Ծննդով ստեփանակերտցի 5 երեխայի մայր Ռուզաննա Առստամյանը ընտանիքի հետ տեղահանվել է 2023թ. սեպտեմբերին։ Ստեփանակերտում նրանք 11 տարի առաջ են Կրկժան թաղամասում ձեռք բերել կիսավեր տուն և իրենց ուժերով վերականգնելով բնակելի դարձրել։ Ամուսինը պայմանագրային զինծառայող էր, երկարամյա ծառայությունից հետո զորացրվել է։

«Կարծես ամեն ինչ կարգավորվել էր, սակայն սկսվեց 2020թ. 44-օրյա պատերազմը։ Քանի որ մենք Ստեփանակերտի վերին թաղամասում էինք, որտեղ տեղակայված էր նաև հակաօդային պաշտպանության հենակետը, ողջ Կրկժանն անմիջապես թիրախավորվեց թշնամու կողմից։ Միանգամից պայթյուններ, արկակոծություններ ու երեխաներս շատ էին վախեցել, մեր տան նկուղային հատվածում անգամ ապահով չէր։ Տղաս էլ այդ ժամանակ ժամկետային ծառայող էր։ Ամբողջ միտքս ու հոգիս նրա հետ էր։ Անասելի ապրումներ էին՝ որդիս պատերազմում, տանն էլ այլևս հնարավոր չէր մնալ»,-հուզված ներկայացրեց բազմազավակ մայրը։

Ռուզաննան երկընտրանքի մեջ էր՝ պետք էր մտածել մյուս երեխաների ապահովության համար,  բայց տղան էլ  պատերազմում էր, չէր ուզում թողնել ու տեղափոխվել։ Նրա փոքր երեխաները առողջական խնդիրներ ունեին ու պատերազմական այդ իրավիճակում հնարավոր չէր կազմակերպել նրանց բուժօգնությունը։ Այլընտրանք չկար ու Ռուզաննան երեխաների հետ ստիպված տեղափոխվեց Երևան։

«Տղաս Մարտակերտի գումարտակում էր ծառայում։ ՊԲ-ի «Ուրալ»-ն էր վարում, հետո միայն պատմեց, թե ինչերով է անցել ու հրաշքով փրկվել։ Մի անգամ նա սահմանված ժամից շուտ մեքենան հանեց դիրքից և փրկվեց թշնամու թիրախավորումից, հինգ րոպե հետո տեղանքը ոչնչացվեց։ Ես այդ պահին աղոթում էի նրա համար։ Հրադադարից հետո չէի հասկանում, թե ինչի համար է ամուսինս հորդորում վարագույր գնել, պարզվեց՝ տունը արկակոծվել էր։ Արկը պայթել է հենց մեր տան բակում և պատուհաները, դռները, տանիքը փշրվել ու ավերվել էին։ Մենք էլ ուզում էինք վերադառնալ, բայց հնարավոր չէր տանը բնակվել։ Քաղաքապետարանի օգնությամբ որոշ ժամանակ անց ամուսինս կարգավորեց ամեն ինչ և մենք վերադարձանք։ Տխուր ու տրտում էինք, Արցախի մեծ մասը օկուպացված, մեռյալ վիճակ։ Բայց մեր հայրենիքն ու մեր տունն է, պետք էր ուժ գտնել և շարունակել ապրել։ Սակայն երեք տարուց հետո կրկին հայտնվեցինք նույն իրավիճակում»,-վերհիշեց Ռուզաննան։

Հինգ երեխաների մայրը չէր պատկերացնում, որ շրջափակման ժամանակահատվածի  նեղություններից հետո կրկին կսկսվի պատերազմը։ Դիմագրավում էին գիշերային ժամերի հացի հերթերին, սննդամթերքի պակասի կամ բացակայության խնդիրներին, մտածելով և հուսալով, որ ամեն ինչ ժամանակավոր է։

«2023թ. սեպտեմբերի 19-ին զբաղված էի առօրեական տնային գործերով և հանկարծ սկսվեցին արկակոծությունները։ Տղաս արդեն պայմանագրային զինծառայող էր, դիրքերում էր։ Արկակոծությունները չէին դադարում։ Ոչ կապ կար, ոչ լույս, իսկ Կրկժանի ուղղությամբ ավելի ուժգին էին արկակոծում, քանի որ մոտակա բարձունքում հայկական դիրքերն էին։ Հայտնվել էինք մարտական գործողությունների կիզակետում։ Երեկոյան փոքր տղայիս վիճակը վախից վատթարացավ, ոտքերը թուլացան և մի քանի շոր վերցնելով որոշեցինք եղած վառելիքով տեղափոխվել քրոջս տուն՝ քաղաքի ներքևի թաղամաս, որտեղ նկուղ կար։ Մտածում էինք, որ հետ կվերադառնանք, սակայն հաջորդ օրը թուրքերը չորս կողմով մոտեցել են մեր թաղամասին՝ մեր տանը։ Հարևանս լուր տվեց, որ թուրքը ձեր տանն է, իսկ ամուսինս ի դեմս մեր հորդորների, որ չգնա, շտապեց դեպի մեր տուն։ Նա ոտքով բարձրացավ և մեր թաղամասի այգիներով գաղտագողի հասավ տուն, շտապ հավաքեց ձմեռային մեր վերարկուները, որոշ սննդամթերք և թաքուն, աննկատ վերադարձավ»,- դժվարին այդ օրերի մասին վերհիշեց Ռուզաննան։

Աստիճանաբար արցախահայությունը ստիպված սկսեց լքել իր բնօրրանը։ Ռուզաննայի զինծառայող տղան և զինակից ընկերները մինչև վերջ մնացել էին դիրքերում և միայն որդու վերադառնալուց հետո ընտանիքը ևս տեղահանվեց։ Ճանապարհին շատ նեղություններ կրեցին։ Ռուզաննայի խոսքով՝ բռնագաղթի ճանապարհին քաղցած էին և պատահական անցնող ոչխարների հոտի հովիվը մի ոչխար տվեց տեղահանվողներին։ Ոչխարը խորովել են, բաժանել, որ դիմանան սովին ու տեղ հասնեն։ Ի վերջո նրանք հատել են անցակետը։

«Վայքում մի անծանոթ մարդ առաջարկեց գիշերել իրենց տանը։ Աստված շատ օրհնի այդ մարդուն, որ այդ նեղ օրը մեզ աջակցեց։ Ծաղկաձորում մեզ մեկ ամիս տեղ հատկացրին ու հետո մի կերպ երեք սենյականոց բնակարան վարձեցինք Երևանում։ Ամուսնուս առողջականը չի ներում արհեստակցական գործեր անել, հացի փուռում է աշխատում։ Ես էլ եմ ուզում աշխատել, բայց առողջական խնդիրների պատճառով հարմար աշխատանք չեմ գտնում։ Ամեն մի արցախցու պես երազում ենք հետվերադարձի մասին։ Եթե Աստված կամենա՝ կվերադառնանք Արցախ, հույս եմ պահում»,-հավելեց Ռուզաննան։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ