86-ամյա Ելենա Միքայելյանի ամուսնուն՝ 88-ամյա Արտյուշա Միքայելյանին սպանել են սեպտեմբերի 19-ին, Սզնեք գյուղից փախուստի ճանապարհին, երբ բնակիչները փորձում էին անտառներով հասնել Խաչմաչ գյուղ։ Արտյուշա Միքայելյանի դիակը Հայաստան է հասել դեպքից 10 օր անց։ Հարազատները ճանաչել են ձեռքի դաջվածքից, քանի որ մարմինը գրեթե անճանաչելի էր։
Տիկին Ելենան հիշում է, երբ պատերազմը սկսվեց՝ տանն էին բոլորով ու պատրաստվում էին ճաշել։ Տղան՝ Արարատը, Կարմիր գյուղի դիրքերում հերթապահության էր. «Թոռս՝ Արթուրը, Վերին Սզնեքի դիրքերում էր, մենք չգիտեինք ինչ անել։ Հարսս անհանգստությունից տեղը չէր գտնում։ Բակում մեքենաներ ունեինք, բայց տղամարդ չկար, որ մեզ հաներ գյուղից։ Մեր հարևանը եկավ տուն, ասաց, որ թշնամին արդեն մոտենում է՝ պետք է դուրս գանք», պատմում է նա։

Ելենայի կրտսեր որդին՝ Արարատը
Երբ Սզնեք գյուղի ուղղությամբ հրետանակոծությունը սկսվում է, Ելենան ամուսնու և հարսի՝ Անժելայի հետ դուրս է գալիս տնից՝ իր հետ չվերցնելով որևէ իր. «Հողաթափերով ու տնային հագուստով մի կերպ դուրս եկանք տնից, շարժվեցինք դեպի անտառներ՝ թաքուն հասնելու Խաչմաչ գյուղ։ Մենք չէինք ուզում լքել մեր տունը, ես անընդհատ ասում էի՝ եթե սպանելու են, թող իմ տանը սպանեն»։
Անտառում մի ձեռնափայտ գտանք, որ գոնե կարողանայինք առաջ շարժվել
Ելենան այսօր էլ հիշում է մոտավորապես 7 կմ ճանապարհը, որով ստիպված անցել է և կորցրել ամուսնուն. «Ինձ ու ամուսնուս մի զինվորական տղա էր օգնում, որ կարողանայինք քայլել։ Որոշ ժամանակ անց ամուսինս ասաց, որ ես առաջ ընկնեմ՝ ինքը կգա, պետք է 90-ամյա քրոջը օգներ, որ քայլի»։ Ելենան առանձնանում է, մի փայտի կտոր է գտնում անտառից ու առաջ գնում՝ մի կերպ հասնելով մյուս գյուղացիներին։
Երբ գրեթե հասնում են Խաչմաչ գյուղ, համագյուղացի զինվորականներից մեկը հայտնում է, որ շուտով թշնամին մտնելու է գյուղ՝ ժամանակ չկա, պետք էր արագ Ստեփանակերտ հասնել եղած մեքենաներով. «Մեքենայի ետնամասում արդեն 4 հոգի կար, առջևում էլ երկուսը։ Մի կերպ տեղավորվեցինք, հարսս էլ մեկ ոտքի վրա էր մի կերպ կանգնել։ Արդեն չէինք կարող մտնել Խաչմաչ, գնացինք Կարմիր գյուղ։ Այնտեղ ապաստարաններ կային»։
Ելենա տատը պատմում է՝ անընդհատ մտածում էր, թե ուր է ամուսինը և ի՞նչ եղավ նրանց հետ. «Ոչ մի տեղեկություն չունեինք, թե ինչ էր եղել ամուսնուս ու այդ զինվորականին, որն ուղեկցում էր նրան։ Ոչ մեկից լուր չունեինք, ոչ տղայիցս, որ թոռիցս։ Միայն Ստեփանակերտ հասնելուց հետո լսում եմ, որ թոռս մի կերպ է փրկվել գերեվարությունից, իսկ տղաս ողջ ու առողջ է, բայց ամուսնուցս տեղեկություն չկար»։

Արարատը ցույց է տալիս Սզնեք գյուղը
Սեպտեմբերի 19-ից 10 օր անց, երբ Ելենայի տղաները ու հարազատները Արտյուշայի դիակը փնտրում էին Հայաստանի հիվանդանոցներում և դիահերձարաններում, Ելենայի տղան զանգ է ստանում ու ինչ-որ մեկը ռուսերենով ասում է, որ Արտյուշայի դիակը ուղարկում են Հայաստան, իսկ զինվորական տղան գերեվարված է»։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Արտյուշա Միքայելյանը մահացու հարված է ստացել քունքի հատվածում. «Ախր ամուսինս ու՞մ էր ինչ-որ բան արել, որ անտառի մեջտեղում սպանել ու թողել էին։ Մի կերպ ենք ճանաչել մարմինը, որովհետև երկար ժամանակ մնացել էր մորգում»,- ասում է Ելենան։

Արտյուշա Միքայելյանի վերջին լուսանկարը՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին, ծննդյան օրը
Ելենայի փոքր որդին՝ Արարատն է ճանաչել հոր դիակը։ Հարցին, թե ինչպես, պատասխանում է երկար դադարով. «Հորս ճանաչել եմ տնային հագուստից։ Ուրիշները կզարմանային, անգամ հարցրել են, թե ինչպես եմ հագուստը հիշել ու ճանաչել, բայց հայրս է՝ չէի կարող շփոթել», հիշում է Արարատը։
Արտյուշա Միքայելյանից մնացած միակ հիշատակը սրտի ստենտավորման սարքն է, որը դիահերձելուց հետո հանձնել են հարազատներին։
Հարսի շորս ինքս եմ կարել. Մեր հարսանիքի օրը շատ լավ եմ հիշում
Ելենան ու Արտյուշան ամուսիններ էին 60 տարուց ավելի։ Համատեղ կյանքի ընթացքում ընտանիքում ծնվել է չորս երեխա։ Նրանց ավագ որդին՝ Գրիշան, զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ փոքր որդին՝ Արարատը, մասնակցել է բոլոր պատերազմներին, ծանր վիրավորում ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Սզնեք գյուղի մատույցներում, իսկ 2023 սեպտեմբերի 19-ին մնացել է շրջափակման մեջ, ապա ռուս խաղաղապահների օգնությամբ հասել է Ստեփանակերտ։
Ելենան կարոտում է կյանքը գյուղում, որ չնայած պատերազմներին ու կորուստներին, անցել է համերաշխ։ Պատմում է, որ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ լրացրել էր ամուսնության 60-րդ տարին. «Երեխաները անակնկալ էին արել մեզ, տարել Ստեփանակերտ ու միջոցառում էին կազմակերպել։ Հարսներս ասացին, թե եկել ենք նշելու մեր «ադամանդե հարսանիքը»։ Ո՞վ կմտածեր, որ մեկ ամիս անց պատերազմ է լինելու ու լքելու ենք մեր տները»,- ասում է Ելենան։
Ամուսնու հետ հիշողությունները ջերմ են, բայց ավելի լավ հիշում է իրենց հարսանիքի օրը, երբ ինքը 21 տարեկան էր, իսկ ամուսինը 24։ Ելենան մասնագիտությամբ դերձակուհի է ու ինքն էր ստանձնել հարսանեկան շորի ձևավորողի դերը. «Այնպիսի շոր էի կարել, որ այլ առիթների ժամանակ էլ կարողանալ հագնել»։ Ձեռքերի սահուն շարջումներով Ելենան տատը օդում ցույց է տալիս զգեստի ծալքերը, գոտին, զգեստի ծաղիկներն ու քողը։ Ամուսինը՝ Արտյուշան, երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ Կարմիր գյուղում, ապա Սզնեքում։ Ասում է, ամուսնուց մնացել են հիշողությունները, անգամ լուսանկարները թողել են տանը։ Ամուսնուց միայն մի քանի լուսանկար ունի։ Վերջին անգամ Արտյուշա պապին լուսանկարել են իր ծննդյան օրը՝ իրենց տան բակում. «Ոնց որ սիրտս մի բան զգար, բայց չէի հասկանում՝ ինչ», ասում է Ելենայի հարսը՝ Ալվարդը։

Արարատի կինը՝ Ալվարդը
Միքայելյանների ընտանիքը վերամիավորվում է Ստեփանակերտում։ Ելենան գտնում է այնտեղ ապրող աղջկան՝ Աստղիկին, իսկ որդուն ու թոռանը հանդիպում է ավելի ուշ։ Սեպտեմբերի 24-ին, Միքայելյանների ընտանիքը մեքենաներով լքում է Ստեփանակերտն ու հաստատվում Վանաձորում։ Ելենան դեռ չի հարմարվել նոր բնակարանին։ Ասում է՝ «Իմ տունը թողած, եկել եմ չորս պատերի մեջ եմ ապրում, ո՞նց հարմարվեմ»։
Շուշանիկ Փափազյան
Մանրամասները տեսանյութում
Լուսանկարների և տեսանյութի հեղինակ Նարեկ Ալեքսանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: