Ուկրաինայում եւ Պաղեստինում Թրամփի «բիզնես»-առաջարկների համատեքստում Նիկոլ Փաշինյանը իր «առաջարկներն» է անում ԱՄՆ նախագահին։
Հիշեցնենք, որ Թրամփը առաջարկել է Գազան եւ Օդեսան «Ռիվյեռայի» վերածել, դրանք անվանելով «հետաքրքիր անշարժ գույք»։ Նաեւ առաջարկել է Կիեւին ռազմական օգնությունը շարունակելու փոխարեն ԱՄՆ տնօրինության տակ փոխանցել որոշ ուկրաինական հանածո մետաղներ։
Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ստանա Թրամփի աջակցությունը։
Խոսելով Միացյալ Նահանգների դերակատարությունից ՝ Փաշինյանը Աթկանթիկ կոնսուկում նշել է՝ հետևել են նախագահ Թրամփի ընտրարշավին ու արձանագրել, որ խաղաղության օրակարգը կարևոր է նրա համար։
«Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է, և գուցե նոր վարչակազմի կողմից հավելյալ, կամ՝ իրական ջանքերը արդյունավետ լինեն», — ասաց Փաշինյանը։
«Օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային սահմաններով», — ասաց նա։
«Խորհրդային» սահմաններ՝ նշանակում է նաեւ Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանի ճանաչում, այսինքն՝ Կարսի պայմանագրի օրինականացում։ Մինչ օրս այդ պայամանագիրը չկա ՄԱԿ-ի դեպոզիտարիայում, եւ դա մեծ խնդիր է Թուրքիայի համար։ Փաշինյանը առաջարկում է հրաժարում հայկական իրավունքներից եւ շահերից, ակնկալելով Թրամփի աջակցությունը սեփական իշխանության։
«Այսպիսով, մենք ընկալում ենք խաղաղ գործընթացը որպես մեր ներդրումը համաշխարհային խաղաղությանը», ասել է Փաշինյանը։
Մենք ակնկալում ենք «ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն»։
Այսպիսով, Փաշինյանը փորձում է Թրամփին ծախել երկու բան՝ հրաժարումը հայկական իրավունքներից, այդ թվում Ցեղասպանության հետ կապված պահանջատիրությունից եւ Արցախից, եւ ժողովրդավարության «հաջողությունները», առաջարկելով Հայաստանը դարձնել ԱՄՆ տարածաշրջանային «հենակետ»։
Որքանո՞վ են այս երկու առաջարկը հետաքրքիր Թրամփին։ Եւ արդյո՞ք եղել են այլ «առաջարկներ», ասենք՝ Ամուլսարի ոսկի, Զանգեզուրի մոլիբդեն եւ այլ։
«Ապրանքը» Թրամփին «ծախելու» համար Փաշինյանը արդեն մեկ ամիս է փորձում է համոզել Սփյուռքին, որը Ցեղասպանության գլխավոր սուբյեկտն է, հրաժարվել
«զոհի» հոգեբանությունից, մոռանալ անցյալւ և առաջ նայել։
Ըստ Փաշինյանի, միջազգային կոնսենսուս կա՝ եթե հայ ես, պետք է զոհվես, մինչդեռ իր կառավարությունը ուզում է փոխել դա, «հասկանալով, որ դա շատ դժվար, համարյա անհնարին առաքելություն է»։
«Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», — պնդեց Փաշինյանը։
Սակայն նա չի հերքում, որ Հայաստանը իր ղեկավարությամբ բազմաթիվ «զոհաբերությունների» է գնացել, հատկապես, հանձնելով Արցախը։
Նա ասել է, որ «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ենք ձեռք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Նա խոստովանում է, որ Արցախը գիտակցաբար զոհաբերվել է «հանուն մնացած Հայաստանի»։
Ըստ Փաշինյանի՝ հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա. — «Ես չէի ուզի նաև, որ այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի մասին է եղել: Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել, և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա»:
Արդյո՞ք Արցախը «վերջին զոհը» կլինի, թե՞ հերթում բազմաթիվ զոհաբերություններ կան՝ հայկական իրավունքներից եւ շահերից հրաժարում, Սյունիքը հանուն «թյուրքական» միջանցքի «մատաղ անել», հանուն «ժողովրդավարության»՝ ագրեսիվ այլազգիներին Հայաստանում բնակեցնել, միայն թե պահպանել իշխանությունը։
Նաիրա Հայրումյան