«Պապ, մի գնա։ Մամ, պապային մի թող, որ գնա։ Նրա հետ կարող է ինչ-որ բան պատահել». սրանք վերջին խոսքերն են, որ փոքրիկ Լիլիթն ասել է հորը՝ Բաբկեն Ադամյանին։
Սեպտեմբերի 19-ին առավոտյան Բաբկենը դիրքերից վերադարձել էր տուն։ Սովորականի պես աղջկան դպրոց էր տարել և սպասել։ Տուն վերադառնալուն պես Բաբկենը զանգ է ստանում՝ շտապ պետք է մեկներ դիրքեր։ Երբ սկսվում է պատերազմը, նրա կինը՝ Արմինեն ու երկու երեխաները՝ Լիլիթն ու Վերան, շտապում են ապաստարան. «Մենք նկուղում էինք, երբ իմացանք, որ մեր քաղաքապետը զոհվել է, ես հույս ունի, որ Բաբկենը գոնե վիրավոր էր», հիշում է Արմինե Դանիելյանը։
Այսօր Արմինեն երկար դադարներով է հիշում այդ օրվա մանրամասները։ Լիլիթը մորն է մեղադրում կատարվածի համար. «Լիլիթս փոքր էր, հենց տեսավ, որ Բաբկենը զինվորական համազգեստն է հագնում, սկսեց լաց լինել։ Ինձ ասում էր, որ չթողնեմ Բաբկենը գնա»։ Ինքը ոչինչ անել չի կարողանում, գրկում է Լիլիթին, իսկ ամուսինը դուրս է գալիս տնից. «Մենք պատրաստվում էինք ճաշել, երբ սկսվում է հրետանակոծությունը։ Ես միայն մտածում էի երեխաներիս փրկելու մասին, չգիտեի՝ ամուսինս ինչ վիճակում է»։

Բաբկենի ու Արմինեի ավագ դուստրը՝ Վերան

Բաբկենի ու Արմինեի կրստեր դուստրը՝ Լիլիթը
Երբ երեխաների հետ ապաստարանում էր, զանգում է ամուսնուն, բայց չի կարողանում կապվել։ Ասում է՝ որքան վտանգավոր լիներ իրավիճակը, միշտ տեղեկություն ուներ ամուսնուց, սակայն այս անգամ որևէ կերպ չի կարողանում լուր իմանալ Բաբկենից. «Բոլորս լաց էինք լինում երբ իմացանք, որ մեր քաղաքապետը զոհվել է։ Նայում էի իր երեխաներին ու չէի էլ մտածում, որ իմ երեխաներն էլ են զրկվել հորից»։
Սեպտեմբերի 20-ին Արմինեի հայրը գալիս է իրենց մոտ ու խնդրում աղջկան՝ գնալ հիվանդանոց։ Երկար տարիներ նա աշխատել է դեղատանն ու բոլորը ճանաչում էին նրան. «Ով ինձ տեսնում էր, ասում էր՝ ցավակցում եմ, բայց ես դեռ չգիտեի՝ ողջ է Բաբկենը, թե զոհվել է», հիշում է նա։
Հիվանդանոցում Արմինեին հայտնում են գույժը՝ ամուսինը զոհվել էր։ Հենց այնտեղ էլ նա ցանկություն է հայտնում վերջին անգամ տեսնել ամուսնուն։ Այսօր էլ հիշում է, թե ինչ վիճակում գտավ սիրելի ամուսնու մարմինը. «Ամուսնուս մարմինը տեղափոխել էին դպրոցի նկուղ։ Հորս հետ գնացինք այնտեղ։ Բաբկենի գլուխն ամբողջությամբ արյան մեջ էր, ես ընկել էի իր մարմնի վրա ու չէի ուզում բաց թողնել»։ Դիակների հոսքը շատանում էր և այլևս անհնար էր մնալ այնտեղ։ Արմինեն ստիպված լքում է ամուսնու մարմինն ու վերադառնում երեխաների մոտ։

Ամուսնու՝ Բաբկենի լուսանկարը Արմինեի հեռախոսում
Սեպտեմբերի 23-ի երեկոյան Բաբկեն Ադամյանի մարմինը հուղարկավորում են հարազատ գյուղում՝ Ճարտարի ընտանեկան գերեզմանոցում. «Մենք սպասում էինք։ Ես էլ չգիտեմ, թե ինչին։ Զոհվածների մարմինները պահում էին, բայց շատ չէին կարող։ Մենք էլ հուղարկավորեցինք իր հորական գյուղում», հիշում է Արմինեն։
Ես միայն ամուսին չեմ կորցրել, այլ լավ ու հոգատար ընկերոջ
Արմինեն, իր երկու աղջիկների հետ այժմ հաստատվել է Վանաձորում։ Ընտանիքը Մարտունի քաղաքից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 26-ին. «Ես չգիտեի, թե ինչ վերցնեմ տնից։ Բաբկենը շատ մեդալներ ուներ։ Ես բոլորը խնամքով դասավորել եմ մեր սեղանի վրա, զինվորական հագուստը ծալել ու թողել աթոռի վրա։ Ուզում էի, որ թշնամին տեսներ՝ թե ում տունն են մտել», հիշում է Արմինեն։ Արդեն Հայաստանում Բաբկեն Ադամյանին հետմահու պարգևատրել են «Մարտական Խաչ» շքանշանով, որն Արմինեն խնամքով պահում է ամուսնու հիշատակի անկյունում։

Արմինեի ձեռքում ամուսնու շքանշանն է
Արմինեն ամենաշատն ափսոսում է, որ ամուսնու գերեզմանը թողել են Ճարտարում։ Ասում է՝ գոնե մի տեղ ունենար, ծաղիկներ կխոնհարեր ու լաց կլիներ. «Մարմինն արտաշիրիմում անելու համար բոլոր հնարավոր կազմակերպություններին դիմել եմ, դեռ որևէ նորություն չկա»։
Իրենց նոր բնակարանում էլ ամեն բան անում են, որ Բաբկենի հիշատակը վառ մնա։ Արմինեն հաճախ է հիշում ամուսնու հետ անցկացրած տարիները, ասում է՝ Բաբկենը շատ հոգատար էր ոչ միայն իր, այլև բոլորի հանդեպ։ Համատեղ ամուսնությունից ծնված Լիլիթին ու Վերային Բաբկենը շատ էր սիրում, ուր էլ գնում էր՝ աղջիկներին տանում էր իր հետ։

Լիլիթի ձեռքի աշխատանքները
Այսօր Բաբկենի երկու դուստրերը փորձում են հաղթահարել իրենց կորուստը։ Փոքրիկ Լիլիթն անընդհատ ասում է, որ հայրը վերադառնալու է, հաճախ նրան ընդհատում է մեծ քույրը՝ «Պապան երբեք էլ չի վերադառնա»։
Իրենց բնակարանում այժմ Բաբկենի դիմանկարներն ամենուր են՝ Լիլիթն է նկարում. «Բաբկենը Լիլիթին ամեն տեղ տանում էր։ Առանց նրա գրեթե ոչ մի տեղ չէր գնում, իր բոլոր ընկերները ճանաչում էին աղջկան»։
Արմինեի հետ փոքրիկ աղջիկն ավելի հաճախ է խոսում, իսկ Վերան փակվել է իր մեջ ու գրեթե չի խոսում հորից. «Վերջերս Լիլիթն եկավ ու ինձ ասաց, մամ, երանի քեզ, որ պապա ունես ու ողջ է։ Ես չգիտեի՝ ինչ ասել նրան։ Ասացի, որ Բաբկենն աստղ է դարձել ու մեզ հետևում է», հիշում է նա։
Ամուսնու զոհվելուց հետո Արմինեն միայն մեկ մտավախություն ունի։ Հաճախ է մտածում, արդյոք միայնակ կկարողանա դստրերին հասցնել իրենց նպատակներին ու երջանիկ տեսնել։
Շուշանիկ Փափազյան

Արմինե Դանիելյանը՝ ամուսնու դիմանկարը ձեռքին
Շուշանիկ Փափազյան
Լուսանկարների և տեսանյութի հեղինակ Նարե Առուշանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: