19-ամյա Կարենի ուսերին են անչափահաս քուրերի ու եղբայրների հոգսը։ Կարենի ընտանիքում յոթ հոգին են, ինքը, մայրը և հինգ անչափահաս երեխաները։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Կարենն աշխատանքի է անցել, մեծ գումար չի ստանում, բայց ինչ-որ չափով կարողանում է հոգալ ընտանիքի որոշակի ծախսեր։
«Դպրոցն ավարտել եմ ու քննություններից անմիջապես հետո մտա աշխատանքի, գոհ եմ, որ աշխատում եմ։ Ճիշտ է, իմ աշխատածը տան վարձին էլ չի հերիքում, բայց մի բան կարողանում ենք զոռով անել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Կարենը։
Ընտանիքը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում է ապրում։ Կարենը երկու օրը մեկ Գեղաշենից հասնում է Աբովյան՝ բանկերից մեկում անվտանգության աշխատակից է։ Հերթապահում է 24 ժամ, ամսվա համար ստանալով 80 հազար դրամ։
Կարենի մայրը չի աշխատում, երեխաների փոքր են՝ 5, 7, 9, 13, 15 տարեկան, խնամքի կարիք ունեն։
Կարենը կյանքի դժվարություններին դիմակայում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից։ Այդ օրը ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի խաղաղ բանակիչների վրա, զոհվեց հայրը՝ Գևորգը։
«Արցախից հեռանալու ճանապարհին մտածում էի պապայի մասին․․․ գիտեի, որ զոհվել է, չէի ուզում տանը ասել։ Շատերը գիտեին, ուզում էին տանը ասել, ես չէի թողնում։ Իր դիրքն ամենավտանգավորն էր, ես էդ պոստ գնացել եմ, գիտեմ, որ այնտեղից փրկվելը գրեթե անհնարին էր։ Թշնամուց մի քանի մետր են այն կողմ եղել։ Իրենք մնացել էին, որ Մարտակերտը պահեին, իրենք որ չլինեին թշնամին քաղաք էր մտնելու։ Հորս ու մյուսներին խոշտանգել են։ Հայրս սրտից վիրավոր է եղել, հետո էլ ծեծել են, գլխից են կրակել»,-ասում է Կարենը։
Մարտակերտ քաղաքից ոչ հեռու գտնվում է Կարենի գյուղը՝ Մոխրաթաղը։ Թշնամու արձակած արկերը իրենց տան վրայով են անցել։
«Սնարյադով խփում էին գյուղին։ Գյուղում զինվորական տեղ կար, բարձր տեղ էր, որ խփում էին դրան մեր տան վրայով էր անցնում։ Սնարյադ կար, որ մեր տան մոտով էր անցնում, ես ընտանիքիս հանեցի պապիենց, այնտեղ մի քիչ ապահով է։ 44-օրյա պատերազմին մեր տունն էլ է վնասվել։ Սեպտեմբերի 25-ին հրաման տվեցին, որ գյուղից դուրս գանք։ Մեր մեքենայով դուրս եկանք, փոքր հոպարս էր վարում, ես ընկերոջս հետ դուրս եկա գյուղից։ Հասանք Ստեփանակերտ բենզինի խնդիր կար, մի գիշեր մնացի դրսում, որ բենզին վերցնեմ, բայց չկարողացա, ստիպված հետ եկա։ Առավոտյան շարժվեցինք Գորիս, մի քիչ գնում էինք, մի քանի ժամ կանգնում էինք, որ ավտոները առաջ գնանք, կարողանանք շարժվել»,-բռնի տեղահանման օրերը հիշելով պատմում է Կարենը։
Արցախցի տղան հիմա մտածում է այլ աշխատանք գտնելու մասին, որ կարողանա ընտանիքի կարիքները հոգալ։ Ուսում ստանալու ցանկություն ունի, բայց ասում է՝ մի քանի տարով այն հետաձգել է, պետք է շատ աշխատի։ Լսել է, որ կառավարության կողմից տրվող աջակցությունը շուտով նվազելու է, չի դժգոհում, ասում է՝ շնորհակալ է, որ այսքան ժամանակ իր ընտանիքին օգնել են բնակվարձով։ Հայաստանի քաղաքացի դառնալու, բնակարան գնելու ծրագրից օգտվելու պլաններ ունի, սակայն, հերթեր ու քաշքշուկներ են, որքան ժամանակ է՝ չի հաջողվում ՀՀ քաղաքացի դառնալ, չնայած նշում է՝ գործընթացն արդեն սկսել է։ Մտածում է Աշտարակի գյուղերում կկարողանա մի լավ տուն գտնել, որտեղ նաև հողամասը մշակելու հանարվորություն կունենա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան