ԱՄՆ եւ Ֆրանսիա վերջերս կատարած այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Սփյուռքի որոշ ներկայացուցիչների հետ, որոնց փորձում էր համոզել, որ Հայաստանը այլեւս Սփյուռքի հետ կապ չպիտի ունենա, պետք է հրաժարվի Ցեղասպանության, պահանջատիրության հարցերից եւ մտածի միայն 29,9 հազ․քմ եւ «հարևանների» հետ խաղաղ ապրելու մասին։

Այն, որ Սփյուռքը խանգարում է Հայաստանին, 2008-ից մինչ օրս ասում է Էրդողանը։

«Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի»,-ասել է Էրդողանը 2024 թ ապրիլի 24-ին։ Նա նաեւ ասել է, որ ՀՀ կառավարույան հետ խնդիր չունի, սակայն Սփյուռքը ամեն ինչ փչացնում է։

Այն ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի հայտարարություններին։ Նա նշել է․ «Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»։

Բայց, ըստ երեւույթին, հիմա տեղի է ունենում Սփյուռքը Հայաստանից տարանջատելու գործընթացը։ Ընդ որում, Փաշինյանը փորձում է դա անել, պառակտելով Սփյուռքը եւ, հանդիպելով հիմնականում հակադաշնակցական շրջանակների հետ, համոզում է նրանց, որ «դաշնակցական» գաղափարախոսությունը վնասում է Հայաստանին։ Փաշինյանը ակամա իդենտիֆիկացնում է «ազգը», «հայրենասիրությունը», «պահանջատիրությունը» դաշնկցության հետ։ Որպեսզի չհամոզի Սփյուռքին հրաժարվել «ազգից» եւ «հայրենասիրությունից», նա փաթեթավորում է այն որպես «դաշնակցական գաղափարախոսություն»։

Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն: ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները» ։

Վարչապետ Փաշինյանի ելույթը հակասական էր, քանի որ նա հասկացրել է, որ Սփյուռքը հայ ժողովրդի մաս չէ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Ավելին, Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ Հայաստանում պետք է նոր հայ ստեղծի։ Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը որոշի, թե ինչպես պետք է մտածի նոր հայը, ասել է Չոբոյանը:

«Սփյուռքից հրաժարվելը» ոչ միայն պահանջատիրության ուրանալ է Ցեղասպանությունից, Կարսի պայմանագրից հետո։ Հավաքական հայ ժողովուրդը հսկայական եւ կարեւոր սեփականության տեր է Հայաստանից դուրս՝ Երուսաղեմից, ներկայիս Թուրքիայից մինչեւ Լիբանան եւ Սիրիա։ Հրեական պետությունը եւ Թուրքիան վաղուց են փորձում տիրանալ հայկական կալվածքներին, եւ առանց հայկական պետության պաշտպանության դժվար կլինի պահպանել դրանք։

Այն ինչ ՀՀ Սահմանադրության Հոդված 11 հռչակում է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»:

Հայկական Սփյուռքը սակայն չի պատրաստվում հրաժարվել պահանջատիրությունից։

ԱՄՆ կատարած Փաշինյանի այցից հետո՝ հայկական լոբիստական կազմակերպությունների դրդմամբ, ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նամակ հղեցին նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը: Ի դեպ, այդ համագումաը «դաշնակցական չէ»։

Նամակում կոչ արվեց պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների համար՝ գործի դնելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևը՝ կիրառելով Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները և մերժելով EXIM բանկի կողմից Ադրբեջանին երկակի նշանակության վաճառքի ֆինանսավորումը:

Նամակում տեղ գտած մտահոգիչ այլ հարցերը ներառում էին Սիրիայի հայ համայնքի, ինչպես նաև Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «4-րդ դարից ի վեր Սուրբ Երկրում համաշխարհային քրիստոնեական ժառանգության գանձի» առջև ծառացած մարտահրավերները:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Թրամփին և կոչ արել նրան պնդելու Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը։

Նա կոչ է արել Թրամփին վերահաստատելու իր նախընտրական դիրքորոշումը Արցախի հարցում՝ ընդգծելով բնիկ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։

Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Դոնալդ Թրամփը զանգահարել է Արամ Առաջինին՝ աջակցություն հայտնելով արցախահայությանը, հաստատելով նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգության երաշխիքներով և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։

Իսկ The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որտեղ գրված է․ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ