Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը (նախագահող` Սևակ Համբարձումյան) որոշման կայացումը հետաձգել է 10 օրով:
«Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,-ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է նրանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: