Անուշ Հայրապետյանը ծնվել է Հադրութի շրջանի Պետրոսաշեն գյուղում։ 90-ականներին ստիված է եղել լքել գյուղը, որովհետև թշնամին այն կրակի է մատնել։ Ընտանիքի հետ տեղափոխվել է նույն շրջանի Խծաբերդ գյուղ։ Դպրոցական տարիներից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ ուսումը շարունակելու։
«Ստեփանակերտում գեղեցիկ ընտանիք կազմեցի, որի մասին միշտ երազել եմ»,-Forrights.am-ի հետ զրույցում անկեղծանում է Անուշը։
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը խաղաղ բնակիչների վրա, սակայն, ընդհատեց արցախցիների երջանկությունը՝ այդ թվում, Անուշինը։
«Դժոխային իրավիճակ էր սեպտեմբերի 19-ին Արցախում։ Ես մանկապարտեղում էի աշխատում։ Պատերազմը, որ սկսվեց երեխաների քնի ժամն էր, մի կերպ նկուղ իջացրեցինք։ Չէի պատկերացնի, որ ռուս խաղաղապահներն այնտեղ պատերազմ կլինի, մեզ ասում էին՝ այստեղ են, պատերազմ չի լինի։ Երկնքից կարկուտ էր թափվում, Շուշիից հարվածում էին Ստեփանակերտի վրա, ես չէի կարողանում երեխաներիս հետ կապ հաստատել, կապ չկար։ Սարսափելի բաներ էի լսում, որ արկը ընկավ «կալցևոյի» վրա (նկատի ունի Ստեփանակերտի հայտնի օղակը), երեխա մահացավ՝ սիրտը կանգնելու պատճառով»,-ադրբեջանցիների կատարած անմարդկային գործողությունները հիշում է Անուշը՝ չիմանալով, թե ինչ է տեսնելու, երբ հասնի իր տան մոտ։
«Հենց հասա «Ղ-Տելոկոմի» մոտ արկ ընկավ մեր տանից մի քիչ ներքև, ոնց որ երկրաշարժ լիներ, մութ էր, նայեցի երկինք, այնպես էին ռմբոկոծում, որ փայլում էր։ Մտա նկուղ և սկսեցի հեռախոսի լույսով երեխաներիս ման գալ։ Ահավոր իրավիճակ էր․ մեկը լսում էր, որ դիրքերում իր երեխան է զոհվել, մյուսը դպրոցի նկուղում երեխաներին է փնտրում, չի գտնում։ Երեխաներն էին լացում, գիտեին, թե իրենց ծնողներին չեն գտնելու։ Ամբողջ գիշեր Ստեփանակերտը դղրդում էր»։
Այս մաբողջ ընթացքում Անուշը տեղեկություն չի ունեցել իր ամուսնուց, նա ոստիկանությունում է ծառայել։ «Լսեցի ցավոտ զինադադարի մասին։ Մի կողմից մտածում էի, որ զոհ չի լինի, մյուս կողմից էլ հայրենիք եմ կորցնում։ Ամուսինս ամսի 24-ին նոր տուն եկավ։ Մարդիկ արդեն խուճապի էին մատնվել, գնում էին ռուսների մոտ, հետո հետ էին գալիս, ես չգիտեի, թե ինչ պետք է անեմ։ Ամուսինս եկավ, ասաց, որ մենք մի քիչ ուշ դուրս կգանք Արցախից։ Ոստիկանները պետք է մնային ու հերթապահեին»,-ասում է Անուշը և հիշում, որ այդ օրերին տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմը ծառայության մեջ գտնվողներին ու նրանց ընտանիքներին թույլ չեն տալու հեռանալ Արցախից։
«Բոլորը սկսեցին այրել բանակի, ոստիկանության հագուստները։ Ես էլ գնացի, 20 տարվա ինչ ուներ՝ այրեցի։ Հենց եկավ, որ իր զինվորական հագուստը հագնի, տեսավ՝ չկա, ջղայնացավ։ Գնաց նոր հագուստ ստացավ, պատրաստեցի, գնաց աշխատանքի։ Այդ օրը արդեն ամիս 25-ին էր, զանգահարեց ինձ, ասաց պատրաստվի, վերցրու ինչ ունես, տանից իջեցնելու եմ, հետո էլ չես կարողանալու տուն գալ։ Թշնամին արդեն հասել էր Արմենավան թաղամաս»։
Մի քանի ժամ անց Ստեփանակերտում տարածվում է բենզինի պահեստի պայթյունի մասին տեղեկությունը։ «Ամուսնուս եղբոր կինը զանգեց, ասաց, որ իր ամուսնուն բերել են հիվանդանոց, երեխաներիս հետ գնացի։ Ընթացքում զանգահարեցի ամուսնուս, ասացի՝ հիվանդանոց ենք գնում, եղբորդ մոտ, արի, ասաց՝ կգամ։ Հեռախոսազանգին ամուսինս չէր պատասխանել, այլ իր ծառայակից ընկերների մեկը, ձայնը լավ չէր լսվում, ես չէի հասկացել, որ ինքը չի։ Ընկերն էլ չասեց, որ Էրիկը ևս հրդեհից վիրավորվել է, հիվանդանոցում է․․․»։
Մինչ Անուշը հիվանդանոցում փնտրում էր ամուսնու եղբորը՝ այրված մարդկանց մեջ, չիմանալով, որ ամուսինը՝ Էրիկը, ևս տուժածներից է, պարբերաբար զանգահարում էր նրան։ «Երբ իմացա ամուսինս վերակենդանացման բաժանմանունքում է, մի կերպ բարձրացա մոտը։ Այդքան ցավի մեջ ասաց՝ ինչու եք եկել, ամեն ինչ լավ կլինի, տուն գնա։ Նրան պետք է տեղափոխեին Հայաստան, բայց չէր ստացվում, ամսի 28-ին նոր հաջողվեց»,-Անուշն ասած, որ ամուսինը գնացել էր բենզինի պահեստի տարածք քրոջ որդուն փնտրելու համար։
Անուշը ամուսնուն շտապօգնության մեքենայով Հայաստան ճանապարհելուց հետո ինքը ևս երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ «Մի քայլ գնում էի, հետ էի գալիս, մտածում էի՝ ոնց իմ տունը թողնեմ։ Ճանապարհին ահավոր վիճակ էր, մեր առջևում գտնվող մեքենաներից մեկն էր այրվում։ Երկու մեքենա այրվում էր, մտածում էի հաջորդը մեր մեքենան է։ Ճանապարհի մեկ այլ հատվածում մեքենայի մեջ մարդ էր մահացել։ Հասանք Հակարիի կամուրջ, մեր մեքենան ստուգելուց երեխաներիս իջացրեցին, ես շատ վախեցա, 15 րոպե ստուգում էին, դա ինձ համար 15 տարի տևեց։ Մտածում էի ամուսնուս ասելու բան կունենամ, որ երեխաներիս փրկեցի»։
Անուշը հասնելով Երևան գնացել է Էրեբունի հիվանդանոց։ «Նա արդեն կոմայի մեջ էր, գիշերը հասա հվանդանոց, թույլ չտվեցին, գիշերը նստեցի աստիճաններին, աղոթում էի, որ ամուսինս փրկվի։ Լույսը բացվեց, շատ խնդրեցի, բժիշկը թողեց մտնեմ։ Նա կոմայի մեջ էր, բայց ես այդ լռությամբ գիտեի, թե ինքն ինչ է ուզում ինձ ասել։ Մոտից դուրս եկա, կյանքը վերջացավ ամուսնուս»։
Անուշն այս փորձությունների միջով անցել է հղի կարգավիճակում։ «Խոսք տվեցի, որ իր երազած երեխան, թեկուզ իր կյանքի գնով, կծնվի։ Ես դժվար հղիություն եմ ունեցել, բլոկադա, պայթյուն, բռնի տեղահանում։ Ամուսինս չտեսավ երրորդ երեխայիս»։
Անուշը երրորդ տղային անվանել է ամուսնու անունով՝ Էրիկ։ Երեխան առողջական խնդիրներ ունի, վերականգնողական բուժում է անցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: