայացրեց զրուցակիցս։
Միայն 4 օր հետո՝ սեպտեմբերի 24-ին են նրանք վերադարձել իրենց տուն և շտապ պատրաստվել տեղահանմանը։ Հարևաններն արդեն տեղահանվել էին, թաղամասում մնալը վտանգավոր էր։ Զույգ աղջիկները դեռ չէին քայլում, ավագ որդին սայլակով էր շարժվում և Նարինեն մի կերպ հավաքեց երեխաների անհրաժեշտ շորերն ու իրերը, որ առավոտյան ճանապարհվեն։ Տեղահանության եռօրյա ճամփան նրանց համար առավել դժվար էր։
«Տասն ամսական աղջիկներիս կաթնախառնուրդի եռացրած ջուրը վերջացել էր։ Մեծերն էլի կդիմանան սովին, մի բան կուտեն, բայց կաթնակեր զույգերին կերակրելը խնդիր էր։ Սովից անդադար լացում էին։ Բազում նեղություններով ամսի 28-ին, Փառք Աստծո, հասել ենք Հայաստան և 7 հոգանոց ընտանիքի համար շուրջ մեկ ամիս Երևանում վարձով բնակարան փնտրել»,-նշեց մայրը։
Այժմ Նարինեն զբաղված է երեխաների խնամքով, իսկ ամուսինը մշտական աշխատանք չունի։ Հայաստանում 4 անչափահաս երեխաներից միայն հաշմանդամ տղային են 39 հազ. դրամ նպաստ հատկացրել։ Երեխաների նպաստը ստանալու համար կինը դիմել և վերջերս ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հաշմանդամ երեխայի թանկարժեք դեղորայքը ձեռք բերելու համար նա պարբերաբար դիմում է տարբեր ֆոնդերի։ Փոքր որդին ունի խոսքի զարգացման հապաղում և լոգոպեդի ու հոգեբանի մասնագիտական աջակցությանն են դիմում։ Ծնողները չեն հասցնում։ Խնդիրները շատ են, երեխաներն անչափահաս են ու պետք է հոգալ նրանց առողջական, կրթական և կենսական նշանակության հարցերը։
Զառա Մայիլյան